14/03/2025

Ստեղծել սեփական սահմանափակ աշխարհը եւ ապրել այդ «ինֆորմացիոն փուչիկի» մեջ

Եթե որեւէ մեկը կիսում է կյանքի իմ ընկալումը, ես դա ուրախությամբ արձանագրում եմ՝ հաճելի է գիտակցել, որ մենակ դու չես այդպես մտածում: Բայց եթե կա հակառակ ընկալումը՝ դա չպիտի առաջացնի իմ զայրույթն ու ցասումը:

Դրական զգացմունքներ արտահայտելը նորմալ է, բացասականի հարցում պետք չի շտապել: Ինձ դուր է գալիս Հենրիխ Մխիթարյանի դիրքորոշումը, որը չցանկացավ հանդիպել Փաշինյանի հետ: Այդ անձնավորության հետ մեկ սենյակում գտնվելը ու նույն օդը շնչելը ինձ համար էլ ծանր կլիներ: Բայց դա չի նշանակում, որ Մխիթարյանին պետք է հակադրել մեր այն հրաշալի սպորտսմեններին, որոնք հանդիպել են վարչապետի հետ:

Ինձ թվում է, սխալ է այդ մարզիկներին «ամոթանք տալը»՝ մարդկանց, որոնք մարզվում են, մեղմ ասած, ոչ իդեալական պայմաններում եւ, չնայած դրան, մեզ՝ հայերիս, հպարտության պահեր են պարգեւում: Ոչ մի իշխանություն հավերժ չէ: Ի տարբերություն դրա՝ այն հետքը, որը մարդկանց սրտերում թողնում են հակառակություններն ու պառակտումները, շատ ավելի երկարատեւ ազդեցություն է թողնում հասարակության վրա:

Ստեղծել սեփական սահմանափակ աշխարհը եւ ապրել այդ «ինֆորմացիոն փուչիկի» մեջ՝ դա այսօրվա շատ տարածված եւ շատ վտանգավոր միտումներից մեկն է: Ընդ որում այդ «փուչիկները» կարող են առաջանալ ամենատարբեր առիթներով: Բոյկոտո՞ւմ եք 150 դրամ ուղեվարձը՝ լավ եք անում, ձեր իրավունքն է:

Բայց մի՛ հարձակվեք այն մարդկանց վրա, որոնք չեն միանում բոյկոտին, մի՛ պիտակավորեք նրանց որպես «վախկոտ» կամ «վատ քաղաքացի»: Այդ «փուչիկներից» «հ/կ-ական ակտիվիզմի» հոտ է գալիս:

Այդ «ակտիվիստներից» շատերն այսօր ՔՊ-ական պատգամավորներ են, իսկ եթե նույնիսկ պատգամավոր էլ չեն, քաղաքագետ-փորձագետ-հասարակական գործչի կարգավիճակով ամեն օր տարբեր եթերներում պաշտպանում են իշխանություններին: Բայց իմ ցանկությունն այն է, որ իշխանափոխությունից հետո անհանդուրժողականության, ոհմակային մտածողության վրա հիմնված այդ տեսակի «ակտիվիզմն» ընդհանրապես վերանա, ոչ թե «ՔՊ» ցուցանակը փոխվի մեկ ուրիշի:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ; aravot.am