06/09/2026

EU – Armenia

Հայաստանը չունի պահուստային արժույթ, հսկայական ներքին շուկա

Հայաստանի միջազգային պահուստները հուլիսի վերջին հասել են շուրջ 6.2 միլիարդ դոլարի՝ տարեսկզբից աճելով մոտ 1.1 միլիարդով կամ 22 տոկոսով։

Փոքր տնտեսության համար սա պարզապես գեղեցիկ թիվ չէ։ Սա պետության ֆինանսական պաշտպանության առաջին գիծն է։ Միջազգային պահուստը այն գումարն է, որով երկիրը կարող է դիմակայել արտաքին ցնցմանը՝ սպասարկել արտաքին պարտքը, մեղմել դրամի կտրուկ տատանումները և արտակարգ պայմաններում պահպանել ներմուծումների ֆինանսավորման կարողությունը։

Որքան մեծ է բարձիկը, այնքան քիչ է հավանականությունը, որ առաջին ուժեղ հարվածը կվերածվի արժութային ճգնաժամի։ Այս իմաստով 6.2 միլիարդ դոլարը լավ նորություն է, բայց թվերը պետք է կարդալ մինչև վերջ։

ԿԲ-ն այս տարի արտարժույթի խոշոր գնորդ է եղել։ Փոխնախագահ Արմեն Նուրբեկյանի հրապարակած տվյալով՝ միայն տարվա առաջին հատվածում գնվել է շուրջ 1.1 միլիարդ դոլար։

Պատճառը հասկանալի է. արտարժույթի մեծ առաջարկը ուժեղացնում է դրամը, իսկ չափազանց ուժեղ դրամը սկսում է հարվածել արտահանողին՝ հայկական ապրանքը թանկացնելով արտաքին շուկայում։ Հետևաբար ԿԲ-ն միաժամանակ երկու խնդիր է լուծել՝ կուտակել պահուստ և թույլ չտալ դրամի չափազանց արագ ամրապնդում, սակայն այստեղ կա երկրորդ թիվ՝ մոտ 14 միլիարդ դոլարի պետական պարտքը։

Պահուստը և պետական պարտքը միմյանցից ուղղակիորեն հանելը տնտեսագիտական սխալ կլիներ։ Դրանք տարբեր հաշվեկշիռների և տարբեր նպատակների մեծություններ են։ Բայց դրանց միաժամանակյա աճը կարևոր հիշեցում է. պահուստների ավելացումը ինքնաբերաբար չի նշանակում, որ պետությունն այդքանով «հարստացել» է։

Եթե աճի մի մասը գալիս է արտաքին փոխառություններից, ավելանում են և՛ ակտիվները, և՛ ապագա պարտավորությունները։ Հետևաբար գլխավոր հարցը ոչ միայն որքան պահուստ ունենք, այլ՝ ինչից է այն գոյացել և ինչ ռիսկերի դիմաց։

Կա նաև մեկ արտասովոր բացակայություն։ Հայաստանի միջազգային պահուստներում ոսկի չկա։ Մոտ 1.4 տոննա ոսկու վերջին պաշարը վաճառվել է 2003–2004 թվականներին։ Երկու տասնամյակ անց աշխարհը բոլորովին այլ է՝ պատերազմներ, պատժամիջոցներ, արժույթների և վճարային համակարգերի աշխարհաքաղաքականացում։

Կենտրոնական բանկերը վերջին տարիներին մեծ ծավալներով ոսկի են կուտակում հենց որպես դիվերսիֆիկացման և ծայրահեղ ռիսկերի ապահովագրություն։

Սա չի նշանակում, որ Հայաստանը վաղը պետք է միլիարդներ տեղափոխի ոսկու մեջ։ Բայց զրոյական ոսկու պաշարը առնվազն արժանի է ռազմավարական վերանայման։ Փոքր պետության պահուստային քաղաքականությունը պարզապես ֆինանսական կառավարում չէ։ Այն ինքնիշխանության ենթակառուցվածք է։

Հայաստանը չունի պահուստային արժույթ, հսկայական ներքին շուկա կամ աշխարհաքաղաքական այնպիսի կշիռ, որը ճգնաժամի պահին իրեն ժամանակ կգնի։ Նրա առավելությունը պետք է լինի հակառակը՝ պահպանողական հաշվեկշիռ, բարձր իրացվելիություն և հնարավորինս դիվերսիֆիկացված ռիսկեր։

6.2 միլիարդ դոլարը, հետևաբար, լավ նորություն է։ Բայց այն պետք է դիտարկել ոչ թե որպես հաղթանակի ցուցանակ, այլ որպես ամրոցի պատ։ Իսկ ամրոցի պատի արժեքը որոշվում է ոչ միայն նրա բարձրությամբ․ որոշվում է նաև նրանով, թե ինչից է այն կառուցված և որքան պարտք ես վերցրել այն կառուցելու համար։