12/03/2025

Գյումրու հակառակ կողմը, ՔՊ-ում ջղաձգումներ են

Իշխանական քարոզչամեքենան եւ ՔՊ-ականները թեպետ Նիկոլ Փաշինյանի՝ Գյումրի այցից հետո լծվել են համոզելու, որ ժողվարչապետը վայելում է գյումրեցիերի սերն ու վստահությունը եւ ջերմ ու գրկաբաց ընդունելության է արժանացել կիրակնօրյա այցի ժամանակ, սակայն երեկ ամեն ինչ իրականում հակառակի մասին էր վկայում` ոչ միայն Գյումրուց ստացված տեղեկատվությունը, այլեւ իր ֆեյսբուքյան էջում նախկինների, թալանը ետ բերելու, ընտրակեղծարար-ուզուրպատորներին պատժելու մասին արված գրառումները, որոնց իմաստը 7 տարվա հնամաշ երգով նորից մարդկանց մանիպուլացնելն ու քվե կորզելն է առաջիկա ՏԻՄ ընտրություններում։

Հրապարակ թերթը գրել է․ Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը որոշել է անձամբ իր մասնակցությամբ փրկել Գյումրու ընտրությունները եւ քարոզարշավը վերցնել իր ուսերին՝ նախկինների ու ներկաների դեմ զազրախոսությամբ, քանի որ հասկանում է` վարչական ռեսուրսը, ֆինանսական միջոցներն ու կրիմինալը, անգամ քրեական հետապնդումներն այլեւս ցանկալի արդյունք չեն տալու:

Ինքը դեռ հին հիշողությամբ կարծում է, որ իր վարկանիշով կարող է ՔՊ-ի ու Սարիկ Մինասյանի հաղթանակն ապահովել: Սակայն Գյումրի այցի ընթացքում բախվել է դառն իրականությանը` վարչական լծակների գործադրմամբ ապահովված «մասսովկայով» հայրաքաղաքում զբոսանքի դուրս գալու առաջին պահից գյումրեցիներն ավտոմեքենաներով ազդանշաններ են տվել՝ ի նշան բողոքի: Իսկ ոստիկանությունն ու տարբեր ուժայիններն ուղղակի մեկուսացրել են ողջ հրապարակը, թույլ չեն տվել, որ հավքն իր թեւով մոտենա Փաշինյանին:

Նախապես մի քանի ջերմ ողջագուրման տեսարաններ են բեմականացրել, եւ վերջ: Իշխանության հույսը, պարզվում է, մի քանի տասնյակ ֆանատների եւ մտավոր խնդիրներով մարդկանց վրա է: Մեզ ասացին, որ համացանցում երկու օր է հիթ դարձած գյումրեցի տղամարդը, որ պաչ-պռոշտի էր ունեցել Փաշինյանի հետ, ապա հայտարարել, որ ընտրելու է Վարդան Ղուկասյանին, եկեղեցում է աշխատում, մտավոր խնդիրներ ունի։

Գյումրի այցին ընդառաջ, առավոտ կանուխ քաղաքը ոստիկանապատել էին, ամեն մետրի վրա մի ոստիկան էին կանգնեցրել, համայնքապետարանի ենթակայության ներքո գործող հիմնարկների աշխատակիցներին նախապես հորդորել էին, որ գալա-դրամահավաքին իրենց մասնակցությունը պարտադիր է։ Երեւանից էլ մի քանի ավտոբուս ՔՊ-ականներ էին տարել։ Այս ամենով հանդերձ, փակ հանդիպումը բավականին սակավամարդ է եղել, դրամահավաքի արդյունքում էլ քիչ գումար է հավաքվել, որը նյարդայնացրել է Փաշինյանին:

Գյումրվա զբոսանքի կարճ տեսանյութերից էլ երեւում է, որ բացի մեկ-երկու բեմականացված ձեռքսեղմումներից ու մեծ թիկնազորի ուղեկցությամբ զբոսանքից, Փաշինյանի շփումը գյումրեցիների հետ չստացվեց: Թերեւս սա էր պատճառը, որ արդեն դահլիճային հանդիպմանը Փաշինյանը միացրեց հեղափոխական պլաստինկան ու ջղաձգված սկսեց խոսել թալանածը հետ բերելու մասին, փորձելով «Ռենջ ռովերի» խայտառակ պատմությունը շուռ տալ իր օգտին՝ «ռենջռովեր առ ռենջռովեր» հետ եմ բերելու: Գյումրիում ստեղծված քաղաքական ճգնաժամը Փաշինյանը կապեց սեփականաշնորհված Սեւ բերդի վերադարձի հետ եւ իր հայտարարություններով մատնեց, որ իրենց թիվ մեկ մրցակիցը նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն է։

«Նրանք, ովքեր արդեն «ինքնահայտարարագրվել» են՝ Գյումրիի ընտրություններին մասնակցելու, նրանց մասնակցությունն ունի մի համատեքստ` նրանք դուրս են եկել իրենց գողացված գույքերը պաշտպանելու վերջին կռվին եւ ճակատամարտին»,- հայտարարեց նա: Եվ նորամուծությունը` Գյումրու ընտրություններին մասնակցում է 300-350 միլիոն դոլարի ապօրինի ձեռք բերված գույք, որը սպասում է իր վերադարձին, եւ դրանք նախկին դեսպան Միքայել Մինասյանին, Վարդան Ղուկասյանին, ՀՀ 2-րդ եւ 3-րդ նախագահներին են պատկանում։

2018 թվականի իշխանափոխությունից հետո Փաշինյանը մշտապես խոսել է ապօրինի ձեռք բերված գույքերը հետ վերադարձնելու մասին։ Մինչ օրս աննշան գույք է վերադարձվել․ մի մասը մարդիկ կամովին են տվել՝ քաշքշուկից ազատվելու համար, մյուսն էլ 10 տարվա վաղեմության հնամաշ «Ռենջ ռովեր» է կամ 8 միլիոն դրամ գնահատված ինչ-որ հողակտոր: Դա էլ՝ բացառապես քարոզչական նպատակներով, որպեսզի տպավորություն ստեղծվի, թե նախկինները «հանցագործ եւ թալանչի» են։

Ակնհայտ է, որ Գյումրու ընտրությունները եւս Փաշինյանը փորձում է տանել «նախկիններ-ներկաներ» դիսկուրսի ուղղությամբ` հույս փայփայելով, որ դա կօգնի՝ կրկին դիվիդենտներ հավաքել: Մինչդեռ գյումրեցիները վստահեցնում են, որ այլեւս չեն «ուտելու այդ կուտը», քանի որ նախկինների թալանի մասին խոսում են մարդիկ, որոնց թալանն արդեն գերազանցել է բոլոր նախկին իշխանությունների արածին։ Ի դեպ, Սարիկ Մինասյանի նախընտրական շտաբը կղեկավարի մարզպետ Դավիթ Առուշանյանը, որը երեկ հայտարարեց արձակուրդ գնալու մասին։