28/10/2025

Ո՞վ է հայ – ադրբեջանական լարվածություն սադրում և ինչպես

Նիկոլ Փաշինյանը Երևանյան երկխոսություն դիվանագիտական ֆորումի երկրորդ համաժողովի մեկնարկին հայտարարել է, որ ի հեճուկս «բոլոր սադրանքների», չի լինելու հայ-ադրբեջանական պատերազմ, լինելու է խաղաղություն: Փաշինյանը հայտարարել է, որ նա կանի դրա համար իր կողմից անհրաժեշտը:

Միանգամից առաջանում է հարց՝ իսկ միայն Փաշինյանի կողմից անհրաժեշտը բավարա՞ր է, որ չլինի պատերազմ և լինի խաղաղություն: Եթե ոչ, ապա արդյո՞ք Փաշինյանի այդօրինակ հայտարարություններն ու շեշտադրումները տողատակում ամբողջապես հակառակի մասին չեն՝ էսկալացիայի ռիսկի, որից նա պարզապես ապահովագրվում է «խաղաղության համար իր կողմից հնարավոր ամեն ինչ անելու մասին» բարձրաձայն հայտարարություններով:

Այդ համատեքստում շատ կարևոր է դառնում հարցը, թե Փաշինյանն ու՞մ է մեղադրում սադրանքի համար: Նա նշում է, որ «ի հեճուկս բոլոր սադրանքների» չի լինելու պատերազմ: Իսկ ովքե՞ր են սադրողները, որո՞նք են սադրանքները:

Որպեսզի Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները լինեն հանրայնորեն չափելի, կարևոր է հասկանալ այդ հարցի պատասխանը: Օրինակ, սադրողը Ադրբեջա՞նն է: Եթե այո, ապա ի՞նչ տեսք ունեն սադրանքները: Սահմանային կրակոցների՞, թե՞ այլ տեսք: Եթե սադրողն Ադրբեջանը չէ, ապա ո՞ր սուբյեկտն է:

Ըստ էության հենց այդ հարցում գնահատականների որոշակիությունն ու հասցեականությունն է, որ հասկանալի կդարձնի, թե ինչո՞վ է զբաղված Նիկոլ Փաշինյանը՝ պարզապես ինքնապահովագրությա՞մբ, թե՞ իսկապես գոյություն ունեցող էսկալացիայի վտանգը չեզոքացնելով:

Իսկ վտանգի մասին խոսել է ոչ այլ ոք, քան ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոն, օրերս պատասխանելով կոնգրեսականների հարցերին և ներկայացնելով արտաքին միջավայրում իրավիճակի գնահատականը:

Նա անդրադառնալով հայ-ադրբեջանական հակամարտությանը նշել է, որ կա դրա բռնկման բարձր ռիսկ և ԱՄՆ ջանքեր է գործադրում բռնկում թույլ չտալու համար: Իհարկե, որոշակիացման կարիք ունի նաև ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությունը, մասնավորապես հասկանալու համար, թե հատկապես ի՞նչն է նա համարում հայ-ադրբեջանական էսկալացիայի բռնկման բարձր ռիսկի աղբյուր կամ հնարավոր պատճառ, որոնք են ջանքերը, եթե առնվազն հայ-ադրբեջանական գործընթացի առնչությամբ ուղիղ դիվանագիտական ներգրավում ԱՄՆ նոր վարչակազմը, կարծես թե, չունի:

Անկասկած է, որ պետքարտուղար Ռուբիոյի մատնանշած ջանքը ավելի լայն համատեքստով կատարվող աշխատանքն է, թե Ռուսաստանի հետ, թե Իրանի ուղղությամբ, թե Անկարայի հետ երկխոսությամբ:

Բայց, այդուհանդերձ, որոնք են իրական ռիսկի աղբյուրները: Հայաստանի հանրությունն, անշուշտ, չունի պետքարտուղար Ռուբիոյից պարզաբանումներ ակնկալելու, հայցելու հնարավորություն, որովհետեւ Ռուբիոն հաշվետու է ամերիկյան հարկատուներին: Հայաստանի հանրությանը հաշվետու է Հայաստանի վարչապետը և, ըստ այդմ, կարիք, թերևս, որոշակիացնելու, թե ո՞վ է հայ-ադրբեջանական լարվածություն սադրում և ինչպես: