06/06/2025

Ինչքան կարելի է մարդկանց հավաքել ու խոսել նույն բանի մասին

«Հայաստանի տեսլականը պարզ է՝ կարգավորել հարաբերությունները երկու հարեւանների հետ՝ միմյանց ինքնիշխանության, տարածքային ամբողջականության լիակատար հարգմամբ եւ փոխադարձ տարածքային պահանջների բացառմամբ, եւ խորացնել ավանդաբար բարեկամական հարաբերությունները մյուսների հետ»,- Երեւանում ընթացող «Երեւանյան երկխոսություն» երկրորդ միջազգային ֆորումին ասել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Մինչ մենք շարժվում ենք աշխարհաքաղաքական փոփոխվող միջավայրում, Հայաստանը շարունակում է հաստատակամ մնալ իր գործընկերություններն ամրապնդելու գործում նաեւ տարածաշրջանից անդին։ Մենք հաստատել ենք ամուր եւ ռազմավարական գործընկերություններ՝ Միացյալ Նահանգներից մինչեւ Եվրոպա եւ Ասիա»,- ասել է նա: Իսկ վարչապետ Փաշինյանի կարծիքով` Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկարաժամկետ խաղաղության հաստատումը ոչ միայն հնարավոր է, այլեւ՝ իրատեսական եւ հասանելի։ Նա ընդգծել է, որ նույնիսկ «հնարավոր սադրանքների պայմաններում երկու երկրների միջեւ նոր պատերազմ չի լինելու»։ «Հրապարակը» զրուցել է քաղաքագետ Հակոբ Բադալյանի հետ:

– Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ խաղաղություն մուրալու ճիգեր է գործադրում, սակայն Ադրբեջանի նախագահը շարունակում է անվերջ պահանջներ ներկայացնել Հայաստանին: Որքան էլ տարօրինակ է, Հայաստանում տեղի ունեցած ֆորումի ժամանակ Հայաստանին վերաբերող հարցեր գրեթե չքննարկվեցին, օրինակ` ոչ մի խոսք չասվեց հայ ռազմագերիների մասին, չխոսվեց ՀՀ սուվերեն տարածք Ադրբեջանի ներխուժման մասին: Տպավորություն է, որ այս ֆորումը միտված էր ադրբեջանական օրակարգը սպասարկելուն:

– Առանձնացնենք 2 հանգամանք: Առաջինը ֆորումն է, մյուսը` դրա բովանդակությունը: Այս դիվանագիտական ֆորումն արդեն երկրորդ անգամ է կայանում Հայաստանում, Հայաստանում ամենամյա միջազգային ֆորումներ անցկացնելը վատ չէ, դեռ մի բան էլ ցանկալի է, եթե պետությունն ունի քաղաքական օրակարգ, փորձում է ձեւակերպել քաղաքական բովանդակություն եւ այլն: Այլ հարց է, որ միջոցառում կազմակերպելուց զատ որքանով է հաջողվում իշխանություններին այն դարձնել ներկայացուցչական, եւ, վերջապես` որքանո՞վ է այն բովանդակային: Ներկա էին Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը, Սլովակիայի վարչապետը, Հունգարիայի արտաքին գործերի նախարարը, այլք: Մի հետաքրքիր պահ եւս նկատելի էր: Եվրոպայի ներսում կա երկու առանցքային մոտեցումների դիմակայություն: Խոսքը լիբերալների մասին է, որի առաջնորդողներից է, օրինակ, Ֆրանսիայի նախագահը, ԵՄ ղեկավարությունը եւ աջ թեւը: Աջերը, որպես այդպիսին, ակտիվ են Արեւելյան Եվրոպայում, օրինակ` Հունգարիայում, Սլովակիայում: Փաստացի այդ երկու թեւերն էլ մասնակցություն ունեցան այդ ֆորումին, ինչը եւս լավ է: Ինչ վերաբերում է բովանդակային մասին, այսինքն` Նիկոլ Փաշինյանի ելույթներին, ապա այստեղ հերթական անգամ տեսնում ենք խաղաղության օրակարգի հետ կապված Փաշինյանի մոտեցումները: Այստեղ, իմ գնահատմամբ` որոշակի նորություն կարող է դիտվել այն, որ Փաշինյանը խոսեց սահմանադրության փոփոխության եւ խաղաղության պայմանագրի կապակցվածության մասին: Նա նշեց, որ եթե Սահմանադրական դատարանը խաղաղության պայմանագիրը համարի գործող սահմանադրությանը հակասող, ապա ինքը կիրականացնի սահմանադրական փոփոխություններ: Նիկոլ Փաշինյանն ու իրեն հարող շրջանակները պնդում էին, որ Սահմանադրության փոփոխությունը ներքին օրակարգ է եւ ոչ մի կապ չունի Ադրբեջանի հետ, սակայն եթե Փաշինյանը բաց տեքստով հայտարարում է, որ այն արվում է խաղաղության պայմանագրի համար, դա նշանակում է, որ նա արդեն բաց տեքստով խոստովանում է, որ սահմանադրության փոփոխությունը ներքին օրակարգ չէ, ճիշտ հակառակը` Բաքվի պահանջն է: Թեպետ դա բոլորի համար հասկանալի էր, սակայն Նիկոլ Փաշինյանն իր հայտարարությամբ հաստատեց: Նրա միակ նոր շեշտադրումն ինձ համար թերեւս սա էր: Մեղմ ասած՝ խնդրահարույց է, երբ Երեւանը միջազգային ֆորում է կազմակերպում եւ խոսում է բացառապես խաղաղության մասին: Ինչքա՞ն կարելի է ամեն անգամ հավաքել մարդկանց եւ խոսել նույն բանի մասին, էլ չենք խոսում այն մասին, թե այնտեղ հավաքվածներից ում ինչքանով է հետաքրքրում խաղաղություն ասվածը: Արտաքին խաղացողների համար խաղաղությունը շատ կոնկրետ նշանակություն ունի, նայած թե ում շահերը որքանով է արտահայտում: Եթե խաղաղությունը կարտահայտի կողմերի շահերը, ապա նրանք կողմ կլինեն դրան, եթե ոչ` նրանց ոչ մի խաղաղություն էլ չի հետաքրքրում: Եվրոպայի միջեւ էքզիստենցիալ տարաձայնությունները նաեւ անդրադառնում են մեզ վրա, կան տարբեր խնդիրներ: Մեծ հաշվով, այս ֆորումից հետո արձանագրվեց մի բան, Երեւանը խաղաղությունից բացի ոչ մի մեծ ասելիք չունի աշխարհին: Միայն դեկլարատիվ հայտարարություններ հնչեցին, որոնց տակ չկար որեւէ կոնկրետություն: Փաշինյանը հայտարարեց, որ, ի հեճուկս սադրանքների, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղություն է լինելու, շատ հետաքրքիր է՝ ո՞վ է այդ դեպքում սադրանք իրականացնողը: Ադրբեջանը չի՞ սադրում, ո՞վ կարող է նրա փոխարեն սադրել: Գուցե այս թեման եւս Փաշինյանը խաղարկում է նախընտրական նպատակներից ելնելով: Փաշինյանի համար շատ բարդ է լինելու հերթական անգամ ինչ-որ ձեւով ստանալ էլեկտորատի ցանկալի աջակցությունը….

– Առհասարակ, Հայաստանը չունի՞ խնդիրներ, որոնց մասին կարելի է բարձրաձայնել միջազգային գործընկերների մոտ: Փաշինյանն այնպես է խուսափում, օրինակ, ռազմագերիների հարցի մասին խոսելուց, որ արդեն այդ հարցի լուծումն իր իշխանության շրջանում անհնար է թվում:

– Այս հարցում էլ կա 2 հանգամանք: Ամեն ինչի մասին էլ կարող է խոսել Փաշինյանը, բայց հարցը հետեւյալն է, ո՞վ է լսելու իրեն: Եթե մեզ կոնկրետ աշխատանքի արդյունքն է հետաքրքրում, ապա ֆորումին հրավիրվածները պարզապես լսելու են, թողնեն գնան, եթե իրենց չի հետաքրքրում գերիների հարցը, իրենք դրանով չեն զբաղվելու: Հարցը հետեւյալն է` Հայաստանը խոսելուց բացի իր ներուժով, գործիքակազմով ի՞նչ կարող է անել, ի՞նչ հնարավորություններ ունի՝ խոսքը գործի վերածելու համար: Եթե Հայաստանը չունի ներուժ, ապա Փաշինյանի խոսքն աշխատելու է իր դեմ։ Բայց դա ամենեւին չի նշանակում, որ ես ասում եմ՝ չպետք է խոսել այդ մասին, ոչ, ուղղակի պետք է կոնկրետ քայլեր անել, մեզ պետք են արդյունքներ: Փաստն այն է, որ այս հարցը մնում է չլուծված, շարունակվում է մտացածին դատական պրոցեսը գերիների դեմ, շարունակում են Հայաստանից պահանջներ ներկայացնել, արդյունքում ոչ մի արդյունավետ աշխատանք չկա: Իմ տպավորությամբ՝ Հայաստանի համար այսօր ամենակարեւոր հարցը խաղաղության պայմանագրին է վերաբերում, այն ունի էլեկտորալ բնույթ: