Վերջերս «Աբովյան» ՔԿՀ-ից ազատ արձակված Լիլիթ Աղեկյանը նշանակվել է Գյումրու քաղաքապետի խորհրդական:
Այս մասին ասել է քաղաքապետ Վարդան Ղուկասյանը․ «Լավ եմ անում, իմ իրավունքն է՝ նշանակում եմ, հարց կա՞»:
Ղուկասյանի նախորդ պաշտոնավարումների ժամանակ Աղեկյանը եղել է քաղաքապետարանի մամուլի քարտուղարը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Աղեկյանը ձերբակալվել, այնուհետև կալանավորվել է: Ըստ ՔԿ տեղեկատվության՝ անձը խուլիգանություն, հասարակության նկատմամբ անհարգալից, իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք է ցուցաբերել, և նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում:
Քննչական կոմիտեն նաև մանրամասնել է Լիլիթ Աղեկյանի վերաբերյալ քննվող քրեական վարույթները:
Ավելի ուշ Աղեկյանն ազատ էր արձակվել:
2025 թվականի հունիսի 11-ին Լիլիթ Աղեկյանն իր փաստաբան Զարուհի Փոստանջյանի ուղեկցությամբ, ներկայացել է ՀՀ Շիրակի մարզի քննչական կոմիտեի քննչական վարչություն՝ մասնակցելու քննիչ Միքայել Ավետիսյանի նախաձեռնած ինչ-որ ապացուցողական գործողություններին։
Հիշեցնենք, որ վերը նշվածի մասին, Լիլիթ Աղեկյանի մայրիկին նախօրեին՝ հունիսի 10-ին, տեղեկացվել էր իր բնակարան եկած երեք ոստիկանների միջոցով։
Լիլիթ Աղեկյանն ու իր փաստաբանը ժամանել են քննչական վարչություն նախանշված ժամին՝ 09:30-ին։ Ընդունարանի միջոցով քննիչին տեղեկացվել է նրանց ժամանման մասին։
Սակայն քննիչը, իմանալով, որ փաստաբանը Զարուհի Փոստանջյանն է, հայտնել է, որ վերջինս պետք է սպասի, քանի որ հանրային պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչը շուտով կմիանա նրան և միայն այդ դեպքում Աղեկյանը կկարողանա մասնակցել քննիչի կողմից նախաձեռնված գործողությանը։
Հանրային պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչը տեղ է հասել ուշացումով և հայտնել, որ ինքն է իրականացնելու Լիլիթ Աղեկյանի պաշտպանությունը։ Հարցին՝ արդյո՞ք ծանոթ է գործի նյութերին, պաշտպանը պատասխանել է, որ դեռ ծանոթ չէ և պատրաստվում է այդ պահին ուսումնասիրել։ Նշենք, որ այդ պահին քննիչի նշանակած ժամանակից արդեն անցել էր առնվազն 5 րոպե։
Լիլիթ Աղեկյանը հրաժարվել է հանրային պաշտպանի պաշտպանությունից և քննիչին գրավոր դիմումով տեղեկացրել այդ մասին։ Ավելի ուշ պարզվել է, որ հանրային պաշտպանի ներգրավումը նախապես համակարգվել է հենց քննիչ Միքայել Ավետիսյանի կողմից, ով զանգահարել է նրան հունիսի 10-ին երեկոյան ժամի։
Հիշեցնենք, որ Լիլիթ Աղեկյանին նույն գործի շրջանակում քննիչի կողմից ծանուցումը ուղարկվել է ոստիկանության երեք աշխատակիցների միջոցով: Այսինքն, քննիչ Ավետիսյանն ունենալով բավարար մեկ ամիս ժամանակ կալանքի տակ գտնվող Լիլիթ Աղեկյանի հետ ոչ մի քննչական գործողություն չէր իրականացրել, մինչդեռ Լիլիթ Աղեկյանին կալանքից ազատելուց հետո աանմիջապես անցել է նրան ոչ իրավաչափ անհանգստացնելու գործին:
Հայտնում ենք, որ Լիլիթ Աղեկյանը ջանասիրաբար հավաքում և փաստաթղթավորում է իր նկատմամբ իրականացված ոտնձգությունների վերաբերյալ տվյալները՝ նախաձեռնելով դրանց հեղինակներին իրավական կարգով պատասխանատվության ենթարկելու գործընթացը։
Տեղեկացնում ենք, որ պատասխանատվության կանչելու համար Լիլիթ Աղեկյանը երեկ 10.06.2025 թվականին գործարկել է Դատարանում հայցի հարուցում ընդդեմ` Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի:
Պահանջելով Արթուր Պողոսյանի հեղինակությամբ և ստորագրությամբ փոստային առաքանու (նամակի) փոխանցման միջոցով Լիլիթ Աղեկյանին և էլեկտրոնային փոստով փոխանցելու միջոցով «Առավոտ» (հասցե` news@aravot.am), «Հրապարակ» (հասցե` info@hraparak.am), «Հայելի Ակումբ» (հասցե`hayeli.club@yahoo.com) լրատվամիջոցներին տրամադրել հայտարարության տեքստ, որը պետք է ունենա հետևյալ բովանդակությունը՝ «Ես՝ Արթուր Պողոսյանս 2025 թվականի մայիս 12-ի Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի ամբիոնից տարծել եմ հայտարարություն Լիլիթ Աղեկյանի մասին, հայտնում եմ, որ այդ հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը, ես զրպարտել եմ տիկին Լիլիթ Աղեկյանին և խախտել եմ նրա անմեղության կանխավարկածը, որի համար զղջում եմ և ներողություն խնդրում տիկին Լիլիթ Աղեկյանից»:
Լիլիթ Աղեկյանը հարուցված հայցով նաև պահաջել է Արթուր Պողոսյանից հօգուտ իրեն բռնագանձել հինգ հարյուր հազար ՀՀ դրամ՝ որպես զրպարտության համար նախատեսված փոխհատուցում և հինգ հարյուր հազար ՀՀ դրամ՝ անմեղության կանխավարկածը խախտելու համար հատուցում:
Բաց մի թողեք
Ներքին պառակտումը և հակադրությունը թուլացնում են մեր պետականությունը. ՀԱԿ
Պայթյուն գազալցակայանում․ «Mitsubishi» է պայթել Սևան-Երևան ճանապարհին, վիրավnր կա. Լուսանկար
Ինչ նիստ է եղել Տավուշում․ Մանրամասներ