11/07/2025

Ռեպրեսիաների նոր ալիք է սկսվել․ Բանտերը լցվում են հոգևորականներով ու պատգամավորներով

Ռեպրեսիաների նոր ալիք է սկսվել։ Կալանավայրերը լցվում են ընդդիմադիրներով, գործարարներով, հոգեւորականներով, ուղղակի հայրենիքը սիրող մարդկանցով։

Հրապարակ թերթը գրել է․ Վերջին մեկ շաբաթում 3 ընդդիմադիր պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելու, իսկ մեկին նաեւ կալանավորելու հարցով դատախազ Աննա Վարդապետյանը դիմեց ՔՊ-ականներին, ու նրա միջնորդությունը բավարարվեց։

Տարբեր անձանց ճակատագրերը, զարմանալի զուգադիպությամբ, որոշում են Փաշինյանի նախկին օգնականը, մերձիշխանական «Հանրապետություն» կուսակցության նախկին անդամ, դատավոր Մասիս Մելքոնյանը եւ երիտասարդ դատավոր Արտակ Կարապետյանը, որոնք ծառայում են իշխանություններին։ Կեղծ քրեական գործեր, անհիմն կալանքներ, առանց դատարանի որոշման պատիժներ` ահա Հայաստանի առօրյան:

Պատգամավոր Արթուր Սարգսյանի գործն էլ մակագրվեց Սամվել Կարապետյանին կալանք տված դատավոր Արտակ Մանուկյանին, որն առանց աչքը թարթելու` 2 ամսվա կալանք սահմանեց։

Ամեն ինչ Փաշինյանի սրտով, ինչպես ասում  են՝ գծածով գնում է։ Ստատուսը գրում է, հրահանգը՝ իջեցնում, ընդդիմադիրներին կալանավորում են։ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գործով այժմ կալանավորված 16 անձ կա եւ մեկ պատգամավոր` Արթուր Սարգսյանը, որին մեղադրանք է առաջադրվել ահաբեկչություն նախապատրաստելու, իշխանությունը զավթելու հոդվածներով:

Ըստ գլխավոր դատախազի՝ պատգամավորը մեղադրվում է հարվածային խմբերում ցուցարարներ հավաքագրելու մեջ: Ազատությունից զրկելու պատճառաբանություններից մեկն էլ, ըստ Վարդապետյանի, այն է, որ Սարգսյանը կարող է փախուստի դիմել։

Պատգամավորը ծիծաղելի է համարում դատախազի այդ մտավախությունը, թե կարող է փախուստի դիմել, եւ շեշտում է՝ դեռ մեկ շաբաթ առաջ են իրավապահներն իր տունը խուզարկել, ինչից շարունակությունն արդեն ակնհայտ էր։ «Եթե փախնող լինեի, արդեն Հայաստանում չէի լինի»,- երեկ ՔԿ-ի դիմաց ասաց պատգամավորը։ Արթուր Սարգսյանի պաշտպան Արամ Վարդեւանյանը մեղադրանքն անհիմն է որակում, շեշտում է՝ գործում առկա ձայնագրությունները քննիչները հրաժարվում են ներկայացնել իրենց։

«Արդյոք դուք պատկերացնո՞ւմ եք ահաբեկչության նախապատ­րաս­տությունը նման մակարդակի, նման ձեւի։ ՊՊԾ գնդի դեպքն իրավական առումով ահաբեկչություն չի որակվել, մինչդեռ նախապես մշակված ծրագիր էր, կոնկրետ ընտրվել էր ոստիկանության գունդը, որտեղ ամենից շատ զենք եւ զինամթերք են եղել, անձինք են զոհվել, դրան էլ հաջորդել են պահանջներ։ Դա չի որակվել ահաբեկչություն»,- ասաց նա։ Հիշեցնենք, որ «Սասնա ծռերին» մեղադրանք էր առաջադրվել շենք-շինություններ զավթելու հոդվածով:

Անդրադառնալով ձայ­նագրու­թյուններին՝ Վարդեւանյանն ասաց, որ դրանք չեն կարող վստահելի լինել։ «Դատական նիստին հարց եմ բարձրացրել՝ ինչո՞ւ բոլոր ձայնագրությունները չեն հրապարակվում, ո՞րն է դժվարությունը, ինչո՞ւ այդ ձայնագրությունները չեն ներկայացվում միջնորդության շրջանակներում: Հնարավոր է դրանք հրապարակել Յութուբում, բայց ամբողջը չե՞ն կարող տրամադրել պաշտպաններին։ Այդ ձայնագրությունների սղագրություններում հատվածներ կան առանձնացված՝ հետեւյալ կերպ․ «Ձայնը լսելի չէ, ընկալելի չէ, հայտնի չէ»։ Իսկ կարող է` ես դա լսում եմ, եւ ինձ համար դա լսելի է, սակայն մեզ այդ ձայնագրությունները չեն տրամադրում»,- նշեց Վարդեւանյանը։

«Ըստ էության, գլխավոր դատախազի միջնորդությունը, ինչը ներկայացվել է Ազգային ժողովում, գրեթե նույն կոնտեքստում են քննարկումները եղել, մի փոքր տարբերություններ կային, որոնք, իմ պատկերացմամբ, նաեւ դատարանի առջեւ եմ բարձրացրել այն հարցը, թե արդյոք սա համարվո՞ւմ է իրավաչափ, եթե քննիչն ԱԺ ներկայացրած միջնորդագրի տեքստից դուրս միջնորդություն է ներկայացնում»,- ասաց փաստաբան Սմբատ Մինասյանը՝ հավելելով, որ այդ մասով պատգամավորի՝ անձեռնմխելիությունից զրկվելն արդարացված չէ: Ըստ Մինասյանի՝ նաեւ արդարացված չէ հիմնավոր կասկածի շեմը. «Ինչի մեջ մեղադրվում են, ես գտնում եմ, որ չկա հիմնավոր կասկած»:

Այսպես կոչված, հեղաշրջման պլանի ու ահաբեկչություն նախապատրաստելու վերաբերյալ քրեական գործը, որի շրջանակում 16 անձ կա կալանավորված, մեղադրյալների պաշտպանները, ընդդիմադիրները որակում են անհիմն եւ շինծու: Քրգործին առնչվող հրապարակված նյութերը կոնտեքստից կտրված են, մոնտաժված, զրույցները՝ աղավաղված, սղագրություններն ամբողջական չեն, ու զրույցները հաճախ ընդհատվում են, ինչպես Վարդեւանյանը նշեց՝ փաստաթղթում էլ նշվում է, որ զրույցի մի մասը լսելի չէ: Ինչո՞ւ են քննիչները հրաժարվում ամբողջական ձայնագրությունները տրամադրել մեղադրյալների պաշտպաններին, թերեւս, պատճառն ակնհայտ է։