Երեկ փաստաբան Հովհաննես Խուդոյանը հայտարարեց, որ «Սրբազան պայքար» շարժման գործով կալանավորվածների դեմ զրպարտության եւ վիրավորանքի փաստերով քաղաքացիական դատարան կներկայացվի 150 դատական հայց։
«Բոլոր նրանք, ովքեր ակտիվորեն տարածում են զրպարտություն եւ վիրավորանքներ, խախտում են կալանավորվածների անմեղության կանխավարկածը։ Այս պահին խոսքը մոտ 150 մարդու մասին է»,- ասել է նա՝ հույս հայտնելով, որ նյութական վնասը կարող է դառնալ զսպող գործոն նրանց համար, «ովքեր զուրկ են բարոյականությունից»։
Այս օրերին դատական հայցեր է ներկայացնում նաեւ գործարար Սամվել Կարապետյանը: Նա հայց է ներկայացրել ընդդեմ իշխանական քարոզիչ Հարություն Մկրտչյանի, պահանջում է հերքել տարբեր լրատվամիջոցներին տված հարցազրույցներում եւ ֆեյսբուքյան գրառմամբ տարածված տեղեկությունները, մասնավորապես այն արտահայտությունը, որ Կարապետյանը «ՀՀ-ում զբաղվել է քաղաքականությամբ՝ այլ ուժերի կառավարմամբ եւ գործակալական նպատակով՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության»։ Կարապետյանն արված զրպարտչական արտահայտությունների համար, օրինակ՝ այն, որ Կարապետյանն ուղարկվել է «ՖՍԲ-ի կողմից՝ նպատակ հետապնդելով ՀՀ օրինական իշխանության դեմ բռնություն գործադրելու, ՀՀ ղեկավարությանը վնասելու (թույնելու) համար», դատի է տվել վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանին, որն ասել է, թե գործարարը «հանդիսանում է գործակալ», Հայաստան է այցելել «գործուղմամբ», եւ որ նրա գործունեության հետեւանքով ՀՀ-ում «էներգետիկ ճգնաժամ է»։ Մյուս պատասխանողը վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն է, որը գործարարին անվանել է «Հայաստանի պետականության դեմ մարտնչող տաշիրիսամոներ» եւ «ինքնակոչ սրբադասված», որն «այլ երկրից ստացված հրահանգով խառնվում է Հայաստանի ներքին քաղաքական կյանքին՝ ՀՀ-ն ծայրագավառ դարձնելու եւ ՀՀ-ի պետականության դեմ մարտնչելու նպատակով»։ Դատի է տվել նաեւ ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին` «Դուք ընդամենը որոշ բարձրաստիճան կղերականների եւ օլիգարխիայի սրբապիղծ ամուսնության էն մյուս կողմն եք, օլիգարխիական թեւն եք», «ծառայամիտ հացկատակ պնակալեզներ եք դուք» արտահայտությունների համար։ Հայցում նշվում է, որ Կոնջորյանը պետք է հերքի նաեւ այն պնդումը, թե իբր ինքը «տասնամյակներով օգտագործել ու թալանել է հայ ժողովրդին», էժան գներով ստացել է պետական գույք եւ դրա դիմաց չնչին բան է սարքել ու ներկայացրել որպես բարերարություն։ Կարապետյանը նաեւ դատի է տվել իշխանական բլոգեր Ռոման Բաղդասարյանին, որը հունիսի 18-ին ֆեյսբուքյան իր երկու էջում զրպարտություն համարվող տվյալներ է տարածել` Սամվել Կարապետյանին մեղադրելով զազրելի մեղքերի մեջ, ընդհուպ մինչեւ «դպրոցների եւ այլ շինությունների շինարարության ժամանակ զանգվածային յուրացումներ», «անվերջ վերանորոգումների անվան տակ փողերի լվացում», «2 հազար վարձկան հայերի հավաքագրում եւ ռազմաճակատ ուղարկել» եւ անգամ՝ սպանության կազմակերպելու մեղադրանք, որ «Էջմիածնից մահապարտ է ուղարկել Մոսկվա, որը պայթեցրել է Արբատի գումարտակի հրամանատարին»։ Իբրեւ թե մահապարտն ուներ քաղցկեղ եւ համաձայնել է պայթեցնել իրեն՝ խաղամոլ որդու պարտքերը մարելու դիմաց։ «Վճարել է 30 մլն դոլար Գարեգինին, որպեսզի Քրիստոսի սրբապատկերի կողքին կախեն իր եւ կնոջ պատկերը» եւ նման այլ անհեթեթություններ, որոնք տպավորություն են թողնում մարդկանց վրա, բայց որեւէ ձեւով փաստարկված չեն:
Սամվել Կարապետյանը հայցի մեջ շեշտել է՝ Facebook սոցիալական կայքում հերքման տեքստը տեղադրելու անհնարինության դեպքում պարտավորեցնել Ռոման Բաղդասարյանին՝ վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում հանդես գալ հերքմամբ առնվազն 5 հազար տպաքանակ եւ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում սպառում ունեցող որեւէ տպագիր թերթի միջոցով հրապարակելով հերքման նույն տեքստը, որը պահանջվում է տեղադրել սոցկայքի՝ Բաղդասարյանին պատկանող էջերում» եւ վճարել 6 միլիոն դրամ փոխհատուցում։
Փաստաբան Հովհաննես Խուդոյանից «Հրապարակը» հետաքրքրվեց` ո՞ւմ դեմ են պատրաստվում 150 դատական հայց ներկայացնել, եւ, վերջապես՝ ի՞նչ արդյունք կտան այդ դատավարությունները՝ զրպարտիչների իշխանության դեմ պայքարում: Փաստաբանը նկատեց. «Իմ միտքը փոքր-ինչ երեկ սխալ էին ընկալել: Ունենք ֆիքսած 150 անձի անուն, թե քանիսին կհասցնենք դատի տալ, դեռեւս պարզ չէ, գուցե` 50, գուցե` 100: Անուններ այժմ չեմ տա, սակայն կասեմ, որ նրանց շարքերում են իշխանական գրեթե բոլոր պատգամավորները, նախարարները, փոխնախարարները, նրանց «փորձագիտական» շրջանակները, արբանյակները եւ այլն: Նման հայցերը սովորաբար դանդաղ են առաջ գնում, գուցե 1 տարի եւ ավելի տեւի դրանց քննությունը, սակայն մարդիկ թող պատկերացնեն, որ իրենց հայտարարությունների համար կարող են նաեւ փողեր ծախսել: Ինչ վերաբերում է նպատակին, ապա այս սարսափելի քարոզչությունը կարող է որոշ չափով զսպվել»:
Բաց մի թողեք
9 ամսեկան երեխայի հետ մայրը գնալու է բանտ, ինչ է կատարվել դատարանում
ՀՀ քաղաքացիները՝ խնդիրների առաջ, մերժումը մերժման հետևից են ստանում
11 ամիս. Ադրբեջանն ու Թուրքիան օգտագործելու են՝ Փաշինյանի միջոցով Հայաստանից մինչեւ վերջին կաթիլը քամելու համար