Եկատերինբուրգում տեղի ունեցած դեպքերը, 2 ադրբեջանցի եղբայրների ձերբակալությունն ու սպանությունը, որին ի պատասխան Բաքվում ձերբակալվեց «Սպուտնիկ Ադրբեջանի» 8 լրագրող, որոնք Ռուսաստանի քաղաքացիներ են, խիստ սրեց ռուս-ադրբեջանական հարաբերությունները, որից հետո ՌԴ արտաքին գործերի նախարարություն կանչեցին Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանին ու նոտա ներկայացրին, որպեսզի անհապաղ ազատ արձակվեն ձերբակալված ՌԴ քաղաքացիները:
Իսկ Ադրբեջանում ՌԴ դեսպանի փորձերը՝ կապ հաստատելու ձերբակալված իրենց քաղաքացիների հետ, մինչ այսօր ապարդյուն են անցել: Բաքուն դարձյալ հիշել է անցյալ տարի ադրբեջանական ինքնաթիռի կործանման մասին, որի համար 4-ամսյա կալանք են սահմանել եւ նվաստացրել կալանավորված ՌԴ քաղաքացիներին:
Երկու երկրների միջեւ լարված հարաբերություններ են ստեղծվել, ըստ ադրբեջանական մամուլի՝ Ադրբեջանը պատրաստվում է փակել ռուսալեզու դպրոցները: ՌԴ նախագահի մամլո քարտուղարի խոսքով՝ Ուկրաինան է Ադրբեջանին մղում նման քայլերի, որպեսզի դրանով Ռուսաստանի ուշադրությունը շեղեն ռուս-ուկրաինական հակամարտությունից եւ նեղեն Ռուսաստանին:
ՌԴ-ն փորձում է հարթել իրավիճակը, բայց Ադրբեջանը չի գնում դրան, հակառակը` ամեն ինչ անում է, որ տղայական բանավեճի այդ մակարդակը խորանա: Ստացվում է, որ մինչ այս վերջին դեպքերը, ռուս-ադրբեջանական հարաբերությունները կեղծ բովանդակություն են ունեցել, Ադրբեջանը դերասանություն է արել, հիմա ցուցադրում է իրական դեմքը:
Ռուսաստանում զարմացած են` չեն ճանաչում իրենց «բարեկամ» Ադրբեջանին, ու, ինչպես ասում են, ճակատագրական պահին է երեւում, թե ով է բարեկամ, որի հետ իբրեւ թե ջերմ, կառուցողական հարաբերություններ ունեին: Սա խոսում է այն մասին, որ փորձված աղվեսը երկու ոտքով է թակարդն ընկնում, խոսքը Ռուսաստանի նման հզոր ու փորձառու երկրի մասին է: Այս մասին կարելի է շատ երկար գրել, բայց…
Եթե Ռուսաստանը հետադարձ հայացք նետեր այս ամենին, գուցեեւ 44-օրյա պատերազմին էլ նայեր այլ կերպ, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանն էլ վերաբերվեր ուրիշ մոտեցմամբ եւ, ամենակարեւորը` չաներ այն հայտարարությունը, որ Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում, որից հետո հայ-ռուսական ու հայ-ադրբեջանական հարաբերությունները կընթանային լրիվ այլ կերպ, եւ շատ իրողություններ կփոխվեին։
Ինչեւէ, եղածն արդեն եղել է, եւ այժմ կարելի է նաեւ որոշ բաներ փոխել, եթե այս իրադարձություններից դաս քաղեն: Նախ, եթե ՀՀ իշխանությունները փոխեն իրենց մոտեցումները ԵԱՏՄ-ի ու ՀԱՊԿ-ի նկատմամբ, գուցեեւ Հայաստանի ճակատագիրն էլ այլ շարունակություն ունենա, քանզի նեղացածությունը, խռովելը քաղաքական կատեգորիա չեն, եւ ՌԴ-ի նկատմամբ վերաբերմունքն էլ կարելի է փոխել` հանուն պետության շահերի:
Եվ կարծում ենք, որ ոչ մի անհնարին բան չկա` Ռուսաստանի կողմից Ադրբեջանի նկատմամբ ռազմավարության ու մարտավարության կտրուկ շրջադարձի պարագայում Հայաստանը կարող է շահած դուրս գալ, կարող է Ադրբեջանն էլ առաջվա պես ռիսկ չանի Հայաստանը թիրախավորելու եւ առիթներ փնտրելու, որ Հայաստանի վրա հարձակվի:
Այդ պարագայում նաեւ հայ-ադրբեջանական հարաբերությունները կարող են որոշակիորեն փոխվել: ՀՀ իշխանություններն ու Հայաստանն էլ կարող են դուրս գալ այս նվաստացած, զիջողի, հանձնվողի, հոգով պարտվածի կարգավիճակից։
Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ
Բաց մի թողեք
Սա իրականում կառավարության պահուստային ֆոնդ չէ, սա վարչապետի ջեբի փողն է. Չալաբյան
Մեր հաղթանակին մնացել է 2 ամիս. Նաիրի Սարգսյան
Հանրապետության մետրոյի տարածքում հերթական օրինակ, թե ինչպես համակարգը չի գործում քաղաքացիների շահերի համար