Հունիսի 23-ին ձերբակալվել էին Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանը, նրա եղբայրը՝ Սեյրան Դարբինյանը, եւ եւս երկու հոգի:
Հրապարակ թերթը գրել է․ Քննչական կոմիտեից ձերբակալման վերաբերյալ փոխանցել էին․ «ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերով (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը): 4 անձ ձերբակալվել է»։
Սա նոր քրեական վարույթ է, հարուցվել է այս տարվա մարտին, սակայն քրեական վարույթը նոր չէ եւ Սամվել Դարբինյանի քաղաքապետ եղած ժամանակահատվածին է առնչվում։ Դարբինյանները մեղադրվում են մաքրման կայանի սեփականաշնորհման մեջ։ Սամվել Դարբինյանը Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրել է 1999-2016 թթ․, եղել է ՀՀԿ անդամ, ՀՀԿ Վանաձորի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ:
Նրա գործունեության ուսումնասիրությունն ու նրա նկատմամբ նյութերի նախապատրաստությունը սկսվել էին դեռեւս 2018 թվականին, սակայն, հավանաբար, ապացույցները թերի էին, ուստի մինչեւ 2025 թվականը որեւէ կոնկրետ քայլ չէին արել: Հիմա, քանի որ օրենքն ու օրինականությունը ծալել դրել են մի կողմ եւ մարդկանց կալանավորում են առանց որեւէ հիմքի, իսկ Սամվել Դարբինյանն էլ Սամվել Կարապետյանի ձերբակալության օրը հայտնվել էր նրա տան, ապա դատարանի բակում, հիշել են այս չկայացած գործն ու թարմացրել։
Ձերբակալությունից հետո դատարանը Սամվել Դարբինյանի ու նրա եղբոր՝ Սեյրան Դարբինյանի նկատմամբ տնային կալանքի որոշում կայացրեց, իսկ նրանց պատկանող ընկերության երկու աշխատակիցներին կալանավորելու քննիչի միջնորդությունը մերժեց:
Տեղեկացանք, որ Դարբինյաններին առաջարկվել է՝ վերականգնել վնասը, որ քրգործը փակեն։ Նրանց փաստաբան Ռուբեն Հակոբյանը նախաքննական մարմնի առաջարկի մասին ասաց․ «Բոլոր նմանատիպ գործերով առաջարկում են վնասի վերականգնում: Առաջարկել են նաեւ վաղեմություն կիրառել:
Բնականաբար, ներկայացված մեղադրանքում Դարբինյաններն իրենց մեղավոր չեն ճանաչել, վաղեմության դեմ առարկել են, նման պայմաններում վնասի հատուցման մասին խոսելն ավելորդ է։ Եթե անձն ասում է՝ ես անմեղ եմ, եւ ձեր մեղադրանքն արհեստածին է, շինծու է, ի՞նչ վնասի հատուցման մասին է խոսքը։ Առաջարկը եղել է, երբ մեղադրանք են առաջադրել, որը մերժվել է եղբայրների կողմից։ Այնտեղ մեկ մեղսագրվող արարքի վաղեմությունն անցել է, մեկինը չի անցել»։
Փաստաբանը նշեց, որ նախաքննությունը շարունակվում է, այս ընթացքում մեկ անգամ է քննչական գործողություն եղել՝ հուլիսի 11-ին, երբ մեղադրյալներին լրացուցիչ հարցաքննել են։ Ասաց նաեւ, որ բողոքարկել են խափանման միջոցի որոշումները, որոնք Վերաքննիչ դատարանում ընդունվել են վարույթ, սակայն չգիտի՝ ում են դրանք մակագրվել։
Նշենք, որ Սամվել Դարբինյանն անցնում է նաեւ քաղաքացիական գործով։ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Վանաձոր համայնքի նախկին ղեկավար Սամվել Դարբինյանից եւ նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 3 անշարժ գույք Երեւան քաղաքում, 4 անշարժ գույք Վանաձոր քաղաքում, 1 տրանսպորտային միջոց, 3 իրավաբանական անձանցում մասնակցություններ, 165 միլիոն 664 հազար դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդի եւ օրինական եկամուտներով չհիմնավորվող՝ բարեխիղճ երրորդ անձանց փոխանցված դրամական միջոցների հանրագումար: Գործը դատաքննության փուլում է։
Ի դեպ, Սամվել Դարբինյանի որդին` Աղասի Դարբինյանը, վարչական դատարանի նախագահ է, իսկ 2018-ի հուլիսին նշանակվել էր դատարանի նախագահ:






Բաց մի թողեք
Վաղը չե՞ն գալու Մայր Աթոռ, քահանայական ժողովներին չե՞ն գալու, ի՞նչ երեսով են նայելու մեզ․ Տեր Մանուկ
Ինչ է հայտարարագրել 2017 թվականից քաղաքականություն մտած Ծաղկաձորի համայնքապետ Նարեկ Հարությունյանը. Լուսանկար
Ինչ արձանագրություն կա Մայր Աթոռում՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ երեկվա պատարագը տնօրինող Գեւորգ Սրբազանի մասով