Ռուսաստանի նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայել Շվիդկոն Բաքվի իշխանություններին քննադատել է Ստեփանակերտում ծովանկարիչ Այվազովսկու հուշարձանի ապամոնտաժման և Ադրբեջանում «ռուսական մշակույթի չեղարկման» համար:
ՏԱՍՍ պետական լրատվական գործակալությունն, ընդսմին, Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքն անվանել է Ստեփանակերտ:
Այդ առթիվ Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Այհան Հաջիզադեն հանդես է եկել ծավալուն մեկնաբանությամբ, որտեղ Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցչի դիտարկումները գնահատված են որպես «հերյուրանք»:
Ինչ վերաբերում է բուն փաստին՝ Այվազովսկու հուշարձանի ապամոնտաժմանը, ապա այդ առթիվ Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը ոչ մի «հիմնավորում» չի նշել: Նա Միխայիլ Շվիդկոյին հիշեցրել է այցը Շուշի, որտեց, իբր, տեսել է ադրբեջանցի մշակութային գործիչների «պղշված հուշարձանները»:
Բայց Հաջիզադեի հայտարարության «մեխն» ավելի ուշագրավ է: Նա ՏԱՍՍ գործակալությունից Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքն Ստեփանակերտ անվանելու համար ներողություն և «թույլ տված կոպիտ սխալի ուղղում» է ակնկալում:
«Հակառակ դեպքում Ադրբեջանը կօգտվի համարժեք պատասխանելու իրավունքից և Ռուսաստանի Դաշնության տարածքի բազմաթիվ բնակավայրերի համար կօգտագործի դրանց պատմական անվանումները»,- սպառնացել է Ադրբեջանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը:
Օրերս Ադրբեջանի նախկին արտգործնախարար Զուլֆուգարովն ասել է, որ Ռուսաստանի տարածքում ամենահին քաղաքը Դերբենտն է, որի բնակչության քառասուն տոկոսն ադրբեջանցիներ են, և նրանք «Ռուսաստանի ամենահին ավտախտոն բնակիչներն են»:
Ադրբեջանական կողմի «տրամաբանությամբ»՝ եթե Պարսկաստանի կովկասյան խանության նստավայր է եղել լեզգիական Ղուբան, որն այժմ գտնվում է Ադրբեջանի տարածքում, ուրեմն Ղուբայի խանության ամբողջ տարածքն «ադրբեջանական» է, ինչպես նաև՝ Հաշտարխան քաղաքը, որ ռուսները վերանվանել են Աստրախան:
Ռուս-ադրբեջանական բանավեճը, կարծես, խորանում է: Պատմության ադրբեջանա-թուրքական կեղծարարության մասին ընդարձակ հրապարակում է արել Regnum-ը: Պարզվում է, միանգամայն լուրջ «գիտական շրջանակներ» պնդում են, որ Կրեմլը կառուցել է շամախեցի ճարտարապետ Քերիմլին, Մոսկվան՝ հիմնադիր մի ղազախ և այլն:
Այս ցնդաբանություններին կարելի է մի արձանք տալ, իսկ այդ «ճարտարապետ Քերիմլին ինչու՞ համանման կառույց Շամախիում չի ստեղծել կամ ղազախ հերոսն ինչու՞ իր տափաստանում քաղաք չի կառուցել»,- և թեման փակել:
Բայց հիշվում է, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի առաջին հրապարակային քննարկման ժամանակ Հեյդար Ալիևի չեկիստական անցյալի գործընկեր Եվգենի Պրիմակովը, ի պատասխան հայկական կողմի պատմագիտական փաստարկումների, թույլ է տվել այսպիսի ցինիկ արտահայոտթյուն. «Պատմությունը քաղաքական որոշումների համար չափանիշ չէ»:
Այսօր նրա թոռը՝ կրտսեր Եվգենի Պրիմակովը, որ «Ռոսոտրուդնիչեստվո»-ի գործադիր տնօրենն է, Բաքվից լսում է «Կրեմլն ադրբեջանցի ճարտարապետ Քերիմլին է կառուցել» նարատիվը: Իսկ Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը ՏԱՍՍ-ից պահանջում է ներողություն խնդրել:
Հակառակ դեպքում Իլհամ Ալիևը կկարգադրի, որ Ադրբեջանում Մոսկվան անվանեն «Քերիմլիաբադ»: Նշանակություն չունի, որ «դերբենտ» անվանումը պարսկերեն է և նշանակում է «փակ դարպաս»:
Ռուսաստանն ստանում է «պատմությունը քաղաքական որոշումների համար չափանիշ չէ» բումերանգի պատասխանը: Այս օրերին Մոսկվայում «մտահոգվել են» բռնատեղահանված արցախցիների ճակատագրով և «մարդասիրական օգնություն առաքել»:
Հարյուրավոր բռնատեղահանվածներ սոցիալական ցանցերում առաջարկել են մերժել այդ «օգնությունը»: Բայց ամենից առաջ պետք է մերժել Կրեմլի «հակաադրբեջանական» քարոզչության խայծը:
Քանի որ Մոսկվայի պաշտոնական դիրքորոշումն այն է, որ Ռուսիան փրկվել է Ոսկե հորդայի հետ քաղաքակրթական սիներգիայի շնորհիվ: Ադրբեջանը Ոսկե հորդայի կովկասյան «տաշտաքերանքն է»:
Բաց մի թողեք
«Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղումը և Թրամփ – Փաշինյան – Ալիև հանդիպումը
Ադրբեջանը կանգնում է Ռուսաստանի դեմ պատերազմողների շարքում
Ռուս – իրանական հարաբերություններում «ճեղքվածք» է առաջանում