12/05/2026

EU – Armenia

Պետքարտուղարությունն ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մեկնաբանել են Թրամփ-Փաշինյան-Ալիև առաջիկա հանդիպումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և պետքարտուղար Մարկո Ռուբիոն բազմիցս հույս են հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով համաձայնագիր կկնքվի։

Այս մասին ճեպազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Թոմի Փիգոթը։

«Պետքարտուղարն այս հարցը բարձրացնում է յուրաքանչյուր հարմար առիթի դեպքում։ Ենթադրություններ անելու փոխարեն ժամանակը գալուն պես մենք կտրամադրենք ամբողջ տեղեկատվությունը»,- նշել է նա։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարություն էր տարածել այն մասին, որ Փաշինյանն ու Ալիևը պաշտոնապես խաղաղություն կկնքեն։

***

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եռակողմ հանդիպումը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Վաշինգտոնում։

Այս մասին ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակի տեղակալ Ֆարհան Հաքը։

Նա նշել է, որ ՄԱԿ-ը միշտ աջակցել և խրախուսել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների լիակատար կարգավորման ուղղությամբ ցանկացած առաջընթաց։

Հաքը, մասնավորապես, ասել է. «Այս առումով շատ կարևոր էին մարտ ամսին երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ համաձայնության գալու ուղղությամբ ձեռնարկված քայլերը։ Գլխավոր քարտուղար Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների սպասվող հանդիպումը նախագահ Դոնալդ Թրամփի հետ»:

***

Նշենք, որ օգոստոսի 8-ին՝ Վաշինգտոնի ժամանակով 14:30-ին, իսկ Հայաստանի ժամանակով 22:30-ին, տեղի կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առանձին հանդիպումը:

Դրան կհաջորդի Թրամփի ու Ալիևի հանդիպումը, իսկ այնուհետև ՀՀ ժամանակով 00:00-ին կմեկնարկի Փաշինյան-Թրամփ-Ալիև եռակողմ հանդիպումը:

Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում են արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը: