25/08/2025

Երկու դիտարկում՝ նույն թեմայով. հայաստանցի – ղարաբաղցի

Բանջարեղենի խանութ էի մտել։ Վաճառողը՝ տարեց մի տղամարդ, հեռախոսը ձեռքին, համացանցից մի կնոջ խոսք էր լսում։ Աղմկոտ, շատ անդուր հնչողությամբ կինը զայրացած պատմում էր, որ արցախցիներն ուզում են Քոչարյանին երկրորդ անգամ իշխանության բերել…

Իմ ներկայությունը, հավանաբար, կաշկանդում էր վաճառողին, եւ նա մի տեսակ շփոթահար փորձում էր զրույցի թեման փոխել, բայց չէր ստացվում:

Կինը կպել էր ու պոկ չէր գալիս: Վաճառողը ստիպված էր՝ «գործը շատ է, հետո կխոսեք» պատրվակով անջատել հեռախոսը:

Նայեցի այդ մարդուն, արտաքին տեսքը վաճառողի նման չէր, ինձ թվաց՝ ողջ գիտակցական կյանքը սեղանի հետեւում նստած է եղել։ Նրան ասացի. «Ես Արցախից եմ: Այդ կինն իրավունք չուներ ամեն տեսակ տառապանքի միջով անցած հայրենակիցների մասին նման անբարյացակամ տոնով խոսել, արցախցիների անունից հայտարարություն անել, իսկ դուք նրան լուրջ-լուրջ լսում էիք։ Ահա այդպես են ատելություն սերմանում արցախցիներիս հանդեպ»:

Հայաստանցի-արցախցի հակադրության շուրջ խոսակցությունն ինձ միշտ տհաճություն է պատճառում: Ես անգամ մի պահ մոռացել էի, թե ինչ էի ուզում գնել: Մարդը նույնպես լուռ էր, ինձ թվաց՝ մի տեսակ լարվեց կամ սփոփանքի խոսքեր էր փնտրում, բայց չգտավ, եւ որոշեցի խոսքս ավարտին հասցնել. «Անձամբ ես չեմ հանդուրժում Արցախ հանձնողներին, նախկինների ու հնացած նորերի միջեւ ընտրություն չեմ էլ կատարում, բայց երազում եմ մի այնպիսի առաջնորդի մասին, ով ամուր կառչած կլինի ազգային միասնությունից, մեր արժեքներից, հայոց պատմությունից՝ մայր Հայաստանը կորստյան չմատնող: Կարեւոր չէ, թե ով կլինի այդ անձնավորությունը»:

Մարդը գլխով հավանության նշաններ էր անում, անգամ դեմքին գոհունակության մի ժպիտ խաղաց: Գնումների համար վճարեցի, դուրս եկա, բայց մտքերի մեջ էի: Նրա մոտ ինչ-որ զգուշավորություն նկատեցի, բայց տղամարդու զգուշավորությունը ո՞րն է, երբ դիմացը կանգնած է բռնատեղահանված այն 120 հազարից մեկը, ով հայրենիքից, տունուտեղից զրկված՝ իր իրավունքներից է խոսում եւ շատ է նեղվում, երբ ինչ-որ ստահակներ փորձում են նույն ազգի երկու հատվածների միջեւ ատելություն ու թշնամանք հրահրել:

Հերթագրված էի… Տասնյակ մարդիկ սպասում էին իրենց հերթին։ Շուտով իմ կողքի ազատ տեղը մի երիտասարդ զբաղեցրեց։ Հեռախոսի մեջ էր։ Գուցեեւ պարապությունից՝ անիմաստ քրքրում էր՝ ցույց տալու իր զբաղվածությունը, բայց այն երկար չտեւեց, անցավ ինձ «խոսեցնելուն»: Պարապությունն էր ցրում երեւի. «որտեղի՞ց եք»։ «Արցախից ենք»։

Ինչ-որ խոսք մտմտաց քթի տակ, լավ չլսեցի, բայց հետո քիչ բարձր հարցրեց. «Այն 300 հազարը, որ գալիս է, ի՞նչ եք անելու»: Հասկացա, որ ազերիների՝ Հայաստանում վերաբնակեցման մասին էր խոսքը։ Հարցին հարցով պատասխանեցի. «Դուք ի՞նչ եք անելու, մենք էլ` նույնը»: Տարավ-բերեց, թե. «Նրանք արցախցիների հետեւից են գալիս, մեզ ի՞նչ է եղել որ…»:

Ցնցված նրա խոսքից, արտաքուստ հանգիստ ձեւանալով՝ ասացի. «Մենք մեր գլխի ճարը կտեսնենք, այդ դուք պիտի մտածեք, թե ինչ եք անելու…» Լռվեց, այլեւս ձայն չլսեցի: Օրեր են անցել, բայց չեմ մոռանում: Այս որքա՜ն տարանջատեցին ազգը, որ չեն հանդարտվում արցախցիներին թիրախավորելուց։

Դափ-դատարկ ենք` հայրենազուրկ, տնազուրկ, աշխատազուրկ, անհաշիվ աղետներով ու կորուստներով անցած, բայց չարությունը խեղդում է ոմանց, ընդամենը մի կյանք ունենք, երեւի այդ կյանքից էլ մեզ պիտի զրկեին, որ «սեւ» հոգիները խաղաղվեին։ Ուղղակի ափսոսանք ունեմ, որ այդօրինակ մտածողության տերը նոր սերնդից էր:

Նատաշա Պողոսյան