Սեպտեմբերի 18-ին Պրահայի Յակուբսկա գալերիայում թեւածում էր ոչ միայն Ազնավուրի երգն ու երաժշտությունը, այլեւ Երեւանի Տերյան մշակութային կենտրոնից բերված 15 գեղեցիկ զգեստները յուրօրինակ «պար էին բռնել»՝ խորհրդանշելով ազնավուրյան արվեստի անսահմանությունը։
Եթե ամիսներ առաջ Պրահայում Ազնավուրի արվեստին անդրադարձը ամերիկահայերի թատերականացված բալետի միջոցով էր, ապա այս անգամ Ազնավուրին Պրահա էր բերել նորին գերազանցություն Նորաձեւությունը։ «Ֆրանսիական ռիթմեր՝ նվիրված Ազնավուրի հիշատակին» նախագծի չորրորդ կայանը Պրահան էր։
Ողջույնի խոսքով ներկաներին է դիմում Չեխիայում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանը, տեղեկացնելով, որ նախագիծը իրականություն է դարձել Հայաստանի գիտության, կրթության, մշակույթի եւ սպրոտի նախարարության աջակցությամբ։ Իսկ գաղափարի հեղինակ, Տերյան մշակութային միության ղեկավար, դիզայներ Լիլիթ Մելիքյանը ներկայացնում է իր կենտրոնի կատարած աշխատանքը, ողջունում ցուցահանդեսին ներկա տարբեր երկրների դեսպաններին ու չեխահայ համայնքի ներկայացուցիչներին։
Նուրբ ճաշակով, ֆրանսիական ազդեցությամբ հավաքածուն միանգամից տոնական տրամադրություն է հաղորդում ցուցասրահին։ Լիլիթ Մելիքյանը մեզ համար սիրով բացահայտում է ծրագրի էությունը. «Երբ անցյալ տարի Ազնավուրի 100-ամյակի առիթով մենք ներկայացրինք հատուկ ցուցադրություն, բազմաթիվ նամակներ ստացանք արտերկրից, որպեսզի այդ ցուցադրությունը նաեւ դրսում կազմակերպենք։ Բայց բնականաբար նույնը չցանկացանք տանել, եւ որոշեցինք ֆրանսիացի նկարչի հետ նոր հավաքածու ստեղծել։ Դիմեցի ֆրանսահայ տաղանդավոր նկարչուհի Քրիստինա Մկրտչյանին, ում համարում եմ նաեւ իմ ուսուցիչը, եւ համագործակցության առաջարկ արեցի։ Ինքը պատրաստեց նկարները, իսկ ես հագուստի հավաքածուն։ Մեկ ամիս աշխատեցինք՝ առանց միմյանց խանգարելու, իսկ հետո նկարներն ու իմ դիզայնով հագուստները միավորեցինք, մեր երկուսի պատկերացումները մեկտեղվեցին եւ ստացվեցին այսպիսի զգեստներ։ Ահա այս նոր հավաքածուն էլ բերեցինք Պրահա։
Սա մեր անդրադարձն է Ազնավուրի տաղանդին, նրա թողած ժառանգությանը։ Այս ամենը կատարել ենք ե՛ւ Ազնավուրի գրքերը կարդալով, ե՛ւ երգերը լսելով… Եվ նրա կորուստը մեզ համար մինչ օրս շատ զգալի է։ Նրա տեղը մնում է դատարակ»։
«Այս նախագիծը Պրահայում ավարտվում է։ Սկսվել է մի քանի ամիս առաջ Ստրասբուրգում, ապա ցուցադրվել է Գյումրիում, Ախալցխայում, իր նախնիների ծննդավայրում եւ այնտեղից եկել ենք Եվրոպայի ամենագեղեցիկ ու գողտրիկ քաղաքը՝ Պրահա։ Նաեւ յոթ օր Երեաւնի Ռամադա հյուրանոցում ցուցադրվեց, որտեղ ֆրանսիական երաժշտության ամիս էր»,- մանրամասնում է Լիլիթը։
«Ֆրանսիական ռիթմեր՝ նվիրված Ազնավուրի հիշատակին» մշակութային նախաձեռնությունը պատահական չի ստացել այդ անվանումը։ Լիլիթ Մելիքյանի ասելով, այս ծրագիրը պետք է լինի շարունակական եւ մյուս տարի ծրագրին պետք է միանան երիտասարդ դիզայներները, քանի որ այն ունի նաեւ կրթական ուղղություն։ «Մենք ուզում ենք, որ երիտասարդները երաժշտություն լսելով, պատկեր կամ ֆիլմ նայելով, իրականության վերածեն իրենց զգացումները։ Դա նրանց մոտ կզարգացնի նաեւ մտածելու կարողությունը։ Այժմ էլ Ազնավուրով ենք մոտիվացնում, քանի որ նա մեզ համար ճանապարհ է բացել»,- ասում է Լիլիթը։ Յակուբսկա ցուցասրահում արդեն իսկ ցուցադրվում էր այս նախագծի պատրաստմանը նվիրված ֆիլմը։
Ծրագրի նպատակն է՝ ստեղծել միջմշակութային համագործակցության նոր հարթակ, խթանել հայկական ժամանակակից նորաձևության միջազգային ճանաչմանը, աջակցել ինքնազբաղ արվեստագետների ստեղծագործական գործունեությանը ու ներկայացնել նորարարական լուծումներ՝ մշակութային ներկայացումների շրջանակում։ Այսպես է ձեւակերպում նախագծի էությունը Հայաստանի ԿԳՄՍ նախարարությունը։
Լիլիթ Մելիքյանը բացահայտում է նաեւ մյուս տարվա թեման, որը նվիրվելու է ֆրանսահայ նկարիչ Ժանսեմին։ Նախ երիտասարդների պետք է ընդգրկեն, ապա նոր հավաքածուն պատրաստելիս նկարահանեն նրանց աշխատանքի ընթացքը, ապա կրկին Հայաստանի մարզերում եւ Ֆրանկոֆոն պետություններում ցուցադրեն նոր հավաքածուն՝ ներգրավելով նաեւ տեղի երիտասարդ արվեստագետներին։
Հ. Ասատրյան; Պրահա, ՕՐԵՐ ամսագիր
Բաց մի թողեք
Սեպտեմբերի 28-ի աստղագուշակ․ Բարենպաստ օր է ապագայի ծրագրեր կազմելու և այն մարդկանց հետ քննարկելու համար
Բացառիկ մանրամասներ Վալոդյա Գրիգորյանի սպանությունից, տեսագրությունում ձայնը փակված է և չի լսվում «խփի» հրահանգը
Քամու ուժգնացում, անձրև․ ինչ եղանակ կլինի այս օրերին