28/09/2025

Թուրքիան դարերով տիրապետել է այն հողերին, որտեղ մեր դեմ հարձակվողները եկել են ընդամենը երկու-երեք սերունդ առաջ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարևորագույն նշանակության երկու հայտարարություն է արել: Ըստ Էրդողանի՝ ոմանք փորձում են իրեն քննադատել, բայց Թուրքիան դարերով տիրապետել է այն հողերին, որտեղ մեր դեմ հարձակվողները եկել են ընդամենը երկու-երեք սերունդ առաջ:

Ակնարկը, ակնհայտորեն, ուղղված է Իսրայելի վարչապետ Նաթանյահուին և հրեաներին առհասարակ, որ աշխարհի տարբեր երկրներից ներգաղթել և Պաղեստինում ազգային պետություն են կառուցել:

Իսրայելա-պաղեստինյան պատերազմի սկզբից ի վեր Էրդողանը Նաթանյահուի, նրա կառավարության հասցեին մի շարք կոշտ որակումներ է արել, բայց առաջին անգամ է խոսում տարածաշրջանում հրեաների «եկվորության» մասին: Ընդ որում՝ դա արվում է այն համատեքստում, որ Պաղեստինը հարյուրամյակներով կառավարվել է Օսմանյան կայսրության կողմից:

«Հիշեք, մենք այս հողերի տերն ենք, մենք արդեն հազար տարի այստեղ ենք և Բարձրյալի կամոք ապրելու ենք մինչև ահեղ դատաստանի օրը»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը: Այս ձևակերպմամբ նա փաստացի բացահայտել է, որ Թուրքիան և Իսրայելը Մերձավոր Արևելքի դոմինանտության հարցում սկզբունքային, էքզիստենցիալ պայքարի մրցակիցներ են:

Էրդողանն Իսրայելին մեղադրել է «միասնական թուրք ազգը մասնատելու» մտադրվածության մեջ և վերստին հավաստիացրել, որ Թուրքիան՝ առանց ահաբեկչության ծրագիրն իրականություն է դառնում: «Մենք բոլորս եղբայրներ ենք՝ թուրքերը, քրդերը և լազերը»,- եզրափակել է նա:

Դիտարժան է, որ Էրդողանը, երևի առաջին անգամ, Թուրքիայի էթնիկ բազմազանության բաղկացուցիչ է նշել նաև լազերին: Թուրքիայի նախագահը պատրաստվում է մասնակցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին:

Այս իմաստով, գուցե, Իսրայելի հետ հարաբերություններում հանդուրժողականության «սահմանագծի հատումը» դիվանագիտական հնարք է: Այդուհանդերձ, Իսրայելում նրան հազիվ թե որևէ մեկը ների՝ Ավետյաց երկրի ինքնությունը կասկածի տակ առնելու համար: