Երեկ խորհրդարանում տեղի ունեցան «Պատիվ ունեմ» խմբակցության՝ ՀՀԿ-ականներրի նախաձեռնած լսումները՝ «Ազգային ճգնաժամի եւ կառավարման ձախողման մասին» հայտարարության նախագծի վերաբերյալ, որն այլ կերպ անվանում են իմպիչմենտի օրակարգով լսումներ։
Հրապարակ թերթը գրել է․ Լսումներին մասնակցում էին խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչներ, ընդդիմադիր հասարակական գործիչներ, իրավաբաններ, փորձագետներ։ Նախապես 300 հոգու մասնակցության հայտ է ներկայացվել, սակայն 160 տեղանոց նիստերի դահլիճում երեկ բավականին ազատ տեղեր կային։ Ալեն Սիմոնյանն առիթը բաց չթողեց՝ այս փաստը ծաղրելու, թե մի դահլիճ անգամ չեն կարողանում լցնել, իսկ Հայկ Մամիջանյանը հայտարարեց, որ իրականում ԱԺ աշխատակազմն է խոչընդոտներ առաջացրել, մերժել ոմանց մասնակցությունը։ Մենք էլ նկատեցինք, թե ինչ մանրազնին էին ստուգում լսումների եկած մասնակիցներին, ապա միայն թույլ տալիս, որ խորհրդարանի տարածք մուտք գործեն։
Ինչեւէ, մի քանի ժամանոց լսումներից հետո մասնակիցները՝ Փաշինյանին իմպիչմենտով եւ փողոցով տապալելու ջատագովները, ոչ թե նստացույց սկսեցին Ազգային ժողովի դարպասների կամ կառավարության շենքի առաջ, այլ գնացին տուն։ Բայց լսումների ժամանակ պատմական մի իրադարձության ականատես եղանք` Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի թիմերի միջեւ տեւական ժամանակ կռվախնձոր դարձած իմպիչմենտի հարցում կողմերը եկան համաձայնության։ Ամիսներ առաջ «Պատիվ ունեմ» խմբակցության իմպիչմենտի նախաձեռնությանը բանավոր միացած «Հայաստան» դաշինքի անդամները երեկ հենց նիստերի դահլիճում հայտարարեցին՝ եթե իմպիչմենտի կայացմանը մենք ենք խոչընդոտում` մեր ստորագրությունների բացակայությունը, ապա մենք միանում ենք դրան։ Ամիսներ շարունակ այս հողի վրա իրար դեմ ծանր «մարտեր» էին մղում նախկին նախագահների թիմակիցները, փոխադարձ մեղադրանքներ հնչեցնում՝ Նիկոլին ծառայելու մասին, վիրավորական արտահայտություններ անում։ Սերժ Սարգսյանի շրջապատը շանտաժ ու թուքումուր էր տալիս, թե քոչարյանականները չեն ուզում, որ Նիկոլը հեռանա, քոչարյանականներն էլ պաշտպանվում էին, թե իմպիչմենտի գործընթացը ոչ թե Նիկոլի դեմ է, այլ՝ Ռոբերտ Քոչարյանի։
Ակնհայտ էր, որ նախընտրական գործընթացներին ընդառաջ երկու թիմերն էլ փորձում էին դիրքավորվել, ընդդիմության առաջնորդություն ստանձնել, բայց դրա համար ընտրել էին վատագույն սցենարը՝ միմյանց սեւացնելու, վարկաբեկելու։ Երեկվա լսումներին Ռոբերտ Քոչարյանի թիմակիցները, ոմանց գնահատականով, «կոտրվեցին», մյուսների գնահատմամբ` «մատ արեցին Սերժ Սարգսյանին», հիմա գնդակը նրա դաշտում է, պետք է ապացուցեն, որ իմպիչմենտին խանգարում էին բացառապես պակասող ստորագրությունները, եւ հիմա այդ գործընթացն արագորեն ու անարգել առաջ կգնա:
Հիշենք, որ «Հայաստանը» հրապարակել էր իրենց պատգամավորների ստորագրությունները եւ հայտարարել, որ թուղթը «սեյֆում» դրված է` երբ գործընթացը որոշակի դառնա, իրենց ստորագրությունները կհանեն ասպարեզ: Այժմ, փաստորեն, այդ 28 ստորագրությունները դրվեցին, եւ իմպիչմենտի նախագծի տակ առկա է 34 ստորագրություն, սակայն պահանջվում է ընդամենը 36-ը: Հովիկ Աղազարյանն ու նրա կուսակից Հակոբ Ասլանյանը, ինչպես երեկ հայտարարեցին, կմասնակցեն «Պատիվ ունեմ»-ի առաջարկած ճանապարհային քարտեզին՝ իմպիչմենտը հաջողելուց հետո ժամանակավոր վեցամսյա կառավարություն ձեւավորելուն, ապա արտահերթ ընտրությունների գնալու հարցում։ Ընդունենք, որ նախագիծն ԱԺ մտցնելու համար պահանջվող 36 ստորագրությունները կան, իսկ կա՞ գեթ մեկ ՔՊ-ական, որը կտա իր ստորագրությունը․ դահլիճից այս հարցն էին ուղղում Սերժ Սարգսյանի թիմակիցներին, մասնավորապես՝ նախագծի զեկուցող Տիգրան Աբրահամյանին: Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը նկատել էր, որ ներկայացված նախագծում ճանապարհային քարտեզ էլ չկա։ Մինչդեռ գործընթացն ավարտին հասցնելու համար անհրաժեշտ է 54 կողմ ձայն: Աբրահամյանն ասաց, որ միայն ընդդիմադիրների համախմբման եւ փողոցի ճնշման միջոցով է հնարավոր հասնել դրան: Իսկ դա ինչպես անել՝ այդ հարցին կոնկրետ պատասխան չտրվեց։
Նկատենք, որ լսումներից ժամուկես անց խորհրդարանի սենյակներից դուրս նետվեցին ՔՊ-ական կարկառունները, հավանաբար՝ մտածել էին, թե վտանգը լուրջ է, մանավանդ՝ ԱԺ դարպասների դիմաց հանրահավաք էր հայտարարված եղել, սակայն, երբ հասկացան, որ վտանգ չկա, լրագրողների գիրկը նետվեցին ու սկսեցին ծաղրել ընդդիմադիրներին, լսումները։ Ալեն Սիմոնյանը նախ բարձրացավ լրագրողների օթյակ, այնտեղից մի քանի րոպե հետեւեց լսումներին, ապա իր տարակուսանքը հայտնեց. «Ընդդիմությունը՝ ի դեմս Աբրահամյանի, հայտարարում է արտահերթ ընտրությունների անցկացման անհրաժեշտության մասին՝ նախորդ խորհրդարանական ընտրություններից ընդամենը չորս տարի անց։ Դուք պատկերացնո՞ւմ եք ընդդիմության վիճակը»։ Եվ դա բացատրեց ընդդիմության անպատրաստությամբ, որը «գիտի, որ պարտվելու է»։
«Մենք կարող ենք վաղը գնալ ընտրությունների, բայց անհրաժեշտություն չկա։ Բացի այդ, ժողովուրդը մեզ պատվիրակել է հինգ տարով։ Ընտրությունները պետք է լինեն ժողովրդի օգտին։ Ես վստահ եմ, որ օգոստոսի 8-ի համաձայնագրից եւ ընտրություններից առաջ ձեռնարկված ու ձեռնարկվելիք քայլերից հետո իշխանությունները շատ ավելի շատ ձայներ կստանան, քան 2021 թվականին»,- ասաց Սիմոնյանը՝ խոստովանելով, որ իրենք այնքան ապաշնորհ իշխանություն են, որ իրենց կարելի էր հեռացնել ամիսների ընթացքում, բայց ընդդիմությունն իրենցից ապաշնորհ է։ «Եթե ներկայիս ընդդիմությունն ունենար խորհրդարանական իշխանության 60%-ը, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը՝ 40%-ը, մի՞թե մենք չէինք լինի իշխանությունը։ Մենք իշխանությունը կվերցնեինք նրանցից վեց ամսվա ընթացքում»,- հայտարարեց նա։
Բաց մի թողեք
Ընտրությունն այսօրվա ու արդիակն տնտեսությամբ Հայաստանի միջև է
Սպանության իրական պատճառը երկրի մթնոլորտն է
Յոթուկես տարվա ղեկավար է, փոխնախագահների մակարդակն էլ չունի