27/09/2025

Եվրամիությունը հեռանում է Վրաստանից, որպեսզի չկաշկանդվի Աբխազիայի և Հարավային Օսեթիայի հարցում

ՄԱԿ-ում Ուկրաինայի նախագահ Զելենսկին քննադատել է Վրաստանին: Վրաստանի վարչապետ Կոբախիձեն այդ առթիվ ասել է, որ Ուկրաինան գտնվում է պատերազմի մեջ, և ինքը չի ցանկանում հանգամանալի հակադարձել Զելենսկում, բայց հարկ է համարել շեշտել, որ Եվրամիության անդամության թեկնածու երկրներից Վրաստանը «գտնվում է առաջին տեղում»:

Մեկ շաբաթ հետո Վրաստանում տեղի կունենան մունիցիապալ, այդ թվում՝ Թբիլիսիի քաղաքապետի, ընտրություններ: Մոտ երկու շաբաթ առաջ Վրաստանի իրավապահ մարմինները ձերբակալել են մի քանի ընդդիմադիր գործչի:

Նրանք կոչ էին անում մունիցիպալ ընտրությունների օրը համավրաստանյան անհնազանդության ակցիա իրականացնել և հասնել իշխանափոխության:

Ի՞նչ արդյունք կգրանցեն մունիցիպալ ընտրությունները, կարելի է միայն ենթադրել. «Վրացական երազանք» կուսակցությունը բոլոր հնարավորությունները գործի է դրել, որպեսզի պահպանի նաև տեղական իշխանությունը:

Այս ֆոնին apsny.ge կայքը հրապարակել է կոնֆլիկտաբան Մայա Ուրուշաձեի վերլուծականը, որտեղ նա մտահոգություն է հայտնում եվրոպական մի շարք փորձագետների կողմից Եվրահանձնաժողովին արված առաջարկության վերաբերյալ:

Ուրուշաձեի տեղեկացվածությամբ, եթե Վրաստանի մունիցիպալ ընտրություններում հաղթի իշխող կուսակցությունը և «երկիրն ավելի հեռանա Եվրոպայից, ապա Բրյուսելում կարող են ընդունել Աբխազիայից և Ցխինվալի տեղաշրջանից ԵՄ դիտորդական առաքելությունը հետ կանչելու որոշում»:

Փորձագետի գնահատմամբ, դա «կնշանակի, որ Եվրամիությունը մոռացության է տալիս Վրաստանի տարածքային ամբողջականության խնդիրը»: Ուրուշաձեն համոզված է, որ Ռուսաստանի ազդեցության գոտում մնալով՝ Վրաստանը «երբեք չի վերականգնի տարածքային ամբողջականությունը»:

Ուշագրավ է, որ Ուրուշաձեն հայ-ադրբեջանական կարգավորման առաջընթացը պայմանավորում է նրանով, որ «կողմերը հրաժարվել են Ռուսաստանի միջնորդությունից, քանի որ այն տանում էր ոչ թե խաղաղության, այլ կոնֆլիկտային իրավիճակի պահպանման և նոր սրացումների»:

Վրացի փորձագետը, սակայն, չի մասնավորեցնում, թե վրաց-աբխազական, իրականում՝ վրաց-ռուսական հակամարտությունը կարգավորելու ի՞նչ ռեսուրս և գործիքակազմ ունի Եվրամիությունը:

Չի կարելի է բացառել, որ ոչ թե Վրաստանն է ԵՄ-ից հեռացել, այլ Եվրամիությունն է հեռանում, որպեսզի չկաշկանդվի Աբխազիայի և Հարավային Օսեթիայի հարցում պատասխանատվությամբ: