08/11/2025

Բաքվում աղոթում են, որ Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ն հաղթի 2026-ի հունիսի 7-ին

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ՔՊ կուսակցության համամասնական ցուցակով եւս մեկ ժամկետով առաջադրվելու իր մտադրության մասին: Ընտրությունները, հիշեցնենք, 2026 թ․ հունիսի 7-ին են։

Հրապարակ թերթը գրել է․ Փաշինյանի «ավետիսը», բնականաբար, չի վրիպել ադրբեջանական հանրության տեսադաշտից: Ադրբեջանցի քաղաքագետ, Հարավային Կովկասի ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Ֆարհադ Մամեդովը, որը վերջերս քաղհասարակության պատվիրակության կազմում ժամանել էր Երեւան, իշխանամերձ «Մինվալ Պոլիտիկա»-ի հետ զրույցում նշել է, որ Փաշինյանի հաղթելու` 2021 թ. հաջողությունը կրկնելու հնարավորությունները ներկայում բարձր են։

«Այնուամենայնիվ, պետք է հասկանալ, որ Հայաստանում բոլոր սոցիոլոգիական հարցումների արդյունքների հիման վրա` ընտրելու իրավունք ունեցող բնակչության մոտ 60%-ը դեռ չի որոշել, թե ում է քվեարկելու, եւ չի վստահում բոլոր քաղաքական կուսակցություններին»,- նշել է նա։ Խոսելով Ռուսաստանի կողմից Փաշինյանի հաղթանակը կանխելու հնարավոր գործողությունների մասին՝ փորձագետն ասել է, որ Ռուսաստանը, օգտագործելով Մոլդովայում ընտրություններին միջամտելու մեխանիզմները, գործիքները եւ մեթոդաբանությունը, նախապատրաստական աշխատանքներ է իրականացնում Հայաստանում` «ստեղծում է ենթակառուցվածքներ եւ ցանցային կապեր՝ նախընտրական շրջանում աղմուկ բարձրացնելու համար, կազմակերպում է մարդասիրական օգնության բաշխում եւ տասնյակ ոչ կառավարական կազմակերպությունների բացում»։ «Ռուսաստանի համար կարեւոր է, որ Փաշինյանի կուսակցության հետ միասին խորհրդարան մտնեն առնվազն 3 ռուսամետ կուսակցություններ։ Այդ դեպքում, նույնիսկ եթե Փաշինյանը հաղթի, նրանք հնարավորություն կունենան ձեւավորել կոալիցիոն կառավարություն՝ շրջանցելով Փաշինյանի կուսակցությունը, այլ կերպ ասած՝ կրկնելով Գյումրիի սցենարը»,- ասել է Մամեդովը։ Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետի առջեւ ծառացած դժվարություններին, փորձագետը նշել է. «Փաշինյանը հիմնականում բախվում է ներքին մարտահրավերների, որոնք բխում են իր գործողություններից եւ ռուսամետ ընդդիմության, սփյուռքի եւ եկեղեցու դեմ միաժամանակյա ճակատների բացումից»:

Արտաքին ճակատում, Մամեդովի կարծիքով, Ադրբեջանի հետ խաղաղության շուրջ համաձայնության գալուց հետո «կարելի է ասել, որ Փաշինյանն ավելի անկախ է դարձել, իսկ Հայաստանն ինքը՝ ավելի ինքնիշխան: Եվ այս առումով արտաքին սպառնալիքները նվազագույնի են հասցվել»։ Ադրբեջանական քարոզչամեքենայի «խոսափողը» այլ հարցերից էլ է խոսում. «Եկեղեցու, ավելի ճիշտ՝ կաթողիկոսի հետ հակամարտությունը թափ է հավաքում։ Փաշինյանն այս հարցում ամուր դիրք է գրավում, քանի որ Հայաստանի վարչապետի՝ կաթողիկոսին եւ բարձրաստիճան հոգեւորականներին վարկաբեկող բոլոր տեղեկությունները ճշմարիտ են։ Այս առումով նա բավականաչափ ժամանակ ունի՝ Եկեղեցու հետ այս պայքարը մղելու եւ կաթողիկոսի ու հոգեւորականության բացասական ազդեցությունն իր վարկանիշի վրա մեղմելու համար»: Խոսելով հայաստանյան ընդդիմության մասին, որը, ըստ նրա, բաժանված է արեւմտամետ եւ ռուսամետ ուժերի միջեւ, Մամեդովը նշել է. «Հայաստանի գլխավոր ընդդիմությունը նույնպես ռուսամետ է, ուստի Փաշինյանի դիրքորոշումն այնպիսին է, որ նա համատեղում է ե՛ւ արեւմտամետ տրամադրությունները, ե՛ւ խաղաղության օրակարգը»։

«Երեք հիմնական տարրերը, որոնց վրա նա կառուցում է իր ընտրարշավը,՝ խաղաղության օրակարգը, արեւմտամետ ուղին եւ կոռուպցիայի դեմ պայքարն են։ Մենք գրեթե ամեն օր լսում ենք, որ Հայաստանի կոռուպցիայի դեմ պայքարի կոմիտեն «ունեզրկում է» որեւէ նախկին պաշտոնյայի կամ օլիգարխի, եւ այս ամենը լրատվամիջոցներում ներկայացվում է որպես կոռուպցիայի դեմ պայքարի մի մաս»։

Քաղաքագետը քննարկել է նաեւ Բաքվի գործողությունները Փաշինյանի պարտության դեպքում։ «Հայաստանում ԱԺ ընտրությունները կարեւոր են Ադրբեջանի համար՝ վերջապես հասկանալու, թե ինչ է մտածում հայ հասարակությունը խաղաղության եւ Ադրբեջանի հետ հարաբերությունների մասին… Եթե Փաշինյանը ձախողվի ընտրություններում, կստեղծվի մի իրավիճակ, որը կստիպի Ադրբեջանին՝ գործել ստեղծված իրավիճակին եւ դրա արդյունքում ի հայտ եկող ռիսկերին, սպառնալիքներին ու հնարավորություններին համապատասխան»,- եզրափակել է Մամեդովը։