Այսօր սիրված ու հանրահայտ կոմպոզիտոր, ժողովրդական արտիստ Ռոբերտ Ամիրխանյանի ծննդյան օրն է։ Մեր միջանձնային բարեկամությունը թեև սկիզբ է առել նրա ԱԺ պատգամավոր եղած ժամանակ՝ խորհրդարանից, սակայն մեծացել եմ Դինգ, դոնդ, երազ երկնքում ․․․ ու քնել՝ Հեքիաթն է կանչում երգերի հնչյունների տակ։
Ամեն անգամ տոն է Ռոբերտ Ամիրխանյանին հանդիպել, հաղորդակցվելը, ինքը թեև հաճախ է արտաբերում, թե շինարար – ինժեների ճշգրտությւոն ունի, իսկ ես ճշգրիտ գիտություններից կլոմետրերով հեռու, մեզ կապող նորին գերազանցություն արվեստն է, մշակույթը։ Նաև՝ ամառանոցի մասին խոսելը, դրանք հարևան գյուղերում են՝ Ուշի – Արտաշավան, գրեթե նույն կլիմայական պայմաններում, ևս թեև բազմիցս հրավիրել է, սակայն միմյանց այգիներում չենք եղել, ափսոս։
Ռոբերտ Ամիրխանյանը երաժշտություն է գրել 16 խաղարկային և շուրջ 30 մուլտիպլիկացիոն ֆիլմերի համար։ Հեղինակել է հայտնի և սիրված երգերի երաժշտություններ՝ «Հայի աչեր», «Հայրենի երկիր» և այլն։ Հեղինակել է ավելի քան 300 երգեր, վոկալ շարքեր, օպերետներ։ Գրել է դաշնամուրային կոնցերտ (1969), կվարտետ (1969), օպերետ՝ «Քաղքենին ազնվական» (բեմադրվել է 1979, ԵԵԿԹ), մյուզիքլներ՝ «Ատամնաբույժն արևելյան» (բեմադրվել է 1976, ԵԵԿԹ), «Դինգ-դոնգ» (1979), «Շախ և մատ» (1986), երգաշարեր՝ «Առաջին խոսքն իմ», «Քարը», «Ես այն օրվանից», «Հուշ», կինոերաժշտություն։
Ահա և Ռոբերտ Ամիրխանյանի մտքերից․
Որտե՞ղ է կյանքն առհասարակ: Ի՞նչ է կյանքը: Տարածություն երկու մարդու միջեւ: Երբ նրանցից մեկը ինչ-որ զգացում, միտք, նախաձեռնություն ունի, հաղորդակցության պահանջով որոնում է մյուսին, որպեսզի հաստատվի միասնության կատարելությունը: Հիմա երկու մարդկանց միմյանց գտնելու ճանապարհն է վտանգված: Հիմա մեզնից յուրաքանչյուրը գնում է դեպի ինքն իրեն՝ միջոցներ է փնտրում ինքնապաշտպանվելու եւ ինքնահաստատվելու: Ու… երգի ժանրով փող են աշխատում, ու երգը դառնում է ծախու կին՝ վիրավորելով ինքն իրեն: Սրբությունները ոտատակ տալով, փող են աշխատում: Փորձիր կանխել, տեղնուտեղը գոյանում է պաշտպանական կաստա:
Զարմանալի չէ արդեն, որ նոր գեներացիան չգիտի՝ ի՞նչ է հայ երգը, եւ ինչ լսում է հայերեն, կարծում է՝ դա է հայ երգը: Ի՞նչ մնաց Կոմիտասից: Կոմիտասի մեծագույն առաքելությունը ոչ միայն հայ ժողովրդական երաժշտության մաքրումն ու անաղարտության վերականգնումն էր: Մենք դավաճանեցինք Կոմիտասին: Մենք լքեցինք նրան: Իսկ Կոմիտասն ապացուցել էր, որ հայ երգը կողմնորոշումների համակարգում ինքնուրույն ճյուղ է, չի ենթարկվում Արեւելքի կանոններին: Հայ երգի առանձնահատկությունները պետք է փնտրել եվրոպական համակարգման ներքին կայուն ունակությունների մեջ: Կոմիտասը լսեց ու լսեցրեց եվրոպական հիմք ունեցող մեր ինքնուրույն, ազգային երաժշտությունը: Այս կետից էլ սկսվեցին մեր չարիքները: Որովհետեւ կյանքում մենք արեւելյան կողմնորոշումներն ենք ընտրում: Ո՞վ կմտածեր, թե Թուրքիայի հետ առեւտուր ենք ծաղկեցնելու, թե պարսիկների շուկան կգա մեզ խեղդելու, որ մեզ այդտեղ կփնտրենք ու, ցավոք, կգտնենք:
Սիմոն Սարգսյանի ֆեյսբուքյան էջից
Ահա և անցած տարի այս ժամանակահատվածում Հովեր երգչախմբի համերգից մի հատված․







Բաց մի թողեք
Ամենադժվարը՝ հասարակ լինելն է … Մարտին Սկորսեզեի ծննդյան օրն է այսօր․ Լուսանկարներ, Տեսանյութ
Մահացել է Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան Խաչիկ Բադալյանը․ Լուսանկար
Imperial Orchestra-ն վերադառնում է Երևան՝ CINEMA MEDLEY լեգենդար շոուով. Լուսանկար