Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի լիցենզիան դադարեցնելու որոշումից հետո առաջիկա 3 ամիսների ընթացքում կբանակցի ընկերության տնօրենների խորհրդի հետ գույքի սեփականության իրավունքի փոխանցման վերաբերյալ։
Եթե կողմերը համաձայնության չգան, ապա պետությունը կարող է գերակա շահի հիմքով վերցնել սեփականության իրավունքը:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը:
«Այս գործընթացն այսօրվա նիստով չի ավարտվում: Ենթադրում եմ, որ կողմերը կփորձեն իրենց իրավունքները պաշտպանել այլ ատյաններում: Հետևաբար, պրոցեսը դեռ ունի շարունակություն, նաև այն իմաստով, որ այսօրվա նիստի որոշմամբ՝ մենք ընդամենը դադարեցրինք «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի լիցենզիան, բայց օրենքով նախատեսվում են գործընթացներ:
Առաջիկա 3 ամիսներին պետությունը ընկերության սեփականատիրոջ կամ տնօրենների խորհրդի հետ կսկսի բանակցել գույքի սեփականության իրավունքի փոխանցման վերաբերյալ: Եթե այդ 3 ամսվա ընթացքում կողմերը չգան համաձայնության, ապա դրանից հետո պետությունը կարող է գերակա շահի հիմքով վերցնել սեփականության իրավունքը»,- նշել է հանձնաժողովի նախագահը:
Մեսրոպյանը հավելել է, որ ՀԾԿՀ-ն փորձել է առավելագույնս ապահովել բոլոր կողմերի լսելի լինելը նիստի ընթացքում:
Նրա խոսքով՝ 3 օրվա ընթացքում 150-ից ավելի հարց է հնչեցվել, տրվել են պատասխաններ, որոնք կողմերից յուրաքանչյուրի համար գուցե այնքան էլ հաճելի չեն եղել:






Բաց մի թողեք
Cloudflare-ի խափանումը խախտել է աշխարհի բազմաթիվ կայքերի աշխատանքը, այդ թվում՝ Հայաստանում
Քիմ Քարդաշյանի Skims ապրանքանիշը գնահատվել է 5 մլրդ դոլար. Լուսանկար
Երևանը՝ լավագույն գիշերային կյանք ունեցող քաղաքների տասնյակում է․ Լուսանկար