04/12/2025

Ինչն է օրինական «մեծարգո վարչապետի» օրոք

Հայաստանի գործող իշխանությունն արդեն սկսել է պատրաստվել 2026 թվականի հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրությանը: Դրա վկայությունը ոչ միայն իշխող կուսակցությունում իրականացվող գործընթացն է՝ պատգամավորների թեկնածուների ընտրությունը և այլն, այլև դրանից դուրս տեղի ունեցող իրադարձությունները:

Հրապարակ թերթը գրել է․ Ու ասվածի վկայությունը ձերբակալություններն են: Այո, որքան էլ տարօրինակ ու աննորմալ հնչի ինքն իրեն ժողովրդավարական համարող իշխանության առումով, մեր օրերում ձերբակալությունները հենց նախընտրական գործընթացի մաս են:

Համայնքային ընտրությունից հետո Վաղարշապատում, օրինակ, ձերբակալվել են «Հաղթանակ» դաշինքի 10 անդամներ և կողմնակիցներ:

Մինչ այդ գաղտնալսել են նրանց խոսակցությունները՝ վստահաբար անօրինական եղանակով: Ինչը բնական երևույթ է, քանի որ դժվար է ասել, թե ինչն է օրինական կատարվում մեր երկրում «մեծարգո վարչապետի» օրոք:

Իսկ թե ինչու է գործող իշխանությունը Վաղարշապատում ընկել «Հաղթանակ» դաշինքի կողմնակիցների և անդամների հետևից, դրա պատասխանն էլ ակնհայտ է ու նաև բնական: Որովհետև շուրջ 70 հազար կազմող ընտրողներից (քվեարկությանը մասնակցել էր մոտ կեսը) 15000-ը կամ քվեարկողների 47 %-ը ձայն էր տվել ընդդիմադիր քաղաքական ուժերին: Ու այդ ընտրողների մեծամասնությունը՝ 10,000-ը, ձայն էր տվել հենց «Հաղթանակ» դաշինքի օգտին:

Այսինքն, դա լուրջ հաջողություն էր, և Ազգային Ժողովի ընտրությանը մարդկային այդ զանգվածը հանգիստ կարող է կրկնապատկվել կամ նույնիսկ եռապատկվել: Քանի որ մարդիկ մինչ այդ կհասկանան (հուսով եմ), որ կշեռքի վրա է պետության գոյության հարցը և ոչ թե ընդամենը համայնքապետ են ընտրում:

Ինչպես տեսնում ենք, ողջ գիտակից կյանքն ընտրախախտումների դեմ պայքար մղած լրագրող, իսկ այնուհետև քաղաքական գործիչ Փաշինյանն ընտրել է ընտրախախտման ամենաանօրինական ու դաժան եղանակը:

Ինչպես տեսնում ենք նաև, ժողովրդավարական կոչվող երկրում անօրինականությունը դարձել է առօրեական ու բնական երևույթ: Եթե անօրինական չէ, ապա ի՞նչ է, ասենք, գործարար ու բարերար Սամվել Կարապետյանին արդեն շուրջ կես տարի կալանավայրում պահելը: Կամ նրա սեփականությունը հանդիսացող ՀԷՑ ՓԲԸ-ի առումով կատարվածը և այդ թվում՝ լիցենզիան չեղարկելը:

Թե՞ անօրինական չէ Գյումրու ընտրված քաղաքապետ Վարդան Ղուկասյանին կալանավորելը: Կամ էլ նրան բերման ենթարկելու ժամանակ այդ բանի դեմ բողոքող գյումրեցիններին կալանավորելը: Կամ էլ, ինչպես հայտնի է դարձել լրատվամիջոցներին, նույնիսկ սոցցանցերում այդ երևույթի դեմ գրառումներ անողներին բացահայտելու գործընթաց նախաձեռնելը:

Էլ չասած Վեհափառի դեմ կատարվող ողջ ապօրինի գործընթացի մասին: Որի հերթական՝ ենթադրաբար ոչ վերջին, արարը վերջինիս եղբորն ու եղբորորդուն կալանավորելու վերաբերյալ գործը դատարան ուղարկելն էր:

Պարզ է, որ անօրինական ողջ գործընթացի հետ մեկտեղ գործող իշխանությանն է ծառայելու նաև Վաղարշապատի խոշորացված համանքում նրա հաղթանակը: Այն միտված կլինի, մի կողմից, Ազգային Ժողովի ընտրությանը, մյուս կողմից՝ Վեհափառի դեմ սկսված արշավին:

Երկրորդն, ի դեպ, օգտագործվելու է ոչ միայն ուղղակի իմաստով՝ կաթողիկոսին հրաժարական պարտադրելուն, այլև ուղղվելու է ԱԺ ընտրության քարոզարշավին ընդդիմությունը «փչացնելուն»: Ինչին էլ, Նիկոլի կարծիքով, օժանդակելու է կաթողիկոսի եղբորն ու վերջին որդուն կալանավորելը:

Եվ, ինչպես փաստաբաններ Ռուբեն Մելիքյանն ու Արա Զոհրաբյանն են ասում, բացարձակ անհեթեթ և ապօրինի հիմնավորմամբ: Չնայած անհեթեթն անօրինականի նման ևս դարձել է նիկոլական ժողովրդավարության» իրավապահ համակարգի գործունեության բանաձևը:

Ինչևէ, Վեհափառի առումով կա ընդամենը գործողության մեկ տարբերակ: Դա նրա կողմից աթոռակից կաթողիկոս նշանակելն է: Այդ քայլը, որքան հիշում եմ, արդեն առաջարկվել է «Հրապարակ»-ի հեղինակներից մեկի կողմից: Դա, իհարկե, դժվար որոշում կլինի կաթողիկոսի համար, բայց դրանով կփակվի ողջ այդ պատմությունը:

Եթե միաժամանակ հայտարարվի, որ  կես տարի անց, ինչպես եկեղեցական կարգն է պահանջում, կլինի նոր Վեհափառի ընտրություն: Դա, նախ, Նիկոլի ձեռքից կխլի նրա ամենագործուն գործիքն ընդդեմ ընդիմության 2026-ի ընտրությանն ընդառաջ: Երկրորդ, ծեր մարդուն՝ կաթողիկոսի հարազատ եղբորը, և նրա որդուն կազատի տառապանքներից: Ինչպես նաև հենց իրեն՝ եթե ճիշտ եմ ենթադրում:

Ինչը, բնականաբար, լայնորեն կօգտագործվի Նիկոլի կողմից՝ եթե չարվի առաջարկվող քայլը: Եվ եթե դա նպաստի Ազգային Ժողովի ընտրությամբ իշխանություն փոխելուն, ապա Վեհափառի անունը կմնա պատմության մեջ: Եթե պարտվի ընդդիմությունը, ապա Նիկոլն ամեն ինչ կանի, որպեսզի կաթողիկոսին ստիպի հրաժարական ներկայացնել:

Ինչի նախանշանն արդեն երևում է. դա Վայոց ձորի Խաչիկ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում մառուցված պատարագին մարզային թեմի առաջնորդ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի ներկայությունն է։