Ամենայն հայոց կաթողիկոսի եղբոր ու եղբորորդու դեմ հարուցված գործի քննությունը Քննչական կոմիտեն 20 օրում ավարտել է ու ուղարկել դատարան: Գարեգին Բ կաթողիկոսի մերձավորների դեմ՝ մեկ հոգու ցուցմունքով հարուցված քրեական գործը կայծակնային արագությամբ հասել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան եւ մակագրվել դատավոր Գեւորգ Մանուկյանին։
Հիշեցնենք, որ կաթողիկոսի եղբայրն ու եղբորորդին կալանավորված են իշխող ՔՊ-ի կոալիցիոն գործընկեր «Հանրապետություն» կուսակցության անդամի հաղորդման հիման վրա: Վաղարշապատի համայնքապետի պաշտոնի համար պայքարող նրանց թեկնածուն՝ Հարություն Մկրտչյանը, նախ Ֆեյսբուքում էր գրել, թե Ոսկեհատ գյուղում կաթողիկոսի եղբայրն ու եղբոր տղան խոչընդոտել են իրենց քարոզարշավը, հետո էլ նրանց թիմակիցներից մեկը հաղորդում էր ներկայացրել ոստիկանություն:
Ներսիսյանների փաստաբան Արա Զոհրաբյանն այդ ժամանակ հրապարակել էր տեսանյութ, որտեղ երեք անձ պարզապես զրուցում են, եւ որեւէ արտառոց իրավիճակ չկա, այսինքն՝ խոչընդոտելու փաստը չի հաստատվում: Բայց քանի որ տեսանյութը հրապարակվել էր անձայն, հակառակ կողմը պնդում էր, որ հնչել են հայհոյանքներ։ Արդյո՞ք հայհոյանքները քարոզարշավը խոչընդոտելու հանգամանք կարող են դիտվել։
Ներսիսյանների փաստաբանը պատմել էր, որ կաթողիկոսի եղբորորդին՝ Համբարձումը, «Հանրապետություն» կուսակցության անդամի հետ զրույցում հրաժարվել է մասնակցել սպասվող հավաքին, այդ մարդը փորձել է համոզել, խոսել են, այնուհետեւ մոտեցել է Համբարձումի հայրը՝ Գեւորգ Ներսիսյանը, երեքով խոսել են, այսքանով ավարտվել է ամեն ինչ:
Հիշեցնենք նաեւ, որ Հարություն Մկրտչյանը, ինչպես Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմակիցները, պահանջում է կաթողիկոսի հրաժարականը: Վաղարշապատի ընտրություններում «Հանրապետություն» կուսակցությունը ներկայացրած Հարություն Մկրտչյանն անցողիկ նվազագույն շեմը չի հաղթահարել: Ընտրություններն ավարտվել են, սակայն հայր եւ որդի Ներսիսյանները շարունակում են մնալ կալանքի տակ։
Նշենք նաեւ, որ Վեհափառի քրոջ որդին` Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը եւս կալանքի տակ է։ Նա կալանավորվել է հոկտեմբերի 16-ին` 2 ամսով։ Մկրտիչ սրբազանը մեղադրվում է նախկին քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (Ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը) եւ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 3-րդ մասով (Հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաեւ՝ հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը): Խոսքը 2021-ի ընտրությունների մասին է։
Այս բոլոր քրեական վարույթները իրավապաշտպանները համարում են Վեհափառի դեմ սկսված արշավի շրջանակում իրականացված գործողություններ։






Բաց մի թողեք
Տարիներ առաջ ո՞վ կարող էր պատկերացնել, որ մենք հասնելու ենք այս վիճակին
Ով է «Ճապ»-ը, կրիմինալ անցյալը, կապը ՔՊ-ական նախկին քաղաքապետուհու հետ
71,8 մլն դրամ լրացուցիչ ֆինանսավորում է եղել Արսեն Թորոսյանի օրոք՝ առանց փաստացի ծառայության․ կոռուպցիայի մաս 7