13/12/2025

Իշխանական «պատարագների» ժամանակ զեղչվում է Վեհափառի անունը, իսկ պետական «Արմենպրեսը» զեղչում է Ռուբեն Վարդանյանի անունը

Այսօր տեղեկացանք, որ Ռուբեն Վարդանյանի կառուցած «ՏաԹևեր» ճոպանուղին չորրորդ անգամ է մրցանակ բերել Հայաստանին՝ աշխարհին ճանաչելի դարձնելով Հայաստանը և մեծացնելով Հայաստանի զբոսաշրջային գրավչությունը: 

«ՏաԹևեր»-ի թիմի տարածած հաղորդագրությունը, որտեղ հստակ նշված է, որ ճոպանուղին կառուցվել է բարերար Ռուբեն Վարդանյանի նախաձեռնությամբ,  ի թիվս բազմաթիվ այլ լրատվամիջոցների, հրապարակել է նաև «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը՝ միայն մեկ տարբերությամբ՝ զեղչել է Ռուբեն Վարդանյանի անունը:

Իհարկե, պետական այս լրատվամիջոցի խմբագիրները կարող են արդարանալ, թե հաղորդագրությունները երբեմն ծավալի պատճառով կրճատում են, բայց միանգամից ասենք, որ լրագրողական բոլոր կանոններով, եթե անգամ կրճատում է լինում, կրճատվում է ոչ էական, երկրորդական ինֆորմացիան, իսկ այս պարագայում ճոպանուղին կառուցած և ներկայումս Բաքվի բանտում պահվող Ռուբեն Վարդանյանի անվան հիշատակումը ոչ միայն երկրորդական չէ, այլև ամենակարևորն է:

Ստացվում է, վարչապետի պահանջով  իշխանական «պատարագների» ժամանակ զեղչվում է Վեհափառի անունը, իսկ պետական «Արմենպրեսը» զեղչում է Ռուբեն Վարդանյանի անունը:

Armenian Global Community տելեգրամյան ալիքի էջից