27/12/2025

Իրականում արտագաղթի ծրագիր է․ Մանե Թանդիլյան

Արցախի մեր հայրենակիցների բնակապահովման ծրագիրն իրականում «արտագաղթի ծրագիր» է, քանի որ կառավարության անգործության արդյունքում՝ 25.000 ընտանիքներից երկու տարում բնակարան է ձեռք բերել ընդամենը 1.500 ընտանիք։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը:

«Գործող ծրագրի պայմանները լիովին անընդունելի են արցախցիների համար, և մենք ներկայացնում ենք իրական լուծումներ, որոնք հնարավոր են միայն իշխանափոխությունից հետո.
Հանել ՀՀ քաղաքացիություն ստանալու անհիմն պահանջը,

Արցախի քաղաքային բնակավայրերում ապրած մարդկանց համար սահմանել մեկ անձի համար 7 մլն դրամի չափով սերտիֆիկատ,

Արցախի գյուղական բնակավայրերում ապրած քաղաքացիների համար սահմանել մեկ անձի համար 6 մլն դրամի չափով սերտիֆիկատ,

Սահմանել ընտանիքի աջակցության նվազագույն չափ՝ 16 մլն դրամի չափով և առավելագույն չափ՝ 32 մլն դրամ՝ անկախ ընտանիքի անդամների քանակից։

Արցախցի մեր հայրենակիցները պետք է շատ արագ ունենան պատշաճ բնակարան իրենց մայր հայրենիքում և հնարավորություն ստանան լիարժեք ինտեգրվել մեր հասարակություն։
Եվ սա նվազագույնն է, որ Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է անել նրանց համար»: