«Ուոլ սթրիթ ջոռնելին» հայտնի է դարձել, որ Միացյալ Նահանգները եվրոպացի գործընկերներին ներկայացրել է Ռուսաստանը «համաշխարհային տնտեսություն վերադարձնելու ծրագիր»:
Այդ մասին հաղորդում է ռուսաստանյան «Կոմերսանտը», որի ներկայացմամբ «ամերիկյան առաջարկությունները շարադրված են երկու առանձին էջով»:
Վաշինգտոնը եվրոպացիներին առաջարկում է ռուսական սառեցված ակտիվներից 200 միլիարդ դոլար հատկացնել Ուկրաինայի տնտեսական վերականգնմանը:
Փաստաթղթում խոսվում է Ուկրաինայում «տվյալների մշակման խոշոր կենտրոն» ստեղծելու մասին՝ առանց կոնկրետացման, թե ինչ նպատակի պետք է ծառայի այդ «հաստատությունը»:
Երկրորդ փաստաթղթով ԱՄՆ-ը եվրոպացիներին տեղեկացրել է Ռուսաստանի տնտեսության տարբեր ճյուղերում ամերիկյան ընկերությունների կողմից ներդրումների մասին: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է հազվագյուտ մետաղների և Արկտիկայում էներգակիրների հանքավայրերի շահագործմանը:
Երկու փաստաթղթերն էլ, ըստ ամերիկյան լրատվամիջոցի, ներկայացվել են որպես ուկրաինական կարգավորման «ծրագրի տնտեսական հավելվածներ»: Պարբերականին հայտնի է դարձել, որ եվրոպացի մի բարձրաստիճան պաշտոնյան այդ ծրագիրը համեմատել է «Գազայում Ռիվիերա ստեղծելու Թրամփի երևակայության հետ»:
Դեկտեմբերի 10-ին Ուկրաինայի նախագահ Զելենսկին հանդիպել է Գերագույն ռադայի մի խումբ պատգամավորների եւ խոսել նախագահական ընտրություններ անցկացնելու հավանականությունից:
Նա ասել է, որ գործընկեր երկրների հետ քննարկում է քվեարկության համար անհրաժեշտ անվտանգություն ապահովելու հարցը, բայց «իրավական լուծումները պետք է գտնվեն երկրում»:
Ավելի վաղ Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է կրակը դադարեցնի, որպեսզի առաջիկա 60-90 օրերի ընթացքում նախագահական ընտրություններ անցկացվեն:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Զելենսկուն մեղադրել է «ծուղակներ լարելու» մեջ: Նա ասել է, որ միջազգային պրակտիկայում չգիտի նման դեպք, երբ «իր երկրում ընտրություններ անցկացնելու համար որևէ առաջնորդ մեկ այլ երկրի պահանջներ ներկայացնի»:
Դեկտեմբերի 10-ին Ուկրաինան միաժամանակ Վաշինգտոնին ներկայացրել է կարգավորման իր տարբերակը, որ համաձայնեցված է եվրոպական «եռյակի»՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի հետ: Ամենայն հավանականությամբ, Մոսկվան և Վաշինգտոնը «խաղաղության ծրագրի ուկրաինական խմբագրումը» չեն ընդունի:
Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Սիրսկին նույն օրը հայտարարել է, որ «ռազմաճակատում դրությունը բարդ է, բայց՝ կառավարելի»: Իսկ կարգավորման դիվանագիտական հնարավորությունը շատ փոքր է:

Բաց մի թողեք
Մեծ Բրիտանիային չի կարելի թողնել ինքնուրույն որոշելու իր ապագան
Եվրոպական տեխնոլոգիական ընկերությունների գործադիր տնօրենները ցանկանում են ուղիղ կապ ԵՄ քաղաքականության մշակման համար
Ջենրիկ. «Բըրնհեմը կասկածելի պոլո շապիկով Քիր Սթարմերն է»