01/01/2026

Ալիևի կողմից «հօգուտ Փաշինյանի» Հայաստանում մթնոլորտ ձևավորելու մասին

Բաքվի իշխանական minval politika-ն անդրադարձել է Եվրամիության տարածաշրջանային քաղաքականությանը և կրկնել պաշտոնական թեզը, որ ԵՄ – Հայաստան ռազմավարական համագործակցության օրակարգը «հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին լուրջ մարտահրավեր է»:

Լրատվամիջոցի գնահատմամբ՝ «բրյուսելյան բյուրոկրատիան անհանգստացած է Հարավային Կովկասում Միացյալ Նահանգների ազդեցության տարածման և ամրապնդման հեռանկարով, ուստի բացառված չէ, որ Եվրամիությունը փորձի Հայաստանի միջոցով խոչընդոտներ հարուցել»:

Հեղինակը դիտարկել է, որ եկող տարի Եվրամիության «նախագահությունն անցնում է Կիպրոսին, և Նիկոսիան, ամենայն հավանականությամբ, վարելու է ԵՄ անվտանգային ծրագրերին Թուրքիայի ներգրավվածությունը հնարավոր բոլոր միջոցներով արգելափակել՝ ունենալով Հունաստանի գործուն աջակցությունը»: Ադրբեջանցի մեկնաբանն, անկասկած, ելնում է տարեվերջին Երուսաղեմում կայացած Իսրայել-Հունաստան-ԿԻպրոս գագաթնաժողովի կարևորությունից:

Ինչպես հայտնի է, դրան հաջորդել է երեք երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև հուշագրի ստորագրումը, որն Անկարան միանշանակորեն համարում է «հակաթուրքական ռազմական ալյանսի ձևավորման ազդակ»:

Ավելի վաղ փոխըմբռնման և համագործակցության մասին հուշագիր է ստորագրվել Հունաստանի և Հայաստանի պաշտպանության նախարարությունների միջև, իսկ դրան նախորդել են իսրայելա-հայկական որոշակի շփումներ:

Ադրբեջանի կիսապաշտոնական լրատվամիջոցը բավական զգաստացնող միտում է բացահայտել. Բաքուն ձգտում է ներկայանալ որպես Հարավային Կովկասում Միացյալ Նահանգների «միակ դաշնակից», իսկ Հայաստանին վերագրում է Եվրամիության «հովանավորյալի» դերակատարություն:

Որպես ասվածի «հիմնավորում», ադրբեջանցի հեղինակը գրում է, որ «միայն ավարտվող տարում Հայաստանում ավելի քան հիսուն հանրային-քաղաքական գործիչներ, բարձրաստիճան հոգևորականներ ենթարկվել են հետապնդումների, շատերը կալանավորված են, բայց Բրյուսելու դա հետևողականորեն չնկատելու են տալիս»:

Տպավորություն է, որ պաշտոնական Բաքուն ձգտում է տարածաշրջանի ապաշրջափակման և այլ հարցերում հենվել ռուս-ամերիկյան պայմանավորվածությունների վրա կամ փորձում է ներգրավել դրանց և խոչընդոտել Հարավային Կովկասում Եվրամիության ներկայացվածությանը:

Այս առումով, սա թերևս միայն Ալիևի կողմից «հօգուտ Փաշինյանի» Հայաստանում մթնոլորտ ձևավորելու մասին է: