Թրամփի Վենեսուելայի նկատմամբ վարած քաղաքականությանը պետք է նաև այլ տեսանկյունից նայել, գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։
«Իհարկե, նավթի, թմրամիջոցների, ապօրինի միգրացիայի և անվտանգային խնդիրները չափազանց կարևոր են Թրամփի վենեսուելական քաղաքականության կոնտեքստում, սակայն դրանք միայն լոկալ խնդիրներ են։ Կա նաև գլոբալ խնդիր, որը Չինաստանի հետ ԱՄՆ մրցակցությունն է, որի կիզակետում հայտնվել է նաև Վենեսուելան։
ԱՄՆ-ը բավականին խանդոտ է նայում Չինաստանի աճող ազդեցությանը և գլոբալ մրցավազքին, մանավանդ երբ Պեկինը սկսում է ազդեցություն ձեռք բերել ԱՄՆ քթի տակ՝ Լատինական Ամերիկայում։ Դրա վառ ապացույցը Պանաման էր, որի նեղուցը հանձնված էր չինական ընկերությունների կառավարմանը մինչ Թրամփի գալը։ Լատինական Ամերիկայի և Չինաստանի միջև առևտուրը արդեն իսկ 2024 թվականին կազմել է շուրջ $500 մլրդ և աճի հսակայական միտում ունի։ Իսկ Չինաստանի հիմնական գործընկերներից մեկը հենց Վենեսուելան է։ Ի դեպ, վենեսուելական չվերամշակված նավթի շուրջ 70 տոկոսը գնում է հենց Չինաստան, ինչը բնականաբար չի գոհացնում Թրամփի վարչակազմին։
ԱՄՆ-ն փորձում է թույլ չտալ Պեկինին ամրանալ Լատինական Ամերիկայում՝ հնարավոր բոլոր մեթոդներով խանգարելով դրան։ Այս տրամաբանությամբ հաջորդը, ամենայն հավանականությամբ, լինելու է Կուբան։
Ի դեպ, Լատինական Ամերիկայի նկատմամբ կոշտ դիրքավորում ունի պետքարտուղար Ռուբիոն, ով միաժամանակ զբաղեցնում է նաև անվտանգության հարցերով նախագահի խորհրդականի պաշտոնը։ Նշանակվելուց օրեր անց Ռուբիոն իր առաջին օտարերկրյա ուղևորությունն իրականացրեց հենց Լատինական Ամերիկա, ինչը հստակ ուղերձ էր։ Ի դեպ, Վենեսուելայում իշխանափոխության հիմնական ճարտարապետներից մեկը հենց Ռուբիոն էր։ Այնպես որ Մադուրոն վճարում է ոչ միայն իր գործունեության, այլ նաև Չինաստանին տարածաշրջան բերելու համար։
Նկարում ես և Մադուրոն՝ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի դահլիճում Շակիրայի հետ երգում ենք Լենոնի Imagine-ը։ Ո՞վ կպատկերացներ, որ տասը տարի անց Մադուրոն հենց Նյու Յորքում կկանգնի ամերիկյան արդարադատության առաջ»։







Բաց մի թողեք
Վախենում են շեֆի անկանոն վարքից, կա՛մ կան ու հնազանդ աշխատում են շեֆի դեմ
«Երկրի ժանտախտը». Փաշինյանն այսպիսով այսօր կատարեց մի պատմական քայլ …
Հանդարտվեք` սա հերթական փիառ ակցիան է, ավելի շուտ հոգեբանական գրոհը