Դավոսում ոչ միայն ստորագրվել է «Խաղաղության խորհրդի» հիմնադրման փաստաթուղթը, այլև ներկայացվել է Գազայի վերականգնման ծրագիրը:
Խոսքն արդեն ոչ թե քաղաքական հայտարարության կամ դիվանագիտական ձևակերպման մասին է, այլ՝ մշակված ծրագրի, որի իրականացման համար «Խաղաղության խորհրդի» հիմնական անդամ երկրներից յուրաքանչյուրը պետք է ներդնի ոչ պակաս, քան մեկ միլիարդ դոլար:
Գազայի վերականգնման ծրագիրը, մինչդեռ, այնքան ընդգրկուն եւ հավակնոտ է, որ այն իրականություն դարձնելու ցանկությունը կամ նույնիսկ մտադրությունը թողնում է երեւակայության տպավորություն:
Բավական է ասել, որ նախատեսվում է պաղեստինյան անկլավում կես միլիոն բնակչության համար կառուցել հարյուր հիսուն հազար տուն կամ բնակարան: Ծրագրի համաձայն Գազան պետք է ունենա նավահանգիստ և միջազգային օդանավակայան, անկլավի բնակավայրերը նախատեսվում է կապել ճեպընթաց գնացքներով, ստեղծել զբոսաշրջային գոտի՝ բոլոր ենթակառուցվածքներով և այլն:
Ինչպես հայտնի է, ԱՄՆ նախագահի պաշտոնն ստանձնելուց կարճ ժամանակ անց Դոնալդ Թրամփն առաջարկել է Գազայից պաղեստինցիներին տարհանել-վերաբնակեցնել հարևան արաբական երկրներում, իսկ ավերված անկլավը՝ վերականգնել և արդիականացնել որպես «մերձավորարևելյան Ռիվիերա»:
Պաղեստինցիների տարհանման գաղափարն արժանացել է արաբական և գրեթե ամբողջ իսլամական աշխարհի քննադատությանը, իսկ Գազան «Ռիվիերա դարձնելու» Թրամփի գաղափարն, ինչպես պարզվել է, մնում է օրակարգում:
Իսրայելական vesty ռուսալեզու կայքի մեկնաբանը, մեկ առ մեկ գնահատելով Գազայի վերականգնման ծրագրի բաղադրիչները, հանգել է հետևության, որ Դոնալդ Թրամփը «մտադրվել է ստեղծել Գազա պետություն»:
Նա տարակուսանք է հայտնել, որ Իսրայելի կառավարությունը «որևէ կերպ չի մեկնաբանում խնդիրը, չի հայտարարում սեփական կարմիր գծերի մասին»: Իսրայելցի հեղինակի գլխավոր մտահոգությունը կապված է «անվտանգության երաշխիքների բացակայության» հետ:
Նա համոզված է, որ Իսրայելի, հրեականության և բոլոր հրեաների նկատմամբ «թշնամանքի քարոզչությամբ սնուցված պաղեստինցիները չեն կարող վերակողմնորոշվել և ընտրել հաշտությունը»:
Դավոսում Իսրայելը ներկայացրել է նախագահ Իցհակ Հերցոգը: Նա «Խաղաղության խորհրդի» հիմնադրման փաստաթուղթը չի ստորագրել, այդ թեմայով քննարկումներին չի մասնակցել:
Հերցոգը, սակայն, Դավոսում հայտարարել է, որ Իսրայելի հասցեին Եվրոպայում հնչած քննադատությունը «հավասարազոր է ահաբեկչության հովանավորմանը»:
Գազայի վերականգնման ծրագրի հովանավորը Միացյալ Նահանգներն է, որ Եվրոպայի հետ հարաբերություններում խոր տարաձայնությունների փուլ է մտել:
Հակակշիռ ի՞նչ քայլերի կդիմի Իսրայելի վարչապետ Նաթանյահուն: Ըստ որոշ տեղեկությունների, նա պատրաստվում է փետրվարին մեկնել Միացյալ Նահանգներ: Նաթանյահուն, հավանաբար, կփորձի համախմբել ԱՄՆ հրեական կառույցներին, որպեսզի նրանք ազդեն Դոնալդ Թրամփի մերձավորարևելյան քաղաքականության վրա:
Իսրայելցի փորձագետների մեծամասնությունը համոզված է, որ Թրամփը «առաջնահերթ կարևորություն է տալիս Թուրքիային»: Նույնիսկ ադրբեջանական մամուլն է արձանագրել, որ Սիրիայի հարցում Թուրքիան Իսրայելի նկատմամբ «ռազմավարական հաղթական է տանում, քանի որ ԱՄՆ-ը լքել է քրդերին»:






Բաց մի թողեք
ԱՄՆ-ում քաղաքացիական պատերազմ է․ Լուսանկար
Իրանը մտադիր չէ բանակցել սովորական սպառազինությունների, այդ թվում նաեւ՝ հրթիռային ծրագրի հարցով
Ալի Խամենեին տեղափոխվել է հատուկ ստորգետնյա ապաստարան՝ բունկեր