13/02/2026

Չարլզ Դիկենսը գրեց այնպես, կարծես խոստացել էր կյանքին՝ չլռել։ Եվ այդ խոստումը պահեց մինչև վերջ

Այսօր միջազգային դասական գրող Չարլզ Դիկենսի ծննդյան օրն է: Նրա կյանքի մի անչափ հետաքրքիր դիպվածով եմ ուզում ներկայացնել մեծ գրողին, որպեսզի պատկերացնեք կնոջ մեծ սերն ինչպես է երբեմն արտահայտվում։

Պատմվում է՝ մի օր անգլիական տան շեմին հայտնվում է թանկարժեք ապարանջան։ Առարկա, որը պիտի լիներ սիրո նշան, բայց դառնում է ճեղք։ Այն հասցեագրված էր ոչ թե տանտիրուհուն՝ Քեթրին Հոգարդին, այլ մի երիտասարդ աղջկա՝ Էլեն Թերնանին։

Այդ պահից ընտանիքի ներսում տեղի ունեցածը հիշեցնում է Դիկենսի սեփական վեպերից մեկը․ նվաստացում, լռության մեջ կատարվող բռնություն, և մի որոշում, որը ճակատագիր է դառնում։ Ասում են՝ Չարլզ Դիկենսը ստիպում է կնոջը անձամբ հանձնել նվերը սիրուհուն ու ներողություն խնդրել։ Այդ պահից ամուսնությունը փաստացի ավարտվում է։

Բայց պատմության ամենասուր տեղը այստեղ չէ։

Ամենախորը ճշմարտությունը Քեթրին Հոգարդի լռության մեջ է։ Նա չի փորձում վերաշարադրել անցյալը, չի փորձում արդարանալ, չի փորձում վրեժ լուծել։ Նա շարունակում է սիրել։ Տարիներ շարունակ՝ բաժանումից հետո էլ, նրանք նամակներ են գրում միմյանց։ Ոչ հրապարակային, ոչ ցուցադրական սիրո նամակներ, այլ՝ մարդկային, խոցելի, երբեմն ցավոտ խոստովանություններ։ Սեր, որը չի հաղթում, բայց չի էլ մեռնում։

Եվ արդեն կյանքի վերջում Քեթրինը կատարում է մի քայլ, որը գրեթե գրական ժեստ է։ Նա իր դստերը խնդրում է այդ նամակները հանձնել Բրիտանիայի թանգարանին։ Ոչ վրեժից դրդված, ոչ արդարացում որոնելով։ Միայն մեկ պատճառով՝ որ մարդկությունը երբևէ իմանա, որ Չարլզ Դիկենսը սիրել է իրեն։

Այս ցանկությունը զարմանալիորեն համեստ է։ Ոչ՝ «նա դավաճան էր», ոչ՝ «նա ինձ կործանեց», այլ պարզապես՝ «նա սիրել է ինձ»։ Սրա մեջ կա մի անսահման մարդկային արժանապատվություն։ Քեթրին Հոգարդը կարծես հասկանում էր մի բան, որ հաճախ մոռանում ենք․ մեծ գրողների կյանքում մենք սովոր ենք փնտրել մեծ մեղքեր կամ մեծ արդարացումներ, բայց իրականում ամեն ինչ որոշվում է փոքր, լուռ ճշմարտություններով։

Դիկենսը մնաց որպես հանճարեղ պատմող, աղքատների ձայն, մանկության խոցելիության պաշտպան։ Բայց նրա կյանքի կողքին միշտ մնաց մի կին, որի սերը չէր դարձել սյուժե, բայց դարձավ վկայություն։ Եվ այդ նամակների փոխանցումը թանգարանին ոչ թե պատմական ակտ էր, այլ վերջին սիրո ժեստը։

Թերևս սա է դիպվածի ամենադաժան և ամենագեղեցիկ կողմը․ մեծ գրականությունը ապրում է գրքերում, իսկ մեծ սերը՝ երբեմն միայն արխիվներում։

Չարլզ Դիկենսը այն գրողներից էր, որոնց մանկությունը երբեք չավարտվեց․ ոչ որովհետև նա մնաց երեխա, այլ որովհետև երբեք չմոռացավ, թե ինչ է նշանակում լինել փոքր, անպաշտպան և անտեսված։ Նրա գրականությունը ծնվեց ոչ գրասեղանից, այլ՝ Լոնդոնի մշուշոտ փողոցներից, աղքատանոցների խոնավ պատերից, գործարանների մետաղական շնչից։ Նա գրեց այն մարդկանց համար, որոնց անունները սովորաբար չեն մնում պատմության մեջ։

Դիկենսի աշխարհում քաղաքը կենդանի է․ այն ունի սիրտ, հիշողություն և խղճի խայթ։ Նրա հերոսները հաճախ թվում են չափազանցված, երբեմն՝ գրեթե ծաղրանկարային, բայց հենց այդ չափազանցման մեջ է ճշմարտությունը։ Նա գիտեր՝ իրականությունը երբեմն այնքան դաժան է, որ առանց գեղարվեստական խտացման անհնար է այն տեսանելի դարձնել։ Նրա կերպարները քայլում են մեր կողքով՝ խեղճ, հպարտ, խաբված, բայց միշտ՝ մարդկային։

Դիկենսը հավատում էր բարությանը, բայց ոչ միամիտ ձևով։ Նրա բարությունը պայքարող էր, հաճախ ցավի միջով անցած։ Նա չէր փակվում գեղեցիկ վերջաբանների մեջ․ նա պահանջում էր, որ աշխարհը փոխվի։ Նրա վեպերը մեղադրական ճառեր էին՝ ուղղված անարդարությանը, անտարբերությանը, սոցիալական կուրությանը։ Բայց այդ ճառերի խորքում միշտ մի մեղմ ձայն կար՝ կարեկցանքի ձայնը։

Նա գրում էր արագ, շնչառությամբ, ասես վախենալով, որ եթե կանգ առնի, փողոցների աղմուկը կհաղթի իրեն։ Այդ պատճառով նրա արձակը լի է շարժումով, դեմքերով, ձայներով։ Դիկենսը ոչ թե նկարագրում էր կյանքը, այլ՝ կրկնօրինակում նրա խառնաշփոթը՝ ամբողջ ծանրությամբ և ամբողջ հմայքով։

Եվ, այնուամենայնիվ, նրա ամենամեծ թեման սերն էր։ Ոչ միշտ երջանիկ, ոչ միշտ արդար, բայց համառ։ Սեր, որը դիմանում է աղքատությանը, հասարակական խարանին, ժամանակի կոպիտ օրենքներին։ Գուցե հենց այդ պատճառով Դիկենսի գրքերը մինչ այսօր չեն հնանում․ որովհետև աշխարհը դեռ լի է նույն երեխաներով, նույն անտեսվածներով, նույն հույսով, որ ինչ-որ մեկը վերջապես կլսի։

Չարլզ Դիկենսը գրեց այնպես, կարծես խոստացել էր կյանքին՝ չլռել։ Եվ այդ խոստումը պահեց մինչև վերջ։

Սիմոն Սարգսյան

ՎԵՐԱԾՆՈՒՆԴ RENAISSANCE: Չարլզ Դիքենս