17/04/2026

EU – Armenia

Հեսա ընտրություններ են, ի՞նչ իմպիչմենթ, ի՞նչ փողոցային պայքար․ Ալեն Սիմոնյան

«Ռոբերտ Քոչարյանը թող նախ կարողանա «Հայաստան» խմբակցությունը ղեկավարել։ Ակնհայտ է, որ «Հայաստան» խմբակցությունը նա չի ղեկավարում, այնտեղ Դաշնակցությունը վերցրել է իշխանությունը, մնացածն ուղղակի սատելիտ են։ Ով ով, Քոչարյանը ղեկավարելու մասին թող չխոսի»:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը. «Քոչարյանն այլ բան ունի անհանգստանալու՝ հաջորդ խորհրդարանական ընտրություններին հատելո՞ւ է շեմը և հայտնվի խորհրդարանում, թե՞ իր ամբողջ ընդդիմադիր ռեսուրսը, որ կա, այլ կուսակցություններ են վերցնելու։ Իմ ինֆորմացիայով՝ ինքն այդ խնդիրն ունի»։

ԱԺ նախագահի գնահատմամբ՝ 2021 թվականին «Հայաստան» դաշինքն ընտրած քաղաքացիների առյուծի բաժինն այլևս Քոչարյանին ձայն չի տալու. «Այդ քաղաքացիների առյուծի բաժինն իր ձայնը տալու է այլ ընդդիմադիր կուսակցության։ Սրա մասին Ռոբերտ Քոչարյանը շատ լավ գիտի»։

Ալեն Սիմոնյանը վստահություն է հայտնել, որ 2-3 ընդդիմադիր ուժ կարող է հատել անցողիկ շեմը. «Դա ընտրարշավը ցույց կտա։ Կարծում եմ՝ կա՛մ «Մեր ձևով»-ի տարբերակն է, կա՛մ Ծառուկյանի տարբերակն է։ Իրենք երկուսով են մրցելու ընդդիմադիր առաջին ուժը լինելու համար»:

«Խուճապի մեջ ենք»,- հեգնել Ալեն Սիմոնյանը լրագրողի հարցին, թե ինչպե՞ս է վերաբերում ՀՀԿ-ի՝ իմպիչմենթի գործընթացին․ «Հեսա ընտրություններ են, ի՞նչ իմպիչմենթ, ի՞նչ փողոցային պայքար։ Հանրապետականները 400 հոգի մարդ չունեն՝ ընտրություններին մասնակցեն, ի՞նչ իմպիչմենթ անեն»:

Ինչ վերաբերում է իշխանության հասցեին Սերժ Սարգսյանի մեղադրանքներին՝ Սիմոնյանն առաջարկել է նրան մասնակցել ընտրություններին, եթե կարող է. «Սերժ Սարգսյանին որպես քաղաքական անցյալ եմ վերաբերվում: Սերժ Սարգսյան քաղաքական գործիչ քաղաքական դաշտում գոյություն չունի, չի կարող ունենալ: Այդ մարդը մերժված է, մերժված մնալու է պատմության մեջ»: