Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Նախիջևանի «օդանավակայանի և քաղաքացիական այլ օբյեկտների դեմ իրանական հարձակումը» երկրի Անվատանգության խորհրդի նիստում որակել է «նողկալի և ոչ տղամարդկային ահաբեկչություն»:
Նա հայտարարել է, որ բանակին, սահմանապահ և հատուկ ուժերին «անհրաժեշտ կագադրություններ արված են, նրանք պատրաստ են իրականացնել ցանկացած ռազմագործողություն»: Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը իր հերթին հավաստիացրել է, որ Իրանի «թշնամական գործուղությունները անպատասխան չեն մնա»:
Ցյուրիխում բնակվող ադրբեջանցի քաղաքական մեկնաբան Ռաուֆ Միրկադիրովը ֆեյսբուքի անհատական օգտահաշվում վերլուծական հոդված է հրապարակել: Նրա գնահատմամբ՝ Թուրքիայի դեմ «հրթիռի արձակումը և Նախիջևանի օդանավակայանի թիրախավորումը կարող են լինել Իրանի կողմից ձեռնարկված կանխարգելիչ քայլեր»:
Ըստ Միրկադիրովի, «օդային հարվածների և իշխանության ու զինվորականության բարձրաստիճան ներկայացուցիչների միջոցով կրոնապետության տապալման ծրագրի իրականացումը դժվարացել» է:
Հղում անելով անանուն դիվանագիտական աղբյուրների, նա գրել է, որ Իսրայելը և Միացյալ Նահանգները «Իրանում կրոնապետության տապալման Բ. ծրագիր ունեն, որ ենթադրում է ցամաքային ռազմագործողության իրականացում»:
Միրկադիրովը գտնում է, որ ԱՄՆ-ը և Իսրայելը «նպատակադրված են Իրանի արեւմտյան տարածքները գրավել քրդական զինված խմբավորումների միջոցով»:
Ադրբեջանի Անվտանգության խորհրդի նիստից հետո կայացել է Թուրքիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հեռախոսազրույց, որի ընթացքում քննարկվել է «Նախիջևանի օդանավակայանի դեմ հարձակման կապակցությամբ ստեղծված իրավիճակը»:
Գրեթե համաժամանակյա տեղեկություն է տարածվել, որ Իրանի արտաքին գործերի նախարար Աբաղ Արաղչին հեռախոսազրույց է ունեցել «Քրդստանի հայրենասիրական միություն» կազմակերպության առաջնորդ Բաֆել Թալաբանիի հետ:
Այդ կազմակերպության նստավայրը գտնվում է Իրաքյան Քրդստանի մայրաքաղաք Էրբիլում: Արաղչին Թալաբանիին հորդորել է ձեռնպահ մնալ Իրանի հետ սահմանին քրդական զինված կազմավորումների որևէ գործողությունից:
Իր հերթին Թալաբանին սահմանին «ապակառուցողական ուժերի սադրանքները կանխելու» համար առաջարկել է «համատեղ և համակարգված քայլեր ձեռնարկել»:
Խիստ ուշագրավ է, որ Մյունխենի անվտանգության խորհրդաժողովի բացման օրը՝ փետրվարի 19-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Իրաքյան Քրդստանի կառավարության ղեկավար Նաչիրվան Բարզանիի հետ:
Պաշտոնական հաղորդագրության համաձայն, նրանք քննարկել են երկկողմ և ուղղակի առևտրատնտեսական ու գործարար կապեր հաստատելու, զբոսաշրջությունը զարգացնելու հետ կապված հարցեր:
Վերջին օրերին Իրանը հրթիռային մի քանի հարված է հասցրել Էրբիլ քաղաքին և մերձակայքում տեղաբաշխված ամերիկյան ու եվրոպական երկրների ռազմահենակայաններին:
Բացառված չէ, որ Իրանը, թեև պաշտոնապես հերքել է Նախիջևանի ուղղությամբ ԱԹՍ-երի արձակումը, տեղեկացված է իսրայելա-ամերիկյան Բ. ծրագրին, որի իրականցման համար կարող է օգտագործվել նաև Նախիջևանի տարածքը, որ սահմանակից է Իրանի քրդաբնակ շրջաններին:
Խիստ ուշագրավ է, որ իրանա-ադրբեջանական լարվածության ֆոնին ՌԴ արտգործնախարար Լավրովը գրեթե սակրալ խոստովանություն է արել. «Անքորիջի ոգին ցնդել» է:

Բաց մի թողեք
Ռուսաստանը և Ադրբեջանը հարաբերությունները վերադարձրել են դաշնակցային գործընկերության մակարդակի
Նախապատրաստվո՞ւմ է Պուտին – Ալիև հանդիպում` ընդդեմ Հայաստանի
Ո՞րն է Ադրբեջանի նախագահի Անթալիայում գտնվելու նշանակությունը