15/05/2026

EU – Armenia

Իսրայելը և ԱՄՆ-ը առաջին անգամ թիրախավորել են ռուս-իրանական ռազմական համագործակցության լոգիստիկ կենտրոնը

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Կրեմլում հավատարմագրված լրատվամիջոցների ներկայացուցիչների համար բացահայտել է, որ ուկրաինական կարգավորման եռակողմ՝ ԱՄՆ-Ռուսաստան- Ուկրաինա բանակցություններում «իրոք պաուզա» է:

Ըստ Պեսկովի, հաջորդ հանդիպման կազմակերպման շուրջ քննարկումները կվերսկսեն, երբ դա «թույլ կտա կողմերի, բայց ամենից առաջ՝ ամերիկացի միջնորդների ժամանակացույցը»:

Նույն օրը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լւոկաշենկոն ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ջոն Քոուլին: Ըստ Լուկաշենկոյի աշխատակազմի հետ աֆիլացված թելեգրամյան ալիքների, քննարկվել են երկկողմ հարաբերությունների, մասնավորապես՝ Մինսկում ԱՄՆ դեսպանատան գործունեության վերականգման հետ կապված հարցեր:

Ռուսաստանյան «Կոմերսանտը» մեջբերել է Միացյալ Նահանգների նախագահի հատուկ ներկայացուցչի այն միտքը, որ Դոնալդ Թրամփը Ալեքսանդր Լուկաշենկոյին «համարում է իր լավ բարեկամը և համաշխարհային առաջնորդներից մեկը»:

Ջոն Քոուլը նաև ասել է, որ քննարկվում է Բելառուսի նախագահի Միացյալ Նահանգներ այցի կազմակերպումը, և «կողմերը կշարունական այդ ուղղությամբ աշխատել»: ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչը առաջին անգամ Մինսկ է մեկնել անցյալ տարվա դեկտեմբերին:

Այդ այցի արդյունքներով Ալեքսանդր Լուկաշենկոն ներում է շնորհել 123 քաղբանտարկյալի: Փոխարենը Միացյալ Նահանգները «Բելառուսկալիում» արտադրական միավորման նկատմամբ պատժամիջոցները չեղարկել է:

Կասկածից դուրս է, որ Իրանի դեմ լայնածավալ պատերազմի ներկա փուլում ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցչի Բելառուս այցը և, մանավանդ, Ալեքսանդր Լուկաշենկոյի ԱՄՆ այցի նախապատրաստման մասին տեղեկատվության հրապարակայնացումը քաղաքական հստակ ենթատեքստ ունեն:

Բելառուսը և Ռուսաստանը ֆորմալ առումով միութենական պետություն են, Ալեքսանդր Լուկաշենկոն ունի Վլադիմիր Պուտինի մերձավորագույն գործընկերոջ համարում: Կարևորելով Մինսկի հետ երկկողմ հարաբերությունները, Վաշինգտոնը, ամենայն հավանականությամբ, ընդծում է Բելառուսի միջազգային սուբյեկտայնությունը:

Այս ֆոնին Israel Inside-ը, հղելով Իսրայելի անվտանգության մարմիններում աղբյուրներին, գրել է, որ նախօրեին Կասպից ծովում հարձակման են ենթարկվել «Ռուսաստանից Իրան սպառազինություններ և ռազմական նշանակության տեխնոլոգիաների տեղափոխող նավեր»:

Ընդ որում, ընդգծվել է, որ նման որոշում կայացվել է «հետախուզական հավաստի տեղեկություններ ստանալուց անմիջապես հետո»:

Եթե այս տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, ապա հարկ է արձանագրել, որ Իսրայելը և Միացյալ Նահանգները առաջին անգամ թիրախավորել են ռուս-իրանական ռազմական համագործակցության լոգիստիկ կենտրոնը՝ Բանդեր-Էնզելի նավահանգիստը:

Մի իրավիճակում, երբ ուկրաինական կարգավորման բանակցությունները փաստացի ԱՄՆ պահանջով դադարած են, իսկ Վաշինգտոնը թիրախավորել է Իրանին Ռուսաստանից ռազմական աջակցության լոգիստիկ հանգուցակետը, ՄԻացյալ Նահանգների նախագահի հատուկ ներկայացուցչի և Բելառուսի նախագահի միջև միանգամայն դրական տոնայնության բանակցությունները, մեղմ ասած, արտառոց են:

Բացառված չէ, որ Լուկաշենկոն Պուտինի համաձայնությամբ է բարելավում Վաշինգտոնի հետ հարաբերությունները: Ի վերջո, «պատվավոր նահանջի» համար միշտ պետք է տեղ թողնել:

Ըստ երևույթին, Իրանի շուրջ իրավիճակի որևէ նույնիսկ ժամանակավոր հանգուցալուծման դեպքում Դոնալդ Թրամփը ուկրաինական կարգավորման բանակցություններում կոշտ դիրքորոշում է որդեգրելու: Լուկաշենկոն, գուցե, Պուտինի «պահուստային տարբերակն» է: