Տարին հոբելյանական է «Տաղարան»-ի համար, հնագույն երաժշտության անսամբլը տոնում է իր 45-ամյակը` գեղարվեստական ղեկավար և դիրիժոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյան:
Մոտ կեսդարյա պատմություն կերտած այս բացառիկ անսամբլը, իր տաճարային երաժշտությամբ, անտարբեր չի թողնում անգամ ամենաբծախնդիր հանդիսատեսին: Յուրաքանչյուր համերգի «Տաղարան»-ը ներկայանում է նոր շնչով, ժամանակին համընթաց, ակադեմիական բեմահարթակից հնչեցնելով 5 – 15-րդ դարերի հայ ազգային մշակույթի բացառիկ արժեքներ. շարականներ, տաղեր, հոգևոր ու աշխարհիկ գոհարներ ու համաշխարհային հնագույն երաժշտություն:

«Տաղարան»-ը 45 տարիների անբասիր աշխատանքային գործունեությամբ, ազգային ու համամարդկային մշակութային ժառանգությունը պահում, պահպանում, հանրայնացնում ու փոխանցում է սերունդներին։ Անգնահատելի է անսամբլի դերը մերօրյա մշակութային պատմության կերտման, կայացման, հայի ու ազգայինի դաստիարակման գործում։
2026 թվականի յուրաքանչյուր համերգ սպասված տոնակատարություն է լինելու, հանդիսատեսի համար` իր ուրույն ձեռագրով ապահովելով մշակութային հրավառություն:
Դե իսկ սկիզբը
1981 թվականին էր, երբ Գրիգոր Դանիելյանը, նույն ինքը Դանիել Երաժիշտը, հիմնեց ,,Շարական,, հնագույն երաժշտության անսամբլը` ղեկավարելով այն մինչև 1985 թվականը: Անսամբլի անվանումը հուշել է իր ուսուցիչ` երաժշտագետ Ռոբերտ Աթայանը։ Մաեստրոն առաջնորդվել է այն գաղափարով, որ եթե 200 – 300 տարվա մշակութային պատմություն ունեցող երկրները կարող են հնագույն երաժշտության անսամբլներ ունենալ, ապա հազարամյակների պատմություն ու մշակույթ ունեցող հայ ազգը աներկբայորեն պետք է ունենա իր հնագույն երաժտական ստեղծագործությունները պրոֆեսիոնալ կատարմամբ ներկայացնող և ավետող անսամբլ։
1985 թվականին “Մելոդիա” ֆիրմայի կողմից` Արամ Խաչատրյան համերգասրահում, տեղի է ունենում Շարական անսամբլի ձայնագրությունը։ 1986 թվականին թողարկվում է “Շարական” հնագույն երաժշտության անսամբլի ձայնասկավառակը։
Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ն՝ խորապես կարևորելով անսամբլի տեղը և դերը, որոշում է կայացնում անսամբլը ընդգրկել եկեղեցական միջոցառումների շարքում, տալով իր օրհնությունն ու բարեմաղթանքը: Կոմունիստական կուսակցության ղեկավարության առաջարկով հնագույն երաժշտության ,,Շարական,, անսամբլը անվանակոչվել է «Տաղարան», քանի որ անվանումն ուներ կրոնական ու հոգևոր բնույթ:
«Տաղարան»-ի առաքելությունն ի սկզբանե եղել է վեր հանել ու հանրահռչակել մեր ժողովրդի հնագույն երաժշտությունը: 1987 թվականին «Տաղարան» հնագույն երաժշտության անսամբլի ղեկավարությունը ստանձնում է կոմպոզիտոր Երվանդ Երկանյանը: 1988 թվականին «Տաղարան»-ը ստացել է պետական կարգավիճակ։ Այս տարիներին անսամբլը ծաղկունք ապրեց, ներկայացավ այլ հարթության բարձունքից` հաղորդելով նոր շունչ ու որակ:
Երվանդ Երկանյանը «Տաղարան»-ի համար մշակել է 350- ից ավելի հայ հոգևոր, ժողովրդական, ազգային, հայրենասիրական ստեղծագործություններ, որոնք առանձնանում են բարձրաճաշակ, երկանյանական հոգու նուրբ ձեռագրով: Երվանդ Երկանյանի մշակումները առանձնահատուկ են հայ հոգևոր երգարվեստի ոճի ճշգրիտ ըմբռնմամբ, կոմպոզիտորական բարձր վարպետությամբ:
Այդ տարիներին «Տաղարան»-ը, առաջին անգամ, հանդիսատեսին է ներկայացրել Կլաուդիո Մոնտեվերդիի “Պոպեայի թագադրությունը”-ը, Քրիստոֆ Գլյուկի “Օրփեոս և Էվրիդիկե” և Ա. Տիգրանյանի “Անուշ” օպերաները` համերգային ձևաչափով։
Երվանդ Երկանյանի ղեկավարության օրոք, 1990 թվականին “Մելոդիա” ֆիրմայի կողմից` Մոսկվայում “Տաղարան”-ը ձայնագրվում ու թողարկում է ձայնասկավառակ։
1994 թվականից անսամբլը ղեկավարում է լավագույն մաեստրոներից մեկը` դաշնակահար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյանը, որը ոչ միայն պահում է անզուգական ու մաքրամաքուր բարձր արվեստ ներկայացնելու իր առաքելությունը, այլ նաև բեմ է բարձրացնում այնպիսի գոհարներ, որոնց մշակումներն ու գործիքավորումները տասնամյակներ շարունակ ունկնդրին ուղեկցում և տեղափոխում են երաժշտության տիեզերական աշխարհ:
Մաեստրո Սեդրակ Երկանյանի ձեռամբ «Տաղարան»-ը հսկայական գործունեություն է ծավալում` ներակայացնելով հայ հոգևոր միջնադարյան երաժշտությունից մինչև եվրոպական մինչդասական ու բարոկկո շրջանի երաժշտություն: Հայ մշակութային գանձերին զուգահեռ հնչում է նեգրական սպիրիչուելներ, իսպանական, ֆրանսական, իտալական, գերմանական, չինական հնագույն երաժշտության ամբողջական պատկերներ:
«Տաղարան»-ը, լինելով միակը` գրեթե կես դար երաժշտական ոճային առանձնահատկությունով , բարձր վարպետությամբ, մենակատարների ու նվագախմբի համահունչ ներդաշնակությամբ, միշտ բարձրակետում է: Այս անսամբլը ակադեմիական բեմից, ակադեմիական հնչողությամբ ճշմարիտ արվեստով կրթում ու դաստիարակում է որակյալ հասարակություն: Հիրավի, անսամբլի առաքելությունը մեր օրերում բարդ է, բայց Ս. Երկանյան մաեստրոն գիտի, որ յուրաքանչյուր ճշմարիտ արվեստագետ ինքն է իր ուղին հարթում, հաղթահարելով բազմաթիվ խոչընդոտներ` ի շահ «Տաղարան»-ի: Մաեստրոն, հավատարիմ մնալով իր գենետիկ կոդին, կոմիտասյան ուղենիշը այցեքարտ դարձրած, կերտում է «Տաղարան»-ի իր ղեկավարության եռահատորը: Նա քարտեզագրել, մշակել ու «Տաղարան»-ի երգացանկը հարստացրել է հորովելների, քոչարիների, հայկական խճանկարների, հարսանեկան հայտնի ու անհայտ երգերի ու պարեղանակների շարքերով:
Անսամբլը ներկայացրել է ,,Կարոս խաչ ,, վիպերգությունը և Հովհաննես Թումանյանի հեքիաթների հիման վրա գրված ,, Վարք հիմարա ,, խաղերգությունը ( կոմպոզիտոր `Դ. Սաքոյան)։

«Տաղարան» հնագույն երաժշտության անսամբլն իր 45 տարիների կարևոր ու բեղմնավոր գործունեության ընթացքում մասնակցել է մի շարք միջազգային փառատոների, հայտնի ստուդիաների կողմից ձայնագրվել` թողարկելով ձայնասկավառակներ, նկարահանել տեսահոլովակներ, մշտապես արժանացել հեղինակավոր հեռուստա և ռադիո ծրագրերի ուշադրությանը, միջազգային ու տեղական մամուլի անդրադարձների։ Անսամբլը համերգային ծրագրերով հանդես է եկել աշխարհի բազմաթիվ երկրներում՝ ներկայացնելով հայկական մշակույթը, բարձր հնչեցնելով Հայաստան անունը:
Մ. Գևորգյան

Բաց մի թողեք
Փոքրիկ Իշխանի մոլորակից դեպի մարդու սիրտը․ Ներկայացումը՝ Դրամատիկական թատրոնում․ Լուսանկարներ
Սալոնիկի սիմֆոնիկ նվագախմբի կողմից Խաչատրյանի դաշնամուրի կոնցերտի փայլուն կատարումը՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կինոյի այնպիսի մի հրաշք, որի հայացքում միաժամանակ ապրում են կրակն ու խոցելիությունը