01/05/2026

EU – Armenia

Նախիջևանի հետ կապի հաստատման համար «կարող է Հայաստանին խնդրել, որ տրամադրի Սիսիանի ճանապարհը»

Ադրբեջանի Միլլի մեջլիսի երկարամյա իշխանական պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը, որ նաև քաղաքագետի համարում ունի, minval politika-ի խնդրանքով մեկնաբանել է Իրանի շուրջ իրավիճակը և կանխատեսել, որ Իսլամական հանրապետությունը Միացյալ Նահանգների և Իսրայելի հետ զինված հակամարտությունից հետո «կկորցնի ոչ միայն միջուկային զենք ստանալու, այլև հրթիռային ծրագիրը վերականգնելու եւ տարածաշրջանում պրոքսի կառույցների պահպանման ծախսերը հոգալու բոլոր հնարավորությունները»:

Բաքվի իշխանամետ լրատվամիջոցին հետաքրքրել է նաև հարցը, թե Իրանի դեմ պատերազմը, հետկոնֆլիկտային իրավիճակը ինչպե՞ս կազդեն TRIPP «նախագծի իրականացման ժամկետների վրա»:

Մուսաբեկովի գնահատմամբ՝ «այդ նախագծի իրականցման գործընթացում պաուզա կլինի, քանի որ պատերազմը բառացիորեն ընթանում է այդ երթուղու հարակից տարածքներում»: Ադրբեջանցի խորհրդարանականը միաժամանակ տեսակետ է հայտնել, որ Ադրբեջանը, համենայն դեպս Նախիջևանի հետ կապի հաստատման համար «կարող է Հայաստանին խնդրել, որ տրամադրի Սիսիանի ճանապարհը»:

Այդ երթուղով Ադրբեջանի արևմտյան շրջանների եւ Նախիջևանի միջև ավտոմոբիլային հաղորդակցությունը ապահովելու պատրաստակամություն, ինչպես հայտնի է, Հայաստանը հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մակարդակով: Փաշինյանը հիմնավորել է, որ Հայաստանը արդեն Ադրբեջանի երկաթուղիներից օգտվում է և փոխադարձությունը պետք է ապահովվի:

Պաշտոնական Բաքուն Երևանի այդ նախաձեռնողականությանը դեռևս հրապարակային չի արձագանքել: Միլլի մեջլիսի իշխանական պատգամավորի «ենթադրությունից», այդուհանդերձ, կարելի է հասկանալ, որ Ադրբեջանի իշխանությունները Հայաստանի տարածքով Նախիջևանի հետ ավտոմոբիլային հաղորդակցություն հաստատելու հնարավորությունը քննարկում են:

Ավելի քան երեք տասնամյակ է, Ադրբեջանը Նախիջևանի հետ ցամաքային կապն իրականացնում է Իրանի տարածքով: Նախանցյալ տարի կողմերը համաձայնության են եկել Ջեբրայիլի Աղբենդ գյուղի հատվածում Արաքսի վրայով կամուրջ կառուցելու հարցում: Ըստ վերջին տեղեկությունների, շինաշխատանքներն ավարտված են, բացումը պետք է կատարվեր ապրիլ ամսում:

Իրանի դեմ պատերազմի պայմաններում այդ ծրագիրը հազիվ թե գործարկվի ինչպես նախանշված ժամկետում, այնպես էլ՝ տեսանելի ապագայում: Այնպես որ, մեծ է հավանականությունը, որ Հայաստանը Նախիջևանի հետ ավտոմոբիլային հաղորդակցության հնարավորություն կտա: