Ղազախստանի նախագահ Տոկաևը ընդունել է Հարավային Կորեայի նախագահի հատուկ բանագնաց Կան Հուն Շիկին: Վերջինս միաժամանակ հանդիսանում է Հարավային Կորեայի նախագահի աշխատակազմի ղեկավար:
Հանդիպման մասին Ղազախստանի նախագահի գրասենյակի պաշտոնական հաղորդագրությունից հասկացվում է, որ կողմերը քննարկել են այս տարվա սեպտեմբերին կայանալիք՝ Կորեայի հանրապետություն-Կենտրոնական Ասիա գագաթաժողովի հետ կապված հարցեր:
Ղազախստանի նախագահը կարևորել է այդ համագործակցությունը և ընդգծել, որ Հարավային Կորեան «աշխարհի արագ և դինամիկ զարգացող երկրներից մեկն է, որի հետ համագործակցությունը մեծ նշանակություն ունի»:
Կենտրոնական Ասիայի հինգ երկրների առաջնորդները անցյալ աշնանը հյուրընկալվել են Վաշինգտոնում, Ղազախստանը և Ուզբեկստանը ԱՄՆ նախագահի նախաձեռնած Խաղաղության խորհրդի հիմնադիր անդամներ են:
Ավելի վաղ Ղազախստան և Ուզբեկստան է այցելել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Անցյալ տարվա ապրիլին գումարվել է Եվրամիություն-Կենտրոնական Ասիա գագաթաժողով:
Այդ և Հարավային Կորեայի հետ Կենտրոնական Ասիայի սպասվող գագաթաժողովը վկայում է, որ Կենտրոնական Ասիայի հինգ երկրները, որոնց ֆորմալ առումով միացել է նաև Ադրբեջանը, մտադրված են դիվերսիֆիկացնել տնտեսական և կոմունիկացիոն կապերը:
Ենթադրվում է, որ Կենտրոնական Ասիայի երկրները նույն ձևաչափով համագործակցության ծրագիր կսկսեն նաև Ճապոնիայի հետ: Կենտրոնական Ասիայի երկրներից Ղազախստանը, Ղրղըզստանը և Տաջիկստանը ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ անդամ են:
Նույն օրը, երբ Աստանայում կայացել է Տոկաև- Շիկ հանդիպումը, Երևանում կայացել են Հայաստանի և Ղազախստանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Երմեկ Կոշերբաևի բանակցությունները:
Այդ մասին տեղեկությունները բավական սուղ են, ինչը վկայում է բանակցությունների կարևորությունը: Բավական է ասել, որ Հայաստան այցից առաջ Ղազախստանի արտաքին գործերի նախարարը այցելել է Թբիլիսի և Բաքու:
Ընդ որում, Կոշերբաևը Վրաստան է այցելել նույն օրը, երբ ավարտվել է այդ երկիր Ադրբեջանի նախագահի պետական այցը, որի ընթացքում նա քննարկել է էներգետիկ և կոմունիկացիոն համագործակցության հետ կապված սկզբունքային հարցեր:
Վերջին շրջանում Ռուսաստանը ամենատարբեր մակարդակներով Հայաստանին հիշեցնում է Եվրամիության և ԵԱՏՄ «անհամատեղելիությունը» և «առաջարկում ընտրություն կատարել»:
ԵԱՏՄ-ն, սակայն, միայն Ռուսաստան չէ, բայց ԵԱՏՄ – ՀԱՊԿ-ն առաջին հերթին Ռուսաստանն է: Եվ եթե Կենտրոնական Ասիայի երկրները Եվրամիության հետ տնտեսական և կոմունիկացիոն ծրագրեր են քննարկում, որոնց ներգրավվում են Ադրբեջանը և Վրաստանը, ապա Հայաստան-Ղազախստան հարաբերությունների «պատուհանը» ստանում է ռազմավարական կարևորություն:

Բաց մի թողեք
«Չհիանալու» հորդորը վերաբերում է թե ռուսամետ, թե արևմտամետ քաղաքացուն
Իրանի հետ բանակցությունների ձախողման ֆորմալ պատճառներից մեկը պետք է «օրակարգից հանվի»
Իսրայելն ըստ էության պարտվել է, բայց Նաթանյահուն վստահեցրել է, որ Իսրայելը «հասնելու է վերջնական հաղթանակի»