21/04/2026

EU – Armenia

Թուրքիան Ռուսաստանի և Եվրամիության միջև ինչ ընտրություն կկատարի

ԱՄՆ պատերազմի նախարարության կայքում հրապարակվել է քաղաքական հարցերով փոխնախարար Կոլբիի հայտարարությունը, ըստ որի՝ «Միացյալ Նահանգները շարունակում է ուկրաինական բանակի սպառազինությունների մատակարարումը»:

Այդ գործարքը կատարվում է եվրոպական մի քանի երկրի վճարումների հաշվին: Կոլբին եվրոպական երկրներին հորդորել է «աշխարհամասի պաշտպանության պատասխանատվությունը վերցնել իրենց ձեռքը»:

Ռուսաստանյան «Նեզավիսիմայա գազետա»-ն մեջբերել է Եվրամիության անվտանգության և տիեզերքի հարցերով հանձնակատար Կուբիլյուսի տեսակետը, ըստ որի Եվրոպան պետք է ունենա իր միացյալ բանակը, հրամանատարությունը և շտաբ-կենտրոնը: Եվրահանձնակատարը, ընդսմին, առանձնահատուկ շեշտել է, որ եվրոպական բանակը պետք է ներառնի նաև ուկրաինական զորախումբը:

Անթալիայի դիվանագիտական համաժողովի փակման ելույթում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ֆիդանը խստագույն քննադատության է ենթարկել Իսրայելին, որ, նրա ձևակերպմամբ՝ «Հունաստանի և Կիպրոսի հունական վարչակազմի հետ հակաիսլամական ռազմական դաշինք է ձևավորել»:

Ֆիդանը այս հայտարարությունը արել է ի պատասխան այն տեսակետի, որ Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը «մոտ ապագայում կհայտարարեն ռազմա-քաղաքական եռյակ դաշինք կնքելու մասին»:

Անթալիայում տեսախցիկները արձանագրել են Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների ու Պակիստանի վարչապետի հանդիպումը, որի մասին Անկարան և Բաքուն պաշտոնական տեղեկություն չեն հայտնել: Հայտնի է, որ Ադրբեջանը Թուրքիայի հետ ունի ռազմական փոխադարձ օգնության մասին պայմանագիր, իսկ Պակիստանը Ադրբեջանի ռազմավարական դաշնակիցն է:

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը հավաստիացրել է, որ Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ ռազմական համագործակցությունը հետապնդում է «տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու նպատակ»:

Խնդիր է, թե այդ ծրագրավորմանը որքանո՞վ կարող է ներգրավվել Ադրբեջանը: Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Բրյուսելում օրերս հանդիպել է Եվրամիության անվտանգության և տիեզերքի հացերով հանձնակատար Կուբելյուսին:

Երկու շաբաթ հետո Երեւանում կգումարվի Եվրամիություն-Հայաստան գագաթաժողով: Դատելով Միրզոյան-Կուբելյուս հանդիպումից, կողմերի օրակարգում նաև անվտանգության հարցերում համագործակցությունն է:

Ավելի վաղ Եվրամիությունը Թուրքիայի հետ քննարկել է ռազմաարդյունաբերական ինտեգրացիայի հեռանկարը: Թուրքիայում դարձյալ սպասում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցին:

Ըստ երևույթին, դա պայմանավորված է նաև ռուս-ադրբեջանական դաշնակցային համագործակցության «վերբեռնմամբ», որ տեղի է ունեցել Անթալիայի դիվանագիտական համաժողովի նախօրեին:

Հարավային Կովկասի անվտանգային միջավայրի խնդիրը, կարծես, պայմանավորված է լինելու նրանով, թե Թուրքիան Ռուսաստանի և Եվրամիության միջև ինչ ընտրություն կկատարի: