Զինված ուժերի Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը հայտարարել է, որ պատրաստ է Ազգային ժողովում փակ քննարկման ձևաչափով խոսել քառասունչորսօրյա պատերազմի մասին և «ստեր պայթեցնել»:
Իշխանությունը, խորհրդարանի քաղաքական մեծամասնությունը դեռևս հրապարակային դիրքորոշում չի հայտնել: Ընդդիմությունը, նրա հետ աֆիլացված փորձագետները և վերլուծաբանները, լրատվամիջոցները և ֆեյսբուքյան տասնյակ հայտնի օգտատերեր, մինչդեռ, քննադատության տարափի տակ են առել պաշտոնաթող գեներալին:
Նրան ներկայացվում է երկու հիմնական մեղադրանք: Նախ, ինչո՞ւ հինգ տարի լռել է, երկրորդ՝ ինչո՞ւ հրապարակային հայտարարություն չի անում՝ «ժողովուրդն էլ իմանա»: Անցած տարիներին ոչ ոք Օնիկ Գասպարյանին ռազմաճակատի հարավային հատվածում «թշնամուն անարգել ճանապարհ տալու», Հադրութը և Շուշին «հանձնելու» հասցեական մեղադրանք չի ներկայացրել:
Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի այդ մասին ԱԺ ամբիոնից հայտարարությունը, երևի, «կարմիր գծի հատում» էր, ինչն էլ, հավանաբար, Օնիկ Գասպարյանին ստիպել է հակադարձել: Ինչ վերաբերում է հարցի փակ ռեժիմով քննարկմանը, ապա դա պարզապես անհրաժեշտություն է իրեն հարգող ցանկացած երկրի համար:
Շատ կարևոր է նկատել, որ ոչ ոք չի հարցնում, թե պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը ինչո՞ւ շուրջ վեց տարվա լռությունից հետո է «բացահայտում, որ քառաունչորսօրյա պատերազմում զորքի մի մասը կառավարվել է Արցախի նախագահի և ՊԲ հրամանատարի, մյուսը՝ Հայաստանի վարչապետի և ԶՈՒ ԳՇ պետի կողմից»:
Ընդ որում, նա բաց տեքստով ասել է, որ թշնամին Շուշի է մտել Նիկոլ Փաշինյանի և Օնիկ Գասպարյանի «կառավարմանը ենթակա զորքերը շրջանցելով»:
Ի՞նչ «ստեր է պայթեցնելու» Օնիկ Գասպարյանը կամ առհասարակ ԱԺ-ում փակ քննարկում կկազմակերպվի՞, պարզ կլինի մոտակա օրերին: Առայժմ կարելի է վկայակոչել 2020թ. դեկտեմբերի 11-ին «Սպուտնիկ Արմենիայի» տարածած տեղեկությունը, ըստ որի Սեյրան Օհանյանը հերքել է, որ Շուշիի պաշտպանության պատասխանատուն ինքն է եղել և պարզաբանել, որ Շուշիի պաշտպանության մարտերը ղեկավարել են «Պաշտպանության բանակի հրամանատարը և այդ ուղղության հրամանատարը»:
Խնդիրն այն է, թե Սեյրան Օհանյանը 2020թ. դեկտեմբերի 11-ին չգիտե՞ր, որ Շուշիի ուղղության «պատասխանատուն Նիկոլ Փաշինյանը և Օնիկ Գասպարյանն» էին: Եթե գիտեր, ինչո՞ւ չի ասել: Եթե նոր է իմացել, ապա ի՞նչ աղբյուրից:

Բաց մի թողեք
Տառ առ տառ, բառ առ բառ իրենք են իրականացնում օտարի պահանջները կապված Հայ Եկեղեցու հետ. Լուսանկար
«Բարենորոգումների» կեղծ օրակարգի ներքո փորձ է արվում կերպափոխել Եկեղեցու ավանդական դերը
Ադրբեջանը ոչնչացրել է Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարը