27/04/2026

EU – Armenia

Լուսինե Թովմասյանը լքում է Հ1-ը. «Չեմ պատրաստվում գործիք դառնալ որևէ մեկի ձեռքում»

Որոշում եմ կայացրել դադարեցնել համագործակցությունս Հայաստանի Հանրային Հեռուստաընկերության հետ և լուծել գործող պայմանագիրս։

Հեռուստաընկերության ղեկավարը հանձնարարեց ինձ փոխարինել մեկ այլ հաղորդավարով այն հաղորդման մեջ, որի առաջին թողարկումն արդեն նկարահանված էր։ Պատճառը՝ աշխարհի ամենահայտնի դասական երաժիշտներից մեկի՝ Lang Lang-ի, ով Հայաստան էր հրավիրված պետական միջոցներով, ինչպես նաև Սերգեյ Սմբատյանի հետ իմ իրականացրած հարցազրույցը, որը նախատեսվում էր հրապարակվել սոցիալական հարթակներում։ Նշեմ, որ իմ աշխատանքային պայմանագրում դա արգելող որևէ կետ չկա։

Ակնհայտ է, որ այս որոշումը դուրս էր մասնագիտական հարաբերությունների շրջանակից և պայմանավորված էր անձնական փոխհարաբերություններով։

Այսպիսով՝ չեմ պատրաստվում գործիք դառնալ որևէ մեկի ձեռքում՝ իր անձնական հարցերը լուծելու համար։

Հավելեմ, որ մեր վերջին հանդիպման ժամանակ Հովհաննես Մովսիսյանը անձամբ է ինձ հայտնել հենց այս պատճառաբանությունը։

Հատկանշական է, կամ գուցե պարադոքսալ, որ համերգը նկարահանվել է հենց Հայաստանի Հանրային Հեռուստաընկերության պատվերով և ստեղծագործական անձնակազմով։

Ես միշտ զերծ եմ մնացել խաղատներ ու վնասակար սովորություններ գովազդելուց, մրցակցային դաշտում գտնվող այլ հեռուստաընկերությունների հետ համագործակցելուց, քաղաքական որևէ գործընթացի մասնակցելուց, և դա եղել է իմ անձնական որոշումը։ Փոխարենը՝ միշտ սիրով ընդունել եմ այն մասնագիտական առաջարկները, որոնք մշակութային են և ինձ համար հետաքրքիր։ Իմ այս իրավունքը սահմանափակելն անընդունելի եմ համարում։

Շնորհակալություն Առաջին Ալիքում աշխատող իմ գործընկերներին՝ գեղեցիկ ու հետաքրքիր համագործակցության համար։ Հույս ունեմ՝ մի օր կհանդիպենք արդար աշխատանքային մթնոլորտում։

Առաջին Ալիքը շարունակելու է մնալ իմ տունը, և թեև այս պահին հեռանում եմ, բայց տունդարձի ճամփան չեմ մոռանալու։ Սիրում եմ իմ բոլոր արդարամիտ գործընկերներին, իսկ մյուսներին՝ ներում՝ հուսալով, որ լավ չեն հասկանում, թե ինչ են անում։

Լուսինե Թովմասյան