14/05/2026

EU – Armenia

Աղբավայրը հրդեհի մեջ է, համայնքի ղեկավարը՝ քարոզչության

Մայիսի 12-ին, ժամը 18․20-ի սահմաններում Հայաստան-Վրաստան ճանապարհի՝ Դիլիջանից Ճամբարակ տանող խաչմերուկով ընթացող քաղաքացիները նկատել են, որ միջպետական ավտոճանապարհի մի մեծ հատված պատված է ծխով։

Հրապարակ թերթը գրել է․ Պարզվել է` հերթական անգամ Դիլիջան համայնքի աղբավայրն է այրվում։ Այդ աղբավայրը միջպետական ավտոճանապարհի նշված հատվածում է` ավտոճանապարհից վերեւ է գտնվում։

Դիլիջան համայնքի ղեկավար, ՔՊ կուսակցության Դիլիջանի տարածքային կազմակերպության ղեկավար Դավիթ Սարգսյանը մայիսի 8-ից նախընտրական արձակուրդի մեջ է, ՔՊ կուսակցության քարոզչական բուկլետներն է անձամբ բաժանում, համայնքի բնակիչներին կոչ անում՝ հունիսի 7-ին քվե տալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։

Դավիթ Սարգսյանը՝ որպես Դիլիջան համայնքի ղեկավար պաշտոնավարելու 5 տարվա ընթացքում գոնե չի ցանկապատել համայնքի աղբավայրը, որպեսզի դիլիջանցիների կովերը չարածեն այնտեղ եւ թունավոր նյութերով սնվելով՝ քիմիական նյութերով հագեցած ու վնասակար կաթ չտան դիլիջանցիներին։

Իսկ աղբավայրը պարբերաբար այրվում է` ապականելով հանգստավայրի օդն ու բնությունը: