26/12/2024

Պուտինը ձգտում է պայմանավորվել միայն ԱՄՆ-ի հետ, մինչ այդ Ուկրաինայի հետ դեռ կպատերազմեն

Պետերբուրգի տնտեսական համաժողովի շրջանակներում Ռուսաստանի նախագահ Պուտինը շփվել է միջազգային առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:

Ռուսաստանի նախագահը հիշեցրել է, որ 2022թ. մարտ-ապրիլ ամիսներին կողմերը բանակցել են «հիմնական հարցի՝ Ուկրաինայի դենացիֆիկացիայի եւ անվտանգության երաշխիքների շուրջ, փաստաթուղթ են նախաստորագրել, բայց հետո Կիեւում հայտնվեց Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը եւ հայտարարեց, որ այն պետք է աղբանոց նետել»:

Եթե Արեւմուտքը ցանկանում է, որ ռազմական գործողությունները դադարեն, ապա պետք է վերջ տա ռազմական մատակարարումներին, այդ ժամանակ ամեն ինչ կավարտվի երկու, առավելագույնը երեք ամսվա ընթացքում,-հայտարարել է Ռուսաստանի նախագահը:

Նա փաստացի առաջարկել է, որ Արեւմուտքը «հանձնի» Ուկրաինան, դադարեցնի ռազմական մատակարարումները: Այդ դեպքում ռուսական բանակը երկու, առավելագույնը երեք ամսում «հարցերը կլուծի»: Այսինքն, իր արտահայտությամբ՝ «Կիեւի ռեժիմին» կապիտուլյցաիա կապարտադրի: Անցած երկու շաբաթներին Խարկովի ուղղությամբ ռուսական հարձակամումն էական հաջողություններ չի արձանագրել, իսկ Ռուսաստանի տարածքին ուկրաինական հարվածներն ավելի «ցավոտ» են դառնում:

Reters-ի հարցին՝ ինչպե՞ս է պատկերացնում ԱՄՆ հետ հարաբերությունները նախագահական ընտրություններից հետո,-Պուտինը պատասխանել է, որ քաղաքական մրցակցությունը Միացյալ Նահանգների ներքին գործն է, Ռուսաստանը պատրաստ է աշխատել նախագահի հետ, ում կընտրի ամերիկյան ժողովուրդը»- բայց ավելացրել է, որ ԱՄՆ-ում կա «ազգային շահերի առաջնահերթության հանրային պահանջ»:

Այսպիսով նա հասկացրել է, որ ներկայիս վարչակազմը «չի առաջնորդվում ամերիկյան հանրության առաջնահերթություններով»:

Ուշագրավ է, որ Ռուսաստանի նախագահի հետ հանդիպմանը մասնակցել է նաեւ «Ազերթաջ» գործակալության ներկայացուցիչը, որի՝ ռուս-ադրբեջանական հարաբերություններին վերաբերող հարցին Վլադիմիր Պուտինը տվել է ընդհանուր առմամբ խուսափողական, կարելի է ասել՝ «լիրիկական» պատասխան՝ շեշտադրելով Իլհամ Ալիեւի հետ «անձնական սիմպատիան» եւ ռուսաց լեզվի հանդեպ նրա հարգանքը:

Ռուսաստանի նախագահը ոչ մի խոսք չի ասել ռազմավարական համագործակցության ծրագրերի մասին, ինչից, թերեւս, արժե հետեւություն անել, որ կամ սկզբունքային հարցերը դեռեւս լրամշակման փուլում են, կամ նա որոշակի առումով «խնայել է» Ալիեւին՝ չբացելով Մոսկվա-Բաքու այնպիսի պայմանավորվածություններ, որ ադրբեջանական կողմին Միացյալ Նահանգների եւ Եվրամիության հետ հարաբերություններում ի սկզբանե կարող են «անհարմարություններ պատճառել»:

Ընդհանուր տպավորություն է, որ ուկրաինական հարցում Ռուսաստանի նախագահի սպասումները չեն արդարացել այն իմաստով, որ ռազմական սպառնալիքի մերձավորությունը պետք է եվրոպական երկրներին մղեր Մոսկվայի հետ ինչ-որ պայմանավորվածությունների, մինչդեռ նրանք, ինչպես Պուտինն է ձեւակերպել՝ «սուվերենության վերականգնման խնդիր ունեն»: Ընդ որում, նա այդ բոնորոշումն արել է Բելառուսի եւ Եվրամիության հարաբերությունների մասին հարցին պատասխանելիս:

Իսկ հարցադրման իմաստն այն է, որ Բելառուսը, որպես ուկրաինական պատերազմին ուղղակիորեն չներգրվված երկիր կարող է միջնորդավորել Ռուսաստանի եւ Եվրամիության առեւտրա-տնտեսական կապերը:

Տեղեկատվա-քարոզչական «զոնդաժն» արդյոք Բելառուսի նախագահի կազմակերպածը չէ՞: Երեւում է, Մինսկում «հոգնել են» Վլադիմիր Պուտինի ուկրաինական «էպոպեայից»: Իսկ նա հասկացնում է, որ Լուկաշենկոյին կարտոնի իր եւ ԵՄ միջեւ «կապող օղակ լինել» միայն մի դեպքում. եթե եվրոպական երկրները հաղթահարեն ԱՄՆ-ից «տոտալ կախվածությունը»:

Սա, թերեւս, պարզ ազդակ է, որ Պուտինը ձգտում է պայմանավորվել միայն Միացյալ Նահանգների հետ: Իսկ դա նշանակում է, որ ուկրաինական պատերազմը կշարունակվի առնվազն եւս մեկ տարի: Այդ դեպքում, բնականաբար, Ռուսաստանը շահագրգռված չէ հայ-ադրբեջանական կարգավորմամբ: