Նախորդ երկու օրերին Նիկոլ Փաշինյանն ու իր խմբակը քարոզարշավը շարունակեցին Լոռվա մարզում։
Հրապարակ թերթը գրել է․ Չնայած ՔՊ-ականները լայվեր ու տեսանյութեր են տարածում Լոռիում իրենց «ջերմ ու սիրալիր» ընդունելության մասին, սակայն մարզից տեղեկություններ են հասնում, որ Փաշինյանին ու իր խմբակին բառի ամենաուղիղ իմաստով մերժել են, եւ քարոզարշավը բարի էր թերեւս միայն Նիկոլ Փաշինյանի ստամոքսի համար․ Լոռվա մի քանի համայնքներում ՔՊ-ականներն իրենց շեֆին լավ պատիվ տվեցին, երեկ Թումանյան համայնքում Փաշինյանը կես կաթսա գառան խաշլամա ոտքի վրա կերավ, հետեւից էլ՝ մեղր, թթու, հալվա, թթվասեր, բոլորը խառնեց իրար ու մոռացավ քարոզարշավի, տեղացիների հետ շփման մասին եւ անկեղծորեն խոստովանեց, որ բնակիչների հետ շփվելու ժամանակն օգտագործեց խաշլամա ուտելու վրա։
Լոռիում, ինչպես ավելի վաղ հայտնել ենք, իշխանության դիրքերն ամենախարխուլն են, Լոռին համարվում է ամենաընդդիմադիր մարզը, որտեղ նաեւ աղքատությունն է բարձր: Գուցե ՔՊ-ի ցածր ռեյտինգը պայմանավորված է նաեւ նրանով, որ բարերար Սամվել Կարապետյանի Տաշիրը Լոռվա մարզի մի մասն է, եւ, տեղացիների հավաստմամբ` այստեղ ամեն բնակավայրում նա ներդրումներ է արել, կառուցապատել։ Իսկ վերջին դեպքերից` տաշիրցիների կալանավորումներից հետո իշխանության նկատմամբ վերաբերմունքն ավելի է սրվել: Մի քանի օր առաջ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Տաշիրում միայնակ՝ առանց Փաշինյանի, քարոզարշավի ընթացքում սադրեց Կարապետյանի թիմակիցներին եւ 10 երիտասարդի բռնել տվեց։ Նրանք արդեն քանի օր է՝ կալանավորված են` ՔՊ քարոզարշավը խոչընդոտելու, Պապիկյանի առջեւ ճանապարհը փակելու շինծու մեղադրանքով։
Այդ տհաճ միջադեպից հետո Փաշինյանն ու թիմը փորձեցին տպավորիչ տեսարաններ ցուցադրել՝ ցրելու այն տպավորությունը, թե Լոռիում տոտալ մերժում են իրենց, սակայն անցած երկու օրերի քարոզարշավի ընթացքում, կարելի է ասել, չհաջողեցին։ Մենք նախօրեին գրել էինք, որ Տաշիրի կիսադատարկ հրապարակում է կայացել ՔՊ-ի հանրահավաքը, սակայն պարզվեց` հրապարակ չեն էլ հասել, այլ կեսճանապարհին են հավաքն արել․ Փաշինյանը բարձրացել է պիկապի վրա, ելույթ ունեցել: Եվ այս ամենը նորից խոսում է ձախողման մասին, ինչից էլ առաջացել է վարչապետի թեկնածուի նյարդային վիճակը։
Մինչդեռ ՔՊ-ում ծրագրած են եղել Տաշիրի սրտում մեծ քարոզարշավ անել, Երեւանից ավտոբուսներով մասսովկա են իրենց հետ տարել, նախապես սանրել են հրապարակը` շներով զննել տարածքը, բայց հասկանալով, որ խայտառակվելու են, քաղաքի փողոցներից մեկում են մինի հավաք անցկացրել, որին հաշված թվով տեղացիներ են մասնակցել` 300-500 մարդ, մեծ մասը՝ իրենց հետ բերվածները։
Տաշիրի բնակիչ, կալանավորված տղաներից Էդգարի կինը՝ Անին, երեկ մեզ պատմեց, որ ինքը Նիկոլ Փաշինյանի հավաքի ժամանակ տնից թողել գնացել է այնպիսի տեղ, որ չլսի նրա ձայնը, չտեսնի նրանց։ Նա չցանկացավ խոսել ամուսնու գործից։ Զարմացած էր, թե ինչպես էր Փաշինյանն ուզում Տաշիրի հրապարակում հանրահավաք անել, որտեղ «Տաշիր» բարեգործական հիմնադրամի գրասենյակն է, եւ ամեն բան կառուցված է Կարապետյանների ջանքերով։ Ասաց` լսել է, որ իր հայրենի քաղաքից քչերն են մասնակցել Փաշինյանի քարոզարշավին։
Շահնազար, ներկայիս Մեծավան գյուղում էլ է ՔՊ-ն խայտառակվել, Պապիկյանի հետ բախման արդյունքում ձերբակալվածների մեծ մասն այս համայնքից է: Մեզ պատմեցին, որ գյուղապետը տնետուն շրջել է եւ գյուղից ընդամենը հինգ մարդու է համոզել, որ Փաշինյանի հավաքին ներկա գտնվեն։ Պատմեցին նաեւ, որ կալանավորված տղաների հարազատները փորձել են խմբով գնալ Փաշինյանի դեմ ակցիա անելու, սակայն գյուղացիները հետ են պահել այդ մտքից՝ վախենալով, որ նրանց էլ կտանեն տղաների մոտ։
Փաշինյանի հավաքին ներկա գտնվածներից մեկը համայնքի վարչական ղեկավար, ոչ ՔՊ-ական Հովիկ Մարկոսյանն է եղել, որ սկզբում դժվարացավ հիշել, թե երբ է Փաշինյանը գյուղ այցելել, հետո վստահեցրեց, որ մասնակցել է հավաքին։ «Ի՞նչ նշանակություն ունի` մեր երկրի վարչապետն ա, եկել խոսել ա, ես էլ լսել եմ»,- ասաց նաեւ, վստահեցրեց, որ չի հաշվել՝ գյուղից քանի մարդ է մասնակցել: «Մեկ-մեկ դեմքերով չգիտեմ, բայց երեւի սակավաթիվ չէին»։ Հարցրինք՝ որպես վարչական ղեկավար, իր կալանավորված համագյուղացիների հարցը չի՞ բարձրաձայնել։ «Չէ, ի՞նչ խոսեմ»: Համարում եք, որ արդարացի՞ են կալանավորել։ «Ես ոչ մի բան չեմ համարում, իրան մոտիկ չեմ գնացել, կանգնած եմ եղել ժողովրդի մեջ ու լսել եմ»: Ասաց նաեւ, որ չգիտի, թե իրենց համայնքից քանի անձ է կալանավորված: Վախենո՞ւմ եք, անհանգի՞ստ եք, որ Ձեզ հետ էլ բան կպատահի, եթե խոսեք։ «Չէ, ինչի՞ եմ վախենում, խի՞ եմ անհանգիստ, նստած՝ հաց եմ ուտում»,- ասաց նա։


Բաց մի թողեք
Ռիսկեր ու հակասություններ՝ հավասարակշռության բացակայության ֆոնին
Բյուջեից 195 հազար դոլար են ծախսել` հանուն ոչնչի
Այս պրոցեսում մարդկանց պատգամավոր դառնալը չէ, որ հետաքրքրում է