23/05/2026

EU – Armenia

ՌԴ-ն անցնում է տնտեսական սանկցիաների․ հայկական «Ջերմուկի» ներկրումն ու շրջանառությունն էլ կասեցվեց

«Ռոսպոտրեբնադզորը» ժամանակավոր սանիտարական միջոց է կիրառել՝ կասեցնելով «Ջերմուկ» ջրի բոլոր խմբաքանակների ներկրումն ու շրջանառությունը ՌԴ տարածքում։

Այս մասին գերատեսչությունը հայտնել է MAX հարթակի իր ալիքում:

«2026 թվականի մայիսի 22-ից «Ռոսպոտրեբնադզորը» ժամանակավոր սանիտարական միջոց է կիրառել Ռուսաստանի Դաշնության տարածք սննդամթերքի ներկրման և շրջանառության կասեցման վերաբերյալ։

Խոսքը «Ջերմուկ» բնական բուժիչ-սեղանի հանքային խմելու գազավորված ջրի մասին է, արտադրող՝ «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ»,-ասված է հաղորդագրության մեջ:

«Ռոսպոտրեբնադզորը» համապատասխան ծանուցումներ է ուղարկել նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողով և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազոր մարմիններին:

Գերատեսչությունից պարզաբանել են, որ նշված արտադրանքը չի համապատասխանում մակնշման մեջ նշված տեղեկատվությանը, ինչը խախտում է ԵԱՏՄ ՏԿ 044/2017 «Փաթեթավորված խմելու ջրի, այդ թվում՝ բնական հանքային ջրի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի 3-րդ բաժնի 10-րդ կետի պահանջները:

«Ջրում հայտնաբերվել է հիդրոկարբոնատ-իոնի, քլորիդների և սուլֆատների պարունակության գերազանցում։ Արտադրանքի բուժիչ հատկությունների վերաբերյալ մոլորության մեջ գցելը կարող է հանգեցնել ոչ արդյունավետ բուժման, առողջության վատթարացման։

«Ռոսպոտրեբնադզորը» համապատասխան ծանուցումներ է ուղարկել նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողով, Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազոր մարմիններին»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Հատկանշական է՝ ավելի վաղ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել էր, որ ռուսական շուկա հայկական ծիրանի և «Ջերմուկ» հանքային ջրի արտահանման հետ կապված խնդիրներ չկան և չեն կանխատեսվում։

Հավելենք, որ այսօրվանից Ռոսսելխոզնադզորի որոշմամբ արգելվել է Հայաստանից ՌԴ ծաղկային արտադրանքի ներմուծումը։

Գործակալության ղեկավարի խոսքով, սահմանափակումները վերաբերում են նաև հայկական միրգ-բանջարեղենին: