24/05/2026

EU – Armenia

Իդեալական որակներ փնտրելու ժամանակը չէ

«Հրապարակի» զրուցակիցը Գերագույն հոգևոր խորհրդի անդամ, ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանն է։

– Ընդդիմախոսներին «սատկացնելու» սպառնալիքներ, իրեն քննադատող քաղաքացիների, մանավանդ կանանց դեմ հարձակումներ, շինծու քր․գործեր, կալանավորումներ և այլն։ Հասարակությունը սա դատապարտում է, որպես կանոն, հուզական և բարոյական դիրքերից, իսկ իրավական կողմի մասին քչերն են խոսում։ Արդյո՞ք Փաշինյանի այս արարքները հանցակազմ չեն պարունակում, ժամանակը չէ՞ այս ամենը փաստարկված ներկայացնել, օրինակ, օտարերկրյա դեսպանների ու կառույցների ուշադրությանը։

– Հաղորդում, թերևս, ներկայացվել է՝ լրացնելով նմանաբնույթ բազմաթիվ հաղորդումների շարքը։ Ինչ վերաբերում է օտարերկրյա դեսպաններին և միջազգային կառույցներին, ապա վերջիններս այս ընտրությունները, ցավոք, դիտարկում են ոչ թե օրինականության կամ ժողովրդավարության ասպեկտներով, այլ որպես զուտ հակառուսականության կուրսի հաստատման միջոց։ Իրենք թքած ունեն ոչ միայն ձեր կողմից նշված, այլև էլ ավելի լրջագույն երևույթների վրա, ինչի վառ ապացույցն էր ԵԽԽՎ նախընտրական պատվիրակության ս.թ. մայիսի 13֊ի միջանկյալ հայտարարությունը, որով առաջնահերթ թիրախավորվեց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին։
Իրականում ընտրական գործընթացներին այսպիսի արհեստական լարվածություն հաղորդելը, այդ թվում՝ դիմակներով բեմականացված տեսարաններ հրամցնելով, սոցհարցումների հայտնի արդյունքների հաշվառմամբ, կարող է նաև հետապնդել այլ նկրտումներ, ինչի մասին արդեն ակնարկել են, դրանց նպատակահարմար չեմ գտնում հրապարակավ անդրադառնալ։

– Փաշինյանի իշխանության գալուց ի վեր մեր երկրում շարունակվում է ընտրովի արդարադատությունը, օրենքի կոպիտ ոտնահարումն ու ինքնիրավչությունը։ Օրինակ, մարդուն կարող են աշխատանքից ազատել հայրենասիրության համար, գործից հեռացնելու կամ բանտարկելու հրաման տալ անձնական հանդիպմանը հակառակ կարծիք ասելու համար, ինքնասպանության մղել քարոզչական պաստառը պոկելու համար ձերբակալելու միջոցով։ Միայն արձանագրում ենք, կարծես։

– Թույլ տվեք ուղղել՝ ոչ թե շարունակվում է, այլ ձեռք է բերել, իրենց սիրած բառով ասած՝ աննախադեպ դրսևորումներ։ Ինքս էլ եմ բազմաթիվ անգամ ճաշակել ինքնուրույն լինելու դառը պտուղները, սակայն դրանից երբեք չեմ չարացել, սուբյեկտիվ եզրակացությունների չեմ հանգել։ Իշխանափոխությունից հետո իրավապահ համակարգի և դատական իշխանության առողջացումը լինելու է ամենադժվարին խնդիրների մեկը։ Եթե այս ամենին հավելենք համատարած վախի, անլիարժեքության ներշնչումը, ապա կնկատենք, որ մեր օժտված ժողովուրդը հասել է անասելի պառակտման շեմին, շատերը, ցավոք, դարձել են ընկճախտի գերի։
Ես խնդրում եմ, վեր կանգնել այս ճղճիմ մթնոլորտից, սթափ մտածել և ընդունել, որ հայրենազրկումը չպետք է շարունակվի, չտրվել գունագեղ, բայց սին խոստումների, մանավանդ, որ դրանց իրական բնույթին արդեն քաջածանոթ ենք։

– Արցախի ու արցախցիների թեման մի առանձին ու ցավոտ հարց է․ Փաշինյանն այնպիսի ատելությամբ, արհամարհանքով ու թշնամանքով է խոսում մեր կորսված հայրենիքի, մեր այդ հատվածի հայրենակիցների մասին ու նրանց հետ, որ վեր է ցանկացած ձևակերպումից։ Հադրութի և Շուշիի դեօկուպացիա ապահովելու խոստումով 2021-ին վերարտադրվելուց հետո այժմ հոխորտում է նույն արցախցիներին, ահաբեկում վերահաս պատերազմով։

– Դե, այդ խոստումներից արդեն կարճ ժամանակ անց հրաժարվելը բացատրվեց իբր կեղծ հայրենասիրության ազդեցության տակ գործելով, հիմա դարձել են իբր համարժեք մտածողներ։ Իրականում սա հայությանը պառակտելու, այդպիսով՝ ջլատելու ու տկարացնելու իրենց որդեգրած քաղաքականության եղանակներից մեկն է։ Կխնդրեի մեր սիրելի արցախցինեին հավատարիմ մնալ իրենց բնորոշ տոկունությանը և չհուսահատվել։ Ցավալին այն է, որ այսպիսի բացահայտ ապազգային նախաձեռնությունների հեղինակները նույն պահին հոխորտալով խոսում են, դատողություններ անում բարձր թեմաներից՝ խաղաղություն, եվրոպական արժեքներ և այլն։

– Եկեք արձանագրենք նաև, որ մարդը ուղիղ սպառնում է Ամենայն Հայոց կաթողիկոսին․ նախընտրական ծրագրում նույնիսկ ամրագրել է իշխանության մնալուց հետո Վեհափառին հեռացնելու դրույթ, ինչն արդեն իսկ պատճառ էր ՔՊ-ին ընտրություններից բացառելու համար։

– Նախընտրական ռազմավարությունից ելնելով՝ առայժմ այդ մասին չեն բարձրաձայնում, սակայն յուրաքանչյուր ոք գիտակցում է, որ այս հակասահմանադրական և ապազգային քայլի ակունքը ևս թուրք֊ադրբեջանական քաղաքականությունն է և կյանքի կկոչվի, եթե մեր հանրությունը թույլ տա իշխանության վերարտադրությունը։ Այս իշխանությունը հաշվի չի նստում անգամ այն հանրահայտ իրողության հետ, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին համահայկական, համազգային կառույց է, որի Հայրապետի ընտրությունը և կանոնադրության փոփոխությունները կարող են հաստատվել բացառապես համազգային, այդ թվում՝ սփյուռքի լայն նեգրավմամբ ենթակառուցվածքների անմիջական մասնակցությամբ։ Բայց դե իրենք ժողովուրդ ասելով հասկանում են սոսկ ՀՀ քաղաքացի հանդիսացող և ընտրությանը իրենց ձայն տված սակավաթիվ հատվածին։

Իմ հայրենակիցներին միայն մի խնդրանք ունեմ՝ վեր կանգնեք մանր, կենցաղային ընկալումներից, Հայրենիքը վտանգված է, հիմա այս կայն անձին համակրելու, իդեալական որակներ փնտրելու ժամանակը չէ, պարզապես պետք է կանխել անվերջ զիջումների միջոցով կեղծ «խաղաղություն» քարոզելով` Հայրենիքի կործանումը։

– Այս ամենում մի ուրախալի բան կա․ մարդիկ սկսել են սթափ դատել և համարձակ հակադարձել Փաշինյանի հետ հանդիպումներում․ Բայց այս ամենն, արդյո՞ք, չպետք է արտացոլվի ընտրություններին բարձր մասնակցությամբ, չէ՞ որ որքան շատ քաղաքացի գնա ընտրատեղամաս, այնքան մեծանում է սրանց հեռացնելու շանսը։

– Ծանոթ լինելով ընտրական գործընթացներին, հստակ տեղյակ եմ, որ իրեն հակադարձող քաղաքացիները ուղղորդված չեն, իրենք ունեն արժանապատվություն և թույլ չեն տա լինել որևէ մեկի պատվեր կատարողը, ուստի հընթացս նրանց պիտակավորելը, թերևս, հետապնդում է մյուսներին վախեցնելու նպատակ, որպեսզի նրանք հետ կանգնեն իրենց մտադրությունից և չներքաշվեն սադրանքների մեջ։ Իսկ ընտրություններին մասնակցելու հարցը քննարկելն անգամ իմաստազուրկ է՝ իրեն հարգող յուրաքանչյուր քաղաքացի չի կարող հաշտվել այն մտքի հետ, որ իր ճակատագիրը կարող են որոշել ուրիշները, չի կարելի բողոքել հանրային կարծիքից, բայց անվրդով թույլ տալ, որ հենց այդ հանրությունն էլ կանխորոշի իր և իր սերնդի ողջ կենսակերպն ու իր Հայրենիքի լինել, չլինելու հարցը։