26/05/2026

EU – Armenia

Ռազմավարական նշանակության որևէ համաձայնության չեն հասել

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը ընդունել է Թուրքմենստան այցի հրավերը։ Այդ մասին հայտնի է դարձել Թուրքմենստանի նախագահի գրասենյակի տարածած հաղորդագրությունից։ Չափազանց ուշագրավ է, որ այդ համաձայնությունը տրվել է, երբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեռևս գտնվել է Պեկինում։

Պուտինի երկօրյա այցի ընթացքում թեև քննարկվել է «Սիբիրի ուժ 2» գազատարի հարցը, բայց որոշում չի ընդունվել։ Խոսքը 2600 կիլոմետր երկարության խողովակաշարի մասին է, որ Արևելյան Սիբիրից Մոնղոլիայի տարածքով պետք է հասնի Չինաստան։ Այդ ծրագիրը կողմերը քննարկում են արդեն մոտ երկու տասնամյակ։

Չինաստանի նախագահը Թուրքմենստան կայցելի, ամենայն հավանականությամբ, մինչեւ ընթացիկ տարեվերջ։ Չինական ընկերությունները արդեն իսկ այդ երկրի էներգետիկ համակարգում զգալի դերակատարություն ունեն։

Իհարկե, կանխորոշված չէ, որ Սի Ծինփինի Աշխաբադ այցի ընթացում կողմերը կգան վերջնական համաձայնության, և Թուրքմենստան-Չինաստան գազատարի կառուցումը կմեկնարկի, բայց փաստը, որ Ռուսաստանի նախագահի Պեկին այցից հետո Չինաստանը պարոզորոշ նկատել է տալիս, որ էներգակիրների հարցում այլընտրանք ունի, արդեն իսկ խոսուն է։

Ըստ մամուլի, Թուրքմենստանը կարող է տարեկան 200 միլիարդ խորանարդ մետր գազ արդյունահանել։ Այդ երկրի էներգետիկ ռեսուրսներով հետաքրված է նաև Եվրամիությունը։ Քննարկվել է թուրքեմանական գազը «Հարավային գազային միջանցքով» Թուրքիա, իսկ այնտեղից՝ Եվրամիության երկրներ տարանցելու տարբերակը։

Այս նախագծի լոբբիստ է նաև Ադրբեջանը։ Եվրոպական կառույցների հետ պաշտոնական Բաքվի կոշտ հռետորաբանությունը պայմանավորված է «Ադրբեջանից Եվրամիության էներգետիկ կախվածության» կանխադրույթով։ Եթե Չինաստանը վերջնական որոշում ընդունի և սկսի թուրքմենական գազի արտահանումը, ապա Ադրբեջանի՝ որպես «տարածաշրջանային էներգետիկ հաբի» դերը կնվազի։

Կարևոր է նաև, որ մայիսի 15-ին Ղազախստանում գումարված Թուրքական պետությունների կազմակերպության գագաթաժողովին Թուրքմենստանը չի մասնակցել, թեև ունի դիտորդի կարգավիճակ։ Թուրքմենստանը չի անդամակցում Ռուսաստանի հովանու ներքո կառույցներին՝ ՀԱՊԿ-ին և ԵԱՏՄՆ-ին։

Չինաստանի նախագահի Թուրքմենստան այցը, անկասկած, կարեւորում է այդ երկրի ոչ միայն տարածաշրջանային, այլեւ աշխարհաքաղաքական նշանակությունը։ Չնայած ռուսաստանյան մամուլի ոգեւորվածությանը, պարզ է դառնում, որ Վլադիմիր Պուտինի Պեկին երկօրյա այցը նշանակալի չէր, կողմերը ռազմավարական նշանակության որևէ համաձայնության չեն հասել։