19/06/2026

EU – Armenia

Հայացք կողքից

Միանգամայն հասկանալի է հանրային դժգոհությունը ընդդիմադիր թեկնածուներից եւ, մասնավորապես, այս ընտրությունների ֆավորիտ ուժից` «Ուժեղ Հայաստանից»:

Հրապարակ թերթը գրել է․ Մարդիկ իրենց տված մեկ հատիկ քվեն այնքան են կարեւորում, որ այդ քվեն ստացած եւ իրենց հույսերը չարդարացրած մարդու հանդեպ չարանում են, սկսում են մեղադրել, մերժել եւ անգամ ատել նրան:

Այս բոլոր էմոցիաները հասկանալի են, եւ դա գալիս է նրանից, որ վերընտրված անձը գնալով ավելի անկառավարելի ու անկանխատեսելի է դառնում, եւ հանրությունը մեծ տագնապներ ունի՝ այս իրավիճակի հետ կապված, ու կարծում է, որ մի շատ կարեւոր շանս` երկիրը փրկելու, ճիշտ ուղու վրա դնելու, վտանգները մեզնից հեռացնելու, մենք բաց թողեցինք:

Նրանց վրդովմունքը հասկանալի է, տագնապը` առավել եւս: Բայց իր քվեն ընդդիմությանը տված մարդիկ, որպես կանոն, մտածող, խելացի մարդիկ են, ուստի դեպքերին պետք է նայեն նաեւ հակառակ կողմից: Ինչու չէ` նաեւ ընդդիմության տեսանկյունից: Եթե մենք՝ բոլորս, մեկ հատիկ քվե ենք տվել ու մեզ խաբված ենք զգում, պետք է գիտակցենք, թե ինչքան շատ բան են այս գործընթացի մեջ դրել քաղաքական ուժերը եւ, մասնավորապես` ընդդիմադիրները, որոնք ե՛ւ ռեսուրս են ծախսել, ե՛ւ ժամանակ ու առողջություն են վատնել, ե՛ւ հայտնվել են վերարտադրվելուց հետո արգելակները բաց թողած իշխանության թիրախում:

Ընտրություններից առաջ տոտալ բռնաճնշումներ իրականացրած իշխանությունը, որը հարյուրներով մարդկանց կալանավորեց ու կեղծ մեղադրանքներ առաջադրեց, ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո էլ չի հանգստացել: Թվում է` հաղթողը պետք է բավարարվեր իր արդյունքով, մեծահոգի գտնվեր հակառակորդների նկատմամբ, բաց թողներ բանտերում գտնվողներին, հատկապես` կանանց, բայց նոր հետապնդումների ալիք է սկսվել երկրով մեկ: