01/07/2026

EU – Armenia

Ովքեր «կնշանակեն» Պուտինի իրավահաջորդին

Ռուսաստանի կառավարության «Российская газета» պաշտոնաթերթը հրապարակել է ՌԴ նախագահի օգնական, Ծովային կոլեգիայի նախագահ Նիկոլայ Պատրուշևի հարցազրույցը։

Այդ առթիվ «Նեզավիսիմայա գազետա»-ի գլխավոր Խմբագիր Կոնստանտին Ռեմչուկովը ծավալուն հոդված է հեղինակել, որ ռուսաստանյան վերնախավի կողմնորոշումների մասին բավական հստակ պատկերացում է տալիս։ Բավական է ասել, որ Ռեմչուկովը Պատրուշևին անվանում է «պահպանողականների թեւի ամենաազդեցիկ ներկայացուցիչ» և ընդարձակ մեջբերումներ անում նրա հարցազրույցի այն հատվածներից, որ վերաբերում են Երկրորդ համաշխարհային պատերազմին, սառը պատերազմի շրջանի Արևելյան Եվրոպային։

Ըստ այդմ, Պատրուշևը ֆրանսիացիներին և բրիտանացիներին, ինչպես նաև բոլոր եվրոպացիներին մեղադրել է ֆաշիզմի հետ «համագործակցության» մեջ, իսկ Հունգարիայի 1956 և Չեխոսլովակիայի 1968թ․ դեպքերը անվանել «նացիոնալ-սոցիալիզմի ռեցեդիվ»՝ արդարացնելով խորհրդային զորքերի կողմից հակակոմունիստական ապստամբությունների դաժան բռնաճնշումները։

Ռեմչուկովի հեղինակային հոդվածից կարելի է առանձնացնել երկու չափազանց կարեւոր պահ։ Ի հակակշիռ Պատրուշևի, նա մեջբերել է խորհրդային առաջնորդ Ստալինի 1941թ․ հուլիսի 3-ի ռադիոելույթը, որտեղ նա բարձր է գնահատել եվրոպական ժողովուրդների հակաֆաշիստական շարժումները, Գերմանիայի դեմ պատերազմը համարել Եվրոպական Հիտլերի բռնապետությունից ազատելու «ընդհանուր նպատակ»։

Ենթատեքստը պարզ է: Ռեմչուկովը արձանագրում է, որ նույնիսկ Ստալինը թույլ չի տվել եվրոպացիներին մեղադրել «կոլաբորանտության» մեջ, իսկ ութսունհինգ տարի հետո Պատրուշևը դա արել է։

Երկրորդ և ավելի էական դիտարկումը վերաբերում է 2002թ․ հոկտեմբերին մերձմոսկովյան Դուբրովկայում ահաբեկչությանը, որի մասին Պատրուշևը ասել է, որ Անվտանգության դաշնային ծառայությունը «գտնվել է իր բարձրության վրա, իսկ Արտակարգ իրավիճակների նախարարությունը շփոթահար է եղել»։

Համերգասրահից պատանդներին ազատ արձակելու գործողության ժամանակ պաշտոնական տվյալներով 130 քաղաքացի է սպանվել։ Այդ շրջանում ԱԻՆ-ը գլխավորել է ներկայումս ՌԴ ԱԽ քարտուղարի պաշտոնը զբաղեցնող Սերգեյ Շոյգուն։

«Այլ կերպ ասած, Պատրուշևը ներշնչում է, որ սարսափելի չէ Ռուսաստանի ապագան վերապահել չեկիստներին, իսկ ուրիշների դեպքում կլինի ռիսկային։ Ահա թե ինչու աշխարհի պատրուշևյան ընկալմանը պետք է պատասխանատու և սկզբունքային մոտենալ, որպեսզի ապագան, որի մասին շատերն են գուշակություններ անում, անակնկալ չլինի»,- ամփոփել է «Նեզավիսիմայա գազետա»-ի գլխավոր խմբագիրը։

Կարելի է հետևություն անել, որ Կրեմլում երկրի, ավելի ճիշտ՝ իշխանության, ապագայի հարցը լրջորեն քննարկվում է, բայց «որոշում կայացնողների» շրջանակը չափազանց նեղ է, սահմանափակված է նախկին և գործող ուժայիններով, բայց «եղանակ ստեղծում են չեկիստները»։ Ամենայն հավանականությամբ, նրանք էլ «կնշանակեն» Պուտինի իրավահաջորդին։