Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանը «Բարգավաճ Հայաստանի» ներկայացուցչին ուղղված հարցը ընդդիմադիր մամուլում և սոցիալական հարթակներում բուռն քննարկումների տեղիք է տվել։
ՍԴ դատավորին մեղադրում են «քաղաքական հայտարարություններ անելու» մեջ՝ «մոռանալով», որ հարցը ծագել է ԲՀԿ-ի շահերի պաշտպանի «փաստարկից», որ արևմտյան երկրների առաջնորդների «ի պաշտպանություն Փաշինյանի» արված հայտարարությունները «ազդել են քաղաքացիների կողմնորոշմանը»։
Որքանո՞վ է «հիմնավոր» այդ պնդումը, կպարզի Սահմանադրական դատարանը։
Նիկոլ Փաշինյանին և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը աջակցություն են հայտնել Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների նախագահներ Էմանուել Մակրոնը և Դոնալդ Թրամփը։ Բայց նրանք Ֆրանսիայում և ԱՄՆ-ում բնակվող ՀՀ քաղաքացիներին քվեարկության օրը Երևան մեկնելու և Փաշինյանի օգտին քվեարկելու ուղղությամբ ոչ մի քայլ չեն ձեռնարկել։
Ավելին, Երևան պետական այցի ընթացքում Ֆրանսիայի նախագահի գլխավորած պատվիրակության կազմում ընդգրկվել է նաև ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը։ Երևանում նա լրագրողներին ասել է, որ Հայաստանի ԱԺ ընտրությունների հարցում Ֆրանսիայի նախագահի դիրքորոշումը չի կիսում և ամեն ինչ անելու է, որպեսզի Փաշինյանը չվերընտրվի։
Մակրոնի Հայաստան այցից մի քանի օր առաջ Փարիզում ՀՅԴ-ն Սփյուռքի «զորաշարժի» միջոցառում է կազմակերպել և Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու նպատակ հռչակել։ Հակափաշինյանական մի շարք հավաքներ կազմակերպել է նաև ANCA-ն՝ ԱՄՆ հայ համայնքի ամենահեղինակավոր կառույցը։
Ռուսաստանի Դաշնության տարածքում ի աջակցություն Նիկոլ Փաշինյանի որևէ միջոցառում չի կազմակերպվել։ Փոխարենը ընդդիմության երեք կուսակցություններից մեկի օգտին քվեարկելու պաշտոնական հայտարարությամբ հանդես է եկել Ռուսաստանի հայերի միությունը։ Նույն տեքստը տարածել են ՌՀՄ տարածաշրջանային կառույցները։
Ռուսաստանում բնակվող Հայաստանի քաղաքացիներին կոչով դիմել է Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը։ Հակափաշինյանական քարոզչությանը ներգրավվել են Ռուսաստանում բնակվող գրեթե բոլոր աչքի ընկած հայերը։
Պատկերը բավական խոսուն է: Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների իշխանությունները իրենց երկրում բնակվող Հայաստանի քաղաքացիներին հօգուտ Փաշինյանի քվեարկելու չեն ուղղորդել, տեղի հայկական կառույցները ա նրա և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դեմ ազատ հակաքարոզչություն են իրականացրել, իսկ Ռուսաստանի հայերի միությունը, ՀԱԵ երկու թեմերը, ռուսաստանաբնակ հայ գործարարները, հանրային քիչ թե շատ ճանաչում ունեցող անձինք միանշանակորեն սատարել են ընդդիմության երեք կուսակցություններին։
Սահմանադրական դատարանի համար, գուցե, դժվար կլինի այս իրողությանը իրավական գնահատական տալ, բայց դրանից չի հետևում, թե հետեւություններ չպետք է արվեն։ ՍԴ-ն իրավասու է և կարող է նման իրավիճակներից օրինական իմունիտետի մասին առաջարկություններ ներկայացնել, այդ թվում՝ որպես սահմանադրական կարգավորում։

Բաց մի թողեք
Մոսկվան և Բաքուն «տեղեկատվական պատերազմ են սկսել»
Ովքեր «կնշանակեն» Պուտինի իրավահաջորդին
Էրդողանի առաջին արձագանքը Հայոց ցեղասպանության ճանաչմանը