02/07/2026

EU – Armenia

Ղազախստանը «իրական ժողովրդավարության հասնելու երկար ճանապարհ պիտի անցնի»

Ղազախստանում ուժի մեջ է մտել նոր սահմանադրությունը։ Ի՞նչ նորություն է այն բերում երկրի ավելի քան քսաներկու միլիոն բնակչությանը։ Լուծարվում է խորհրդարանի վերին պալատը՝ Սենատը։

Այսուհետև Ղազախստանը կունենա միապալատ խորհրդարան՝ Կուրուլթայ, որ կազմված կլինի 145 պատգամավորից։ Արմատապես փոխվում է խորհրդարանի ընտրության կարգը, կգործի միայն համամասնական ընտրակարգ, այսինքն՝ պատգամավորները կընտրվեն կուսակցական ցուցակներով։

Գնահատելով Ղազախստանի պետական նոր համակարգը, նախագահ Տոկաևը ժողովրդին հղած ուղերձում օգտագործել է այս ձեւակերպումը․ «Ուժեղ նախագահ, ազդեցիկ խորհրդարան, հաշվետու կառավարություն»։

Իշխանամետ tengrinews-ը ներկայացրել է սահմանադրությամբ Ղազախստանի Կուրուլթայի պատգամավորին ներկայացվող այս պահանջները․ նա պետք է նվազագույնը 25 տարեկան լինի, ունենա միայն Ղազախստանի քաղաքացիություն և վերջին 10 տարվա մշտական բնակություն։

Նոր սահմանադրությամբ Ղազախստանի նախագահը փոխնախագահին և վարչապետին, ինչպես նաև դատավորներին, ԿԸՀ անդամներին և Բարձրագույն աուդիտորական պալատի անդամներին նշանակում է Կուրուլթայի համաձայնությամբ։

Նախագահը ստանում է գլխավոր դատախազին, Գերագույն և Սահմանադրական դատարանի նախագահին նշանակելու իրավունք։ Կուրուլթայը կունենա նախագահի «վետո»-ն հաղթահարելու իրավունք, եթե օրենքների ընդունման հարցում տարաձայնություններ ծագեն։

Ղազախստանում ավելի քան քսանհինգ տարի իշխանությունը լիովին պատկանել է նախագահին, իսկ քաղաքական համակարգը եղել է միակուսակցական։ Մայիսի 26-ին նախկին նախագահ Նազարբաևի հիմնադրած «Նուր օթան» կուսակցությունը «կամավոր միավորվել» է «Ադելեթ»-ին։

Փորձագետները համարում են, որ Ղազախստանը «իրական ժողովրդավարության հասնելու երկար ճանապարհ պիտի անցնի»։ Այդուհանդերձ, նրանք ընդունում են, որ Տոկաևի «բարեփոխումները կարող են հաղթահարել նախկին իշխող համակարգի դիմադրությունը»։

Հուլիսի 1- ին Տոկաևը Կուրույլթայի ընտրությունների օր սահմանել է օգոստոսի 23-ը։ Ամենայն հավանականությամբ, վերակազմավորված «Ադելեթ» կուսակցությունը միապալատ խորհրդարանում մեծամասնություն կկազմի։

Ղազախստանում նոր սահմանադրության ընդունումը, անցումը միապալատ խորհրդարանի և համամասնական ընտրակարգի սահմանումը վկայում է, որ նախագահ Տոկաևը հավատարիմ է խոստմանը և գոնե ֆորմալ առումով այդ երկրում այլևս «ժառանգական իշխանություն» չի հաստատվի։

Թուրքական աշխարհը ինչպե՞ս կարձագանքի Տոկաևի բաեփոխումներին։ ԹՊԿ անդամ Ադրբեջանում և Թուրքմենստանում իշխանությունը ժառանգական է, Թուրքիայի նախագահ Էրդողանը պատրաստվում է երրորդ ժամկետով նախագահի թեկնածու առաջադրվել, իսկ Տոկաևը խոստացել է լիազորությունների ավարտին քաղաքականությանը հրաժեշտ տալ։

Ղազախստանը ավտորիտարիզմից անցնում է «կառավարելի ժողովրդավարության», բայց դա, որքանով հասկացվում է ղազախստանցի քաղաքագետների մեկնաբանություններից, նույնպես փորձություն է։