03/07/2026

EU – Armenia

Այսօր սպասվում է ամենաշոգ օրը. հուլիսի 4-ից ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կնվազի 5-7 աստիճանով

Առաջիկա 5 օրերին Հայաստանի տարածքում սպասվում է մթնոլորտային շրջանառության էական փոփոխություն։

Ըստ Գագիկ Սուրենյանի՝ թեև այսօր հանրապետությունը դեռևս գտնվում է տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, սակայն շուտով իրավիճակը կփոխվի։ Այսօր կանխատեսվում է ամենաբարձր ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում։

«Այսօր Հայաստանը գտնվում է հարավից, հարավ-արևմուտքից ներթափանցած արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում։ Ամենատաք գոտին կլինի Արարատյան դաշտը և Երևանը, որտեղ ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 34-ից 36 աստիճանի։

Սակայն տաք եղանակը երկար չի պահպանվի։ Արդեն այսօր՝ ուշ երեկոյան ժամերից սկսած, տաք օդի ալիքը կնահանջի դեպի հարավ՝ իր տեղը զիջելով Սև ծովի շրջաններից ներթափանցող ցուրտ օդային հոսանքներին, որոնք գալիս են հյուսիս-արևմուտքից։

Այսպիսով, օդի ջերմաստիճանը հուլիսի 4-ից հանրապետության ողջ տարածքում այսօրվա համեմատ կնվազի 5-7 աստիճանով։

Ջերմաստիճանի անկմանը զուգահեռ սպասվում են նաև տեղումներ։ Այսօր՝ ուշ երեկոյան, առանձին շրջաններում, իսկ հուլիսի 4-ի գիշերը և հետկեսօրյա ժամերին շրջանների զգալի մասում սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ»,- նշել է Սուրենյանը։

Օդերևութաբանը նախազգուշացնում է նաև հնարավոր վտանգավոր երևույթների մասին․ «Առանձին հատվածներում դրանք կլինեն հորդառատ, տեղ-տեղ՝ կարկուտ։ Ցավոք, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ մինչև 18-23 մետր-վայրկյան արագությամբ»: