05/07/2026

EU – Armenia

Սյունիքի սրտում համախմբվել են համաշխարհային երաժշտարվեստի նշանավոր ներկայացուցիչներ. կայացել է «Կապան Ֆեստ»-ը. Լուսանկարներ

Հուլիսի 4-ին պաշտոնապես մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը՝ արդեն չորրորդ տարին անընդմեջ Սյունիքի սրտում համախմբելով համաշխարհային երաժշտարվեստի նշանավոր ներկայացուցիչներին, երիտասարդ տաղանդներին և արվեստասեր հանդիսատեսին, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Փառատոնի բացման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանը, պաշտոնատար այլ անձինք, երաժիշտներ, մշակութային գործիչներ, բազմաթիվ հյուրեր:

65.jpg (194 KB)

Փառատոնն անցկացվում է ԿԳՄՍ նախարարության ֆինանսական աջակցությամբ: Փառատոնի կայացմանն աջակցում են նաև Կապանի համայնքապետարանը, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը և գործընկեր այլ կազմակերպություններ:

10 օր նախատեսվող «Կապան Ֆեստ 2026»-ի շրջանակում Կապանում հյուրընկալվել են աշխարհահռչակ մենակատարներ, կամերային երաժշտության հեղինակավոր արտիստներ։ Փառատոնի համերգային ծրագրերը ներառում են դասական, կամերային և ժամանակակից երաժշտության բացառիկ կատարումներ, ստեղծագործական համագործակցություններ և երաժշտական նոր ձևաչափեր։

Փառատոնի կարևոր բաղադրիչներից է «Կապան Ֆեստ Ակադեմիան», որի շրջանակում աշխարհի տարբեր երկրներից ընտրված երիտասարդ երաժիշտները մասնակցում են ինտենսիվ վարպետության դասերի, աշխատում միջազգային հեղինակություն վայելող արվեստագետների հետ և բեմ են բարձրանում նրանց կողքին։

63.jpg (147 KB)

Այս տարի ևս փառատոնի հատուկ իրադարձություններից է համաշխարհային ճանաչում ունեցող Florian Leonhard Fine Violins ընկերության բացառիկ ցուցադրությունը։ Փառատոնի հյուրերը հնարավորություն կունենան տեսնելու և ծանոթանալու լեգենդար վարպետներ Անտոնիո Ստրադիվարիուսի և Ջուզեպպե Գվարների դել Ջեզուի եզակի լարային գործիքներին, որոնք համաշխարհային մշակութային ժառանգության բացառիկ նմուշներ են։

«Կապան Ֆեստ 2026»-ի շրջանակում առաջին անգամ Հայաստանում կներկայացվի նաև «Վիեննական երեկո Կապանում» հատուկ ծրագիրը։ Դիմակահանդեսային մթնոլորտում անցկացվող միջոցառունը կմիավորի վիեննական վալսը, օպերային երաժշտությունը և ջազային կատարումները՝ ստեղծելով եվրոպական մշակութային ավանդույթների յուրահատուկ շունչ Կապանում։

64.jpg (144 KB)

Փառատոնի բոլոր համերգները բաց են հանդիսատեսի համար, իսկ կրթական ծրագրերին և վարպետության դասերին հնարավորություն ունեն մասնակցելու նաև երիտասարդ երաժիշտներ՝ որպես հյուր մասնակիցներ։